Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցչուհու խոնարհումը Գալուստ Սահակյանին PR չապահովեց»

Սեպտեմբեր 08,2014 13:00

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ին այցելեց թիվ 185 հիմնական դպրոց, որտեղ երկար տարիներ տնօրեն է եղել հենց ինքը: Իր ելույթում ԱԺ նախագահը նշել էր, թե «Սեպտեմբերի մեկը հայ ժողովուրդը դեռ հին ժամանակներից է տոնում», նա դպրոցը համեմատելով եկեղեցու հետ, նաեւ ասել էր, «եթե չինովնիկներն ուզում են մաքրվել, բյուրեղանալ, ապա տարին մի քանի անգամ պետք է այցելեն դպրոց»: Գալուստ Սահակյանի ելույթին հաջորդել էր հայոց լեզվի ուսուցչուհու խոնարհումը ԱԺ նախագահի առջեւ, որը նաեւ հայտարարել էր՝ թե բացառիկ օր է դպրոցի համար, իրենք երեսուն տարով հետ գնացին, քանի որ, ընկեր Սահակյանը մենակ չի եկել, այլ՝ «մի ամբողջ շտեմարան է բերել ճամպրուկի…» եւ այլն:

Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ դրա մեջ զարմանալի բան չկա, սակայն բոլոր պաշտոնական արարողակարգերը ձեւական կողմ ունեն, ինչ վերաբերվում է ուսուցչուհու ելույթին, ապա, ըստ նրա, դա բնորոշում է ուսուցչուհու դիրքորոշումը, քանի որ կան սոցիալական ստատուսների մակարդակներ. «Երբ նա նմանատիպ ձեւով է հանդես գալիս, չի մտածում, որ կոնկրետ իր եւ իր դպրոցի մակարդակի է համապատասխանում, այլ ներկայացնում է ողջ հանրապետության դպրոցական ուսուցչական անձնակազմին: Այնպես որ, նրա մոտ խմբային արժեքների կրողի մակարդակը չի ձեւավորվել»: Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ նմանատիպ տեսարանները հաստատ ո՛չ PR ապահովեցին Գալուստ Սահակյանին, եւ ոչ էլ հեղինակությունը բարձրացրեցին:

Անդրադառնալով մեկ այլ փաստի՝ օրերս տարածված այն տեսանյութին, որտեղ շտապ օգնության ավտոմեքենան մնում է փողոցում այնքան ժամանակ, մինչեւ նախագահական շարասյունը կանցնի փողոցով, Ահարոն Ադիբեկյանը կարծիք հայտնեց, որ օրինակ ԱՄՆ-ում այս հարցերն այլ կերպ են կարգավորվում, իսկ մեզ մոտ շտապ օգնության ավտոմեքենան կամ պետք է փոխեր ճանապարհը, կամ էլ՝ «վարորդը պետք է թքած ունենար ու քշեր անցներ, որովհետեւ իրեն իրավունք է տրված, եթե իր ավտոմեքենայում հիվանդ է պառկած: Վարորդի մեղքն է, ուրեմն նա թուլակամ է»:

Խոսելով նմանատիպ տեսարանների պատճառով ՀՀԿ-ի հնարավոր վարկաբեկման մասին՝ սոցիոլոգը խորհուրդ տվեց մարդկանց կարդալ Հանրագիտարանում իր հեղինակած «Քաղքենիություն» հոդվածը. «Մեր հասարակության զգալի մասը քաղքենական մշակույթի կրող է, դրա համար նման տեսարանները միայն քաղքենիների վրա դրական կազդեն, այն բարեկիրթը, որը վեր է քաղքենական նախապաշարմունքներից, կասի, որ բոլոր դեպքերում ճիշտն այն էր, որ շտապ օգնության ավտոմեքենան անցնի, հետո նախագահականը, ուսուցիչը չքծնի եւ այլն»:

Դիտարկմանն էլ՝ ՀՀԿ-ում քաղքենիները շա՞տ են, թե՞ քիչ. մեր զրուցակիցը նշեց. «Բարդ հարց է, չնայած ես ուսումնասիրել եմ կուսակցությունները, բայց նմանատիպ գնահատական տալու համար պետք է մտնել նրանց տուն, մեռելատուն, հարսանիք եւ այլն: Քաղքենիությունը Հայաստանում ընդհանուր բան է ու այն շփոթում են մոդայիկության հետ»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930