«Ժողովուրդն իր հանրաքվեն վաղուց կատարել է՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում իր ձայնը տալով։ ՀՀ ընտրողները տվել են իրենց գնահատականը։ Այս քաղաքական ուժը չունի ձայների այն հավասարակշռությունը, որով կկարողանա սահմանադրական հանրաքվե կատարել»,- ՔՊ-ից հնչող այն դիտարկումներին, թե ընդդիմությունը թույլ չի տալիս, որ սահմանադրության փոփոխության հարցը ժողովուրդը հանրաքվեով որոշի, այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Դիմելով իշխող ուժի ներկայացուցիչներին՝ ասաց․ «Որքան էլ պատռեն իրենց կոկորդը, միևնույն է՝ ավելի քան ակնհայտ է, որ այս սահմանադրությունը ձևվում է, այս սահմանադրության դիզայնը կատարվում է Բաքվում, ինչպես ՀՀ ներքին օրակարգերն են ձևավորվում և թելադրվում Բաքվում»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը նա ձևակերպեց որպես քաղաքական լարախաղացություն ու նշեց․ «Մի ոտքը Բրյուսել, մեկը՝ Մոսկվա։ Այս բոլորը խոսում է այն մասին, որ ՀՀ-ն չունի կայուն ինքնութենական կենսահամակարգ, որը կկարողանա կասեցնել ՀՀ-ի կապիտուլյացիոն շղթան։ Չեմ բացառում, որ այդ նույն խանդավառությամբ այդ նույն քաղաքական ուժը ինչպես Բրյուսելին քաղաքական քծնանքով է վերաբերվում, նույն վերաբերմունքը ունի Մոսկվայի նկատմամբ։ ՔՊ ներկայացուցիչ քաղաքական շատ դեմքեր շռնդալից հաճոյախոսություններ են անում ՌԴ-ին։ Սա նույնքան անլուրջ է, որքան այն բանանը, որը դարձավ քննարկման առարկա։ Ամոթով եմ դա գնահատում։ Ի վերջո, Փաշինյանը ներկայացնում է Հայաստանը։ Էս բանանի հակագեղագիտությունն ինձ համար անընդունելի է, չեմ կարողանում հարմոնիզացնել։ Եթե ուզում էր ուղերձ տալ, որ ՀՀ-ն բանանային երկրի է վերածվել, որը չունի սեփական օրակարգ, քաղաքականություն, ինքնությունը կորցրած է, ապա իրեն դա հաջողվել է։ Եթե Էրդողանի գիրքը կրծքին դնելուց հետո կրծքին բանանն է դնում, գուցե դա էլ բովանդակային հարազատություն ունի։ Եթե ջերմություն էր ուզում տանել Թուրքիայից բանանի տեսքով, միգուցե դա էլ բացատրություն ունի, բայց այս ամենն ինձ համար նվաստացնող ու անլուրջ է, քանի որ Փաշինյանին աշխարհը նույնացնում է մեզնից յուրաքանչյուրի հետ»։
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































