Ընտանեկան վեճերում երեխաների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկած փաստաբան Հասմիկ Օհնիկյանը մի առիթով գրել էր. «Կարճաժամկետ «հաղթանակի» ձգտումը ընտանեկան վեճերում հաճախ բերում է երկարաժամկետ կորստի։ Ընտանեկան վեճերում, որտեղ էմոցիոնալ ֆոնը բարձր է՝ պայմանավորված չարդարացված սպասումներով, վիրավորանքով, թշնամանքով և երբեմն ատելությամբ, երեխայի փաստացի խնամքը կորցնելու վախով, անձը հեշտությամբ կարող է ընկնել հարազատների կամ ընտանիքի անդամների էմոցիոնալ ու անհեռատես խորհուրդների ազդեցության տակ և ընտրել վեճի լուծման սխալ մարտավարություն։ Վնասը սովորաբար առաջանում է այն դեպքերում, երբ ընտրվում է վեճը սրող, այլ ոչ թե կարգավորող մոտեցում։ Ամենատարածված և վտանգավոր դրսևորումներից մեկը երեխային մյուս ծնողից օտարացնելու փորձերն են։ Բացի իրավական հետևանքներից, առկա են նաև երկարաժամկետ այլ հետևանքներ, որոնք բացասաբար են անդրադառնում անձի էմոցիոնալ և հոգեբանական վիճակի վրա»։ Նմանատիպ մի վեճում ՄԻԵԴ դիմած փաստաբանը հաղթել է։
«Առավոտի» զրուցակիցն է փաստաբան, երեխայի իրավունքներով միջազգային փորձագետ Աշխեն Դաշյանը (լուսանկարում)
–ԱՄՆ քաղաքացի Սմբատ Ավետյանը Կալիֆոռնիայի դատարանի որոշմամբ ուներ դստեր խնամակալությունը, սակայն երեխան ապօրինի պահվում էր Հայաստանում: Հարկադիր ծառայությունը թերացել էր, կներկայացնեք՝ հատկապես ինչումն էր թերացումը։
-Այս գործով թերացել էին վարույթով ներգրավված բոլոր պետական մարմինները՝ ՀԿԱԾ, ոստիկանություն, քննչական կոմիտե, դատախազություն, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Կարդացեք նաև
Այո, Ս. Ավետյանը ուներ երեխայի խնամակալության ԱՄՆ որոշում, որի շրջանակում Հայաստանում քննվում էր Ս. Ավետյանի դստեր միջազգային առևանգման վարույթը ԱՄՆ վերադարձնելու պահանջով: Վարույթը հարուցվել էր «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի վարույթի շրջանակում, որը ի սկզբանե քննում էր արդարադատության նախարարությունը՝ որպես Կոնվենցիայով նշանակված ՀՀ Կենտրոնական մարմին, իսկ հետագայում արդեն դատարանը:
Երեխայի՝ Հայաստանում ապօրինի պահման վարույթով երեխայի քաղաքացիության երկիրը՝ ԱՄՆ-ն, նույնպես հարուցել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձերբակալվում է երեխայի մայրը և այն ընթացքում, երբ երեխայի մայրը ԱՄՆ դատարանի որոշմամբ կալանքի տակ է գտնվում, երեխայի հայրը Հայաստան է գալիս դստերը վերցնելու և վերադարձնելու ԱՄՆ, քանի որ 6 տարեկան երեխան փաստացի մնացել է առանց ծնողական խնամքի և ազատության մեջ գտնվող միակ ծնողը ինքն է, ով պետք է հոգ տաներ երեխայի մասին: Հայաստան գալով՝ հայրը այդպես էլ դստերը չկարողացավ վերցնել, քանի որ երեխան թաքցվում էր երեխայի մոր ծնողների կողմից անհայտ վայրում:
Նշված դեպքի առթիվ և երեխային հայտնաբերելու ու հայր ծնողին հանձնելու համար հաղորդում ենք տվել ինչպես քննչական մարմիններին՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելու հանցակազմով, այնպես էլ ոստիկանությանը՝ ընտանեկան բռնության մասով:
Համապատասխան վարույթները հարուցվել են, սակայն 6 ամիս ոչ մի պետական մարմին որևէ արդյունավետ ու ողջամիտ գործողություններ չի ձեռնարկել 6 տարեկան երեխային հայտնաբերելու համար, որին հետագայում նաև անդրադարձավ Եվրոպական դատարանը:
