Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտցիներ. «Անգամ ամուսնուս «Առավոտում» հանդիպեցի»

Հուլիս 07,2014 14:40

«Առավոտում» անցկացրած տարիների մասին է
հիշում առավոտցի Նաիրա Հովհաննիսյանը

1997 թվականին նախատեսվել էր «Առավոտ» օրաթերթը 16 էջով հրապարակել, մեկ ամբողջ էջ կրթության եւ գիտության ոլորտին էր տրամադրվելու, էջին պատասխանատու էր անհրաժեշտ: Հենց այդ ժամանակ թափուր աշխատատեղի համար դիմեց Նաիրա Հովհաննիսյանը, եւ այդուհետ սկսվեց նրա լրագրողական կյանքը «Առավոտ» օրաթերթում:
«Առավոտի» 20-ամյակին ընդառաջ՝ ամենշաբաթյա «Առավոտցիներ» շարքում այս անգամ անդրադառնալու ենք 1997-2002թթ. օրաթերթում կրթության եւ գիտության էջի պատասխանատու Նաիրա Հովհաննիսյանին: Աշխատել է ԿԳՆ պաշտոնաթերթ «Դպրոց» պարբերականում, թղթակցել է «Հետք», «TV ալիք» թերթերին, եղել է Հետաքննող լրագրողների ընկերակցության անդամ: Այժմ ընտանիքի հետ ապրում է ԱՄՆ-ում:
«Առավոտում» աշխատանքը սկսելու մասին պատմում է. «TV ալիք» շաբաթաթերթի այժմյան գլխավոր խմբագիր Սերգեյ Հարությունյանը լսել էր, որ «Առավոտում» կրթության էջի համար լրագրող են փնտրում, ինձ ասաց՝ գնա, դիմիր: Լրագրողական մեծ փորձ դեռ չունեի: Միայն երկու տարի էր, ինչ աշխատում էի կրթության եւ գիտության նախարարության «Դպրոց» պաշտոնաթերթում ու այդ համակարգի մասին գրող հատուկենտ լրագրողներից էի: Հետեւեցի Սերգեյի խորհրդին, որը լրագրողական դաշտում ինձ համար հեղինակություն էր, նաեւ բարեկամս, ու գնացի «Առավոտ»:

nara-hovhannisyan-5-1

Նաիրան՝ ամուսնու եւ որդու հետ:

Նաիրան հիշում է՝ այդ տարիներին «Առավոտում» աշխատելը ցանկացած լրագրողի համար երազանք էր, բնորոշում է՝ լրատվամիջոցում անսահմանափակ լրագրողական ազատություն կար ու բարձր աշխատավարձ: «Շատ համարձակ ու ինքնավստահ էինք, քանի որ ինչ էլ գրեինք, գիտեինք՝ խմբագիրը՝ Արամ Աբրահամյանը, մեր թիկունքին կանգնած էր, իր լրագրողին պաշտպանում էր ու վստահում: Դրանից էլ ավելի շատ պատասխանատվություն էիր զգում, գիտեիր, որ աշխատանքդ բարեխղճորեն պիտի կատարես, քանի որ խմբագրիդ ու թերթիդ հեղինակությունը քեզանից է կախված»:
Պատմում է, որ «Առավոտն» այդ տարիներին առաջին ու միակ օրաթերթն էր, որ կրթության եւ գիտության ոլորտին մեկ էջ էր տրամադրում, իր համար միշտ չէ, որ հեշտ էր ամեն օր այդ ոլորտին վերաբերող հրատապ ու հետաքրքիր նյութեր գրելը: «Եթե կրթության ոլորտում որեւէ աղմկահարույց իրադարձություն էր լինում, առաջինը մենք պետք է գրեինք այդ մասին, հակառակ դեպքում Արամ Աբրահամյանը աշխատավարձի 10 տոկոսը կրճատում էր: Բայց եթե լավ հոդված էիր գրում ու մեծ արձագանք էր գտնում, տասը տոկոսի չափով պարգեւատրում էիր ստանում: 16 էջանոց նոր «Առավոտի» առաջին պարգեւատրումը ես ստացա. Լեզվի պետական տեսչության մասին նյութ էի գրել, պետը զանգել էր խմբագրին, ինձանից բողոքել: Առաջին արձագանքներից մեկն էր հրապարակումներին, շեֆը (Արամ Աբրահամյանին այդպես էինք դիմում- Ն. Հ.) շատ էր ուրախացել, բայց հենց հաջորդ օրը էջս ժամանակին չներկայացնելու համար պատժեց: Մեզ մոտ կարգուկանոնը առաջին հորիզոնականում էր»,- պատմում է Նաիրա Հովհաննիսյանը:

Նաիրան ասում է՝ միշտ հպարտությամբ էր ներկայանում որպես «Առավոտ» օրաթերթի թղթակից: «Պաշտոնյաները ամենաշատը մեր թերթի հրապարակումներից էին վախենում: Լրատվական դաշտի ամենաազդեցիկ լրատվամիջոցներից էր եւ հիմա էլ, համոզված եմ, նույն դերն ունի մեր իրականության մեջ: Առանց թերթի կյանքս չէի պատկերացնում, նույնիսկ, երբ արձակուրդ էի գնում, ամեն առավոտ շտապում էի կրպակից «Առավոտ» գնել ու հաճախ չէի հասցնում, թերթն արագ սպառվում էր»,- հիշում է նա:
Նաիրա Հովհաննիսյանը շեշտում է՝ երիտասարդ լրագրողի համար «Առավոտը» անփոխարինելի դպրոց էր. լրագրողական դաշտի լավագույն լրագրողներն էին աշխատում կամ թղթակցում օրաթերթում: Այն լրագրողական նյութերը, որոնք այլ թերթեր վախենում էին հրապարակել, լրագրողները «Առավոտ» էին տանում, սակայն ցանկացած հրապարակում պետք է համապատասխաներ լրատվամիջոցում ամրագրված սկզբունքներին. այն պետք է լիներ հավասարակշռված, լրագրողը նյութում պետք է բոլոր կողմերի կարծիքները ներկայացներ:

«Առավոտն» ինձ համար աշխատավայր չէր, իմ ընտանիքն էր,- ասում է Նաիրա Հովհաննիսյանը ու նշում, որ այդպես է նաեւ հիմա՝ 12 տարի հետո,- նախկին եւ ներկա բոլոր առավոտցիները ինձ հարազատ ու սիրելի են: Ֆեյսբուք սոցիալական ցանցի շնորհիվ մշտական կապի մեջ եմ բոլորի հետ ու այնպիսի զգացում ունեմ, որ դեռ իմ ամենասիրելի թերթի անբաժան մասն եմ: Երեւան գալիս առաջին այցելություններիցս մեկը խմբագրությունն է՝ «հորանց տուն»:

Խոսելով խմբագրությունում տիրող մթնոլորտի ու գեղեցիկ ավանդույթների մասին՝ ասում է. «Տոները, իրադարձությունները միշտ միասին էինք նշում: Դժվար պահերին միշտ իրար աջակից էինք: Պատահական չէր երեւի, որ ամուսնուս՝ ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Ռուբիկի հետ հենց խմբագրությունում հանդիպեցի: Երբ արդեն որոշել էինք, որ պետք է ամուսնանանք, ու ես պետք է ԱՄՆ մեկնեմ մշտական բնակության, Արամ Աբրահամյանի կեսկատակ-կեսլուրջ մաղթանքն էր, որ ամուսնությունս չստացվի ու հետ վերադառնամ «Առավոտ»: Ինձ շատ զգացված ու գնահատված զգացի այդ պահին: Հիմա ամուսինս ու տղաս էլ «Առավոտի» մեծ ընտանիքի մի մասն են»:

«Առավոտի» կրթության եւ գիտության էջի նախկին պատասխանատուն այժմ օրաթերթի հրապարակումներին հետեւում է առցանց տարբերակով: «Նյութերը սուր, դիպուկ, հումորով, հրատապ ու հավասարակշռված են: Աշխատակազմը տարիների հետ փոխվում է, թարմացվում երիտասարդ ու տաղանդավոր կադրերով, բայց մթնոլորտը նույնն է՝ ջերմ, ընտանեկան, մարդկային ու մասնագիտական բարձր որակ»,- ասում է առավոտցի Նաիրա Հովհաննիսյանը եւ 20-ամյա «Առավոտին» մաղթում, որ տարիների հետ բոլոր լավագույն ավանդույթները միշտ վառ մնան:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031