Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի մանուկ և պատանի մասնակիցները հաղորդակցվել են եվրոպական գրականությանը, մշակույթին

Մայիս 05,2024 15:24 Share

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» կրթամշակութային ծրագիրը Լոռու մարզի Սպիտակի քաղաքային գրադարանում ամփոփվել է:

Երեք օրերի ընթացքում` ընթերցանության, քննարկումների, մշակութային ժառանգության պատմության և նկարչության վարպետության դասերի միջոցով ծրագրի մանուկ և պատանի մասնակիցները հաղորդակցվել են եվրոպական գրականությանը, մշակույթին, սովորել են նկարչական արվեստի հիմունքներն ու կատարելագործել հմտությունները:

Ճամբարի վերջին օրը՝ մայիսի 4-ին, անգլիացի գրող Դեյվիդ Լիչֆիլդի «Արջն ու դաշնամուրը, շունն ու ջութակը» գրքի ինտերակտիվ հեքիաթապատումից հետո երեխաները ոգևորությամբ քննարկել են ստեղծագործության բովանդակությունն ու արտահայտել իրենց մտքերն ու տպավորությունները:

Նկարչության վարպետության դասընթացի շրջանակում երեխաներն ավարտել են նախորդ օրերին մեկնարկած աշխատանքները: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանի ղեկավարությամբ երեխաները սովորել են նկարչության հիմունքները, զարգացրել ստեղծագործական միտքն ու կարողությունները՝ արտահայտելով իրենց գաղափարներն ու զգացմունքները: Նշենք, որ առաջիկայում երեխաների նկարչական աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Ամփոփելով եռօրյա կրթամշակութային ծրագիրը` վիկտորինաների և հարցուպատասխանի միջոցով երեխաներն ամրապնդել են ճամբարային օրերին ձեռքբերված գիտելիքները` եվրոպական երկրների պատմության, գրականության, մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» նախագիծը կազմակերպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Այն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրում գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» հեղինակային նախագծի շրջանակում:

Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավելի քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակում էլ իրականացվում է «Եվրոպական ժառանգության պատմություններ» նախագիծը:

Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 27-ին՝ Սպիտակի համայնքային գրադարանում, մարտի 29-ին՝ Աչաջուրի գրադարանում:

ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031