Այս գործում նաև զավեշտալին այն էր, որ ոստիկանությունը ծնողից պահանջում էր երեխայի խնամակալության վերաբերյալ դատական ակտ՝ երեխային սեփական ծնողին հանձնելու համար, այն դեպքում, երբ գործող օրենսդրությամբ ծնողի՝ իր երեխային խնամելու և դաստիարակելու իրավունքն ու միևնույն ժամանակ պարտականությունը նախատեսված է օրենքով, որևէ ծնողի անհրաժեշտ չէ դատական ակտ իր ծնողական իրավունքներն իրականացնելու կամ պաշտպանելու համար:
Հայրը տեսնելով ոստիկանության և իրավապահ մարմինների անգործությունը, ստիպված էր երեխային վերադարձնելու համար դիմել դատարան՝ ընդդեմ երեխաների տատիկ-պապիկի, ովքեր թաքցնում էին երեխային ծնողից և դատարանից խնդրել պարտավորեցնելու այդ անձանց երեխային իրեն հանձնել, միաժամանակ նաև խնդրելով միջանկյալ միջոց:
–Դատարանը կարծես թե բավարարել էր հոր պահանջը։
-Այո, դատարանի կողմից բավարարվեց միջանկյալ որոշմամբ հոր պահանջը երեխային իրեն վերադարձնելու և հոր կողմից երեխայի խնամքը ու դաստիարակության իրականացմանը չխոչընդոտելու համար: Բայց այդ որոշումն էլ որևէ կերպ չկատարվեց, ՀԿԱԾ բավարարվեց միայն մի քանի այցելություններով արձանագրել, որ երեխան տվյալ հասցեում չի և վարույթը այդ մասով էլ մնաց որոշումների կայացման մակարդակում:
Այս գործով գրեթե չկար որևէ պետական մարմին, որտեղ մենք այս խնդիրը չբարձրացնեինք։ Գործի մասին տեղեկացվել էին բոլոր համապատասխան մարմինները: Սակայն ամիսներ շարունակ որևէ արդյունավետ, գործնական քայլ ոչ ոստիկանության, ոչ քննչական մարմինների, ոչ դատախազության, ոչ հարկադիր կատարումն ապահովման ծառայության կողմից չձեռնարկվեց երեխային հայտնաբերելու և հորը վերադարձնելու, իր երեխայի հետ վերամիավորելու ուղղությամբ։
Սա խոսում է մի բանի մասին, որ երեխան և ծնողը անպաշտպան են պետության կողմից և որևէ օղակ չի ցանկանում իր վրա վերցնել պատասխանատվություն և ջանքեր գործադրել երեխայի շահերին առաջնահերթություն տալու համար:
Ի դեպ, երեխային թաքցնելու ամբողջ ընթացքում՝ 6 ամիս երեխան դպրոց չի հաճախել, որի մասին բարձրաձայնվել է նաև ԿԳՄՍ նախարարությանը, որ երեխան զրկված է կրթությունից, արտաքին աշխարհից մեկուսացված է, բայց այս մասով էլ որևէ գործողություններ չեն կատարվել:
Այս դեպքով հարուցված քրեական վարույթը, որը վերաբերվում էր երեխային ծնողից ապօրինի բաժանելու հանցակազմով, որով հայրը և երեխան տուժող էին ճանաչվել, ուղղակի «սառեցված կարգավիճակում էր», ոչ մի քննչական գործողություն, ոչ մի հարցաքննություն, ոչ մի գործողություն երեխային փնտրելու համար և 6 տարեկան երեխան թողնվել էր բախտի քմահաճույքին, կարծես ոչ մեկին չէր հետաքրքրում, թե որտեղ է թաքցվում մանկահասակ երեխան, ինչ պայմաններում և ինչ հոգեվիճակում է գտնվում:
Իսկ հայրը, ով Կալիֆոռնիայի համալսարանում դասախոս էր և երկար ժամանակ չէր կարող բացակայել երկրից, ստիպված էր թողնել աշխատանքը և գալ Հայաստան այն հույսով, որ ՀՀ պատկան մարմինները երեխային կհայտանբերեն և կօգնեն իրեն վերամիավորվի երեխայի հետ, բայց 6 ամիս գտնվելով Հայաստանում, այդպես էլ որևէ արդյունք չունեցավ:
–Աշխեն, «Ավետյանն ընդդեմ Հայաստանի» գործն այս տարի ձեր միակ գո՞րծն էր, թե՞ այս տարի ունեք էլի դիմումներ, ՄԻԵԴ–ին ուղղված։
-Այս տարի արդեն երկու որոշումներ է կայացվել ՄԻԵԴ-ի կողմից իմ վստահորդների գործով ու կրկին երեխայի իրավունքներին վերաբերվող հարցերով, «Սմբատ Ավետյանն ընդդեմ Հայաստանի» և «Սպիրիդոնիդիսն ընդդեմ Հայաստանի» գործերը, երկուսով էլ ՄԻԵԴ-ը խախտում ճանաչեց:
Եվ երկու գործերով էլ ՄԻԵԴ-ը ճանաչել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի՝ Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի խախտում, այս երկու գործերով ՄԻԵԴ-ը անդրադարձել էր նաև վարույթների քննության տևողությանը և մի օրինակ, մեր վստահորդի՝ «Սպիրիդոնիդիսն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել էր, որ ընդհանուր 15 ամիս տևած դատական վարույթը չի համապատասխանել պետության՝ նմանատիպ գործերում արագ գործելու իր պոզիտիվ պարտավորությանը:
Այս տարի ՄԻԵԴ այս երկու որոշումները, որոնք կայացվել են Հայաստանի դեմ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, կարևոր համակարգային խնդիրների է անդրադարձել՝ պետության կողմից արագ գործելու և պոզիտիվ պարտավորություններ ունենալուն:
Այս տարի արդեն իսկ 3 ընթացիկ դիմումներ ունենք ուղարկված, սպասում ենք դրանց ընթացքին, կրկին երեխաների իրավունքների խախտման և երեխաների վերաբերյալ վարույթների երկարատև քննության վերաբերյալ:
–ՄԻԵԴ վճիռը բարձրացրեց մի կարևոր հարց նմանատիպ գործերով, որ երեխաների հետ կապված կատարողական վարույթներում ժամանակի գործոնը վճռորոշ նշանակություն ունի. անվերջ ձգձգումը հնարավոր է դարձնում վտանգել, «սառեցնել» ծնողի և երեխայի հարաբերությունների պահպանման հնարավորությունը։
-Այո, ՄԻԵԴ որոշմամբ արձանագրվեցին շատ կարևոր համակարգային խնդիրներ, որին տարիներով բախվում ենք բոլորս, այն որ.
1. Դատարանի որոշման կատարումը պետք է լինի արդյունավետ, ոչ թե ձևական։
2. Հարկադիր կատարման մարմինները պետք է գործեն ակտիվորեն, ձեռնարկեն գործնական և արագ քայլեր, ոչ թե միայն ֆորմալ ընթացակարգային քայլերով սահմանափակվեն։
3. դատարանի որոշումների կատարմանը խոչընդոտելու կամ չկատարելու դեպքում իրավասու մարմինները պետք է պատժամիջոցներ կիրառեն, ոչ թե հարցը մնա լոկ որոշումների կայացման մակարդակում։
Եվ որ ամենակարևորը՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է ժամանակի կարևորությունը երեխայի վերաբերյալ վարույթներում ու ցանկացած անհարկի ձգձգում դիտարկել է ծնողի և երեխայի հարաբերությունների վրա անդրադարձող բացասական հետևանք:
ՄԻԵԴ-ն այս գործով գտել է, որ պետության դրական պարտավորությունը շարունակվում է դատական ակտի կայացումից հետո ևս և պետության պարտականությունը չի ավարտվում երեխայի վերաբերյալ լոկ որոշում կայացնելով։ Անհրաժեշտ է ապահովել այդ որոշման արդյունավետ իրագործումը: Բայց մենք այսօր այլ իրականության ենք բախվում, երբ որոշումները կարող են կայացվել հօգուտ անձի, բայց այն այդպես էլ մնա թղթի վրա, իսկ պետության պարտավորությունը չի կարող սահմանափակվել որոշման կայացմամբ:
–ՄԻԵԴ որոշմամբ փաստվել է, որ թեև ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել էր հետախուզում, կառավարությունը չէր ներկայացրել ապացույցներ երեխային հայտնաբերելու ուղղությամբ իրականացված կոնկրետ գործողությունների վերաբերյալ։ Կառավարությունը պատասխանը միայն փոխհատուցումն է լինելու, թե՞ «քողարկել–թաքցնելու» համար մեկ այլ պատասխանատվություն նույնպես կա։
-Փոխհատուցման վճարումը ՄԻԵԴ-ի վճռի կատարման մի մասն է։ Պետությունը պարտավոր է նաև միջոցներ ձեռնարկել ՄԻԵԴ կողմից արձանագրված խախտումները վերացնելու` որպես ՄԻԵԴ վճռի բովանդակային կատարում։
ՄԻԵԴ սահմանված ընթացակարգի համաձայն՝ Նախարարների կոմիտեն վերահսկողություն է իրականացնում ՄԻԵԴ վճիռների կատարման նկատմամբ՝ ի սկզբանե սովորական ընթացակարգերով