Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ թեկնածուն Դավիթ Հակոբյանն է». Ստյոպա Սաֆարյան

Հոկտեմբեր 04,2014 00:06

«Խորին հարգանք ունենալով թեկնածուներից շատերի հանդեպ, բավականին լավ գնահատելով նրանց անցած ճանապարհը՝ այնուամենայնիվ, ինձ համար, կարծում եմ, աներկբա է, որ ոչ միայն Դավիթ Հակոբյանը պատիվ կունենար Հայաստանը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այլեւ Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները պատիվ կունենան նման դատավոր ունենալու»,- Aravot.am-ի հետ զրույցում ՄԻԵԴ դատավորի թեկնածու Դավիթ Հակոբյանի մասին այսպիսի տեսակետ հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Դավիթ Հակոբյանը ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության 2-րդ փուլ է անցել: Ստյոպա Սաֆարյանն առաջին հերթին գնահատում է Դավիթ Հակոբյանի բարձր մասնագիտական կարողությունները. «Ես ծանոթ եմ նրա կողմից պատրաստած տարբեր փաստաթղթերի եւ ընդհանրապես նրա կատարած աշխատանքին, չափազանց բարձր եմ գնահատում նրա կրթական ցենզը՝ թե՛ Հայաստանում լավ կրթություն ստանալու, թե՛ արտերկրում ստանալու առումով: Ես կարծում եմ, որ Դավիթ Հակոբյանը տվյալ պարագայում լավագույն թեկնածուն է եւ ոչ միայն իմ թեկնածուն է, այլ կարծում եմ, շատ շատերի թեկնածուն կարող է լինել: Նա իր աշխատանքով էապես նպաստել է Հայաստանում ե՛ւ արդարադատության կայացմանը, ե՛ւ բարեփոխումներին եւ եվրոպական դատարանում արդար վճիռների կայացմանը»:

Նշենք, որ Դավիթ Հակոբյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2008-ի մարտի 1-ին նվիրված արտահերթ զեկույցի պատրաստմամբ զբաղվող փորձագիտական խմբում:

Նա ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանի «Քրեական իրավունքը եւ քրեական քաղաքականությունը Եվրոպայում» մասնագիտացմամբ մագիստրատուրան, Երեւանում պաշտպանել միջազգային իրավունք մասնագիտության գծով թեկնածուական ատենախոսություն, Լոնդոնում անցել փաստաբանի որակավորում ստանալու համար պարտադիր իրավակիրառ դասընթաց:
Նա նաեւ աշխատել է Հաագայի Միջազգային քրեական դատարանում, որտեղ ներգրավված է եղել Ուգանդայում «LRA» խմբավորման դեմ քրեական հետապնդում իրականացնող խմբում, մասնավորապես, խմբավորման ղեկավարի եւ 5 անդամների նկատմամբ կալանքի որոշումների կայացմանը:

Աշխատել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում որպես Ռազմաքաղաքական ծրագրի ազգային պատասխանատու, իրականացնելով ծրագրեր մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում, կարգապահական տույժեր զինված ուժերում, զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ուժեղացում, մասնավոր թիկնազորային գործունեության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանություն եւ այլն
Դավիթ Հակոբյանը 2010 -ի դեկտեմբերից ՀՀ փաստաբանական պալատի անդամ է, Լեգելատա իրավաբանական գրասենյակում ղեկավարել է մարդու իրավունքների պաշտպանության բլոկը, Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության ՀԿ շրջանակներում ձեռնամուխ եղել արդիական մի նախաձեռնության: Բաց հասարակություն ինստիտուտում (Սորոսի հիմնադրամ) որպես Խորհրդի անդամ ընտրել է ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքացիական և քրեական գործեր, քննարկել լուծման ուղիներ եւ առաջարկել հիմնադրամին հատկացնել դրամաշնորհ ՀՀ դատական ատյաններում այդ գործերը վարելու նպատակով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031