Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Շաքարյան. «Դավութօլուն չի գալու լուռումունջ ծաղիկ դնելու»

Սեպտեմբեր 04,2014 11:55

«Թուրքիայում ոչինչ չի փոխվել, ղեկավար Էրդողանը մնացել է ղեկավար, օգնական Դավութօղլուն մնացել է Դավութօղլու: Այն քաղաքական ուժը, որ եղել է Թուրքիայում, պահպանվելու է»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նա ուշադրության հրավիրեց սեպտեմբերի 4-5-ին անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վրա և շեշտեց. «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայի համար խնդրահարույց է: Արևմտյան ուժերը Թուրքիայից պահանջներ ունեն: Միջազգային հանրությունը Թուրքիայից պահանջում է իսլամական պետության դեմ հստակ կեցվածք: Ընդհանրապես ՆԱՏՕ-ն փորձում է կազմակերպել կոալիցիա, որը ռազմական ուժով պիտի փորձի ճնշել այդ իսլամական պետությունը, ինչին խուսափում է Թուրքիան հստակ պատասխան տալ»:
Խոսելով այս հարցում պատճառների մասին՝ թուրքագետը նշեց. «Պատճառն այն է, որ հունիսից սկսած քառասունինը թուրք պատանդներ իսլամական պետության գրոհայինների ձեռքում են: Թուրքիայի յուրաքանչյուր քայլ ընդդեմ այդ պետության, կնշանակի, որ այդ անձինք կգլխատվեն»:

Ըստ Արտակ Շաքարյանի՝ Դավութօղլուի կառավարությունը անցումային է, իսկ Էրդողանը՝ որպես նախագահ, դեռ հզորանալու տեղ ունի. «Էրդողանը հզոր նախագահ դառնալու համար 2015-ին խորհրդարանական ընտրություններին պետք է հասնի նրան, որ խորհրդարանում ունենա պատգամավորների ճնշող մեծամասնությունը, որպեսզի կարողանա փոխել Սահմանադրությունը և ավելի հզորանալ»:

Կրկին անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ պարոն Շաքարյանը նշեց, որ դրա մյուս թիրախը հակառուսական կոալիցիայի ստեղծումն է, որից նույնպես Թուրքիայում փորձում են խուսափել:

Թուրքագետի կարծիքով՝ այժմ Էրդողանը փորձում է այս իրավիճակից ուշադրություն շեղելու համար նոր հարցեր առաջ քաշել, ասենք, Ղարաբաղի հարցը: Արտակ Շաքարյանը շեշտեց նաև սեպտեմբերի 6-7-ը՝ հիշեցնելով, որ սա հույների, հրեաների հանդեպ ջարդերի տարելիցն է:

Aravot.am-ի հարցին՝ Թուրքիայի նախագահի՝ Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու հրավերն ընդունե՞լն է մեզ ձեռնտու, թե՞ մերժելը, Արտակ Շաքարյանը պատասխանեց. «Դիվանագիտական առումով ևս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ նախաձեռնող ենք և գնդակը միշտ գցում ենք Թուրքիայի դաշտ և պահանջները Թուրքիայից են: Մենք ցույց ենք տալիս, որ մեկնում ենք մեր բարեկամական ձեռքը Թուրքիային և այդ Թուրքիան է, որ մերժում է: Մեր ԱԳ նախարարությունը ցույց տվեց, որ նախաձեռնող է»:
Արտակ Շաքարյանի կարծիքով՝ նախընտրական իրավիճակը հաշվի առնելով, ազգայնականների ձայներն իր դեմ չուղղելուց խուսափելու համար, երևի թե Էրդողանը չի գա ՀՀ, բայց կուղարկի Դավութօղլուին, որը կգա ու կխոսի իր արդար հիշողության մասին, դա նրա համար սիրելի թեզ է:

Ըստ Արտակ Շաքարյանի՝ Դավութօղլուն չի գալու լուռումունջ ծաղիկ դնելու և Թուրքիայի տեսանկյունից շատ ավելի ճիշտ կլինի, որ գա ու հավաքի CNN և BBC և փոխանցի ապրիլի 23-ի իր ուղերձները, որ գլուխ է խոնարհում նաև թուրք զոհերի առաջ: Ըստ թուրքագետի՝ նման ուղերձների բարձրաձայնումը ՀՀ-ին ձեռնտու չէ:

Մեր դիտարկմանը, փաստորեն ՀՀ ԱԳՆ-ն որտեղ որ պետք է նախաձեռնող չէ, այս հարցում նախաձեռնողականությունը փաստորեն տեղի՞ն չ՞ր, Արտակ Շաքարյանը պատասխանեց. «Հեշտ է բազմոցին նստել ու որոշել՝ այ, եթե ես լինեի ԱԳ նախարար, ինչ կանեի: Բայց երբ ստանում ես այդ որոշումը կայացնելու բարդությունը, ապա տեսնում ես, որ բազում ռիսկային գործոններ կան: Մյուս կողմից ավելի լավ է քննադատենք սխալ քայլի մեջ, քան ոչինչ չանելու մեջ: Հրավերը հետաքրքիր քայլ էր, յուրահատկություն մտցրեց իրավիճակում: Իսկ եթե չհրավիրեինք, մեկ է՝ իրենք գային, ոչ ոք չէր կարող արգելել Դավութօղլուի ինքնաթիռին: Եթե անելու է, թող մեր հրավերով անի, եթե չի գալու, թող մեր հրավերը մերժի: Հրավիրելը ճիշտ էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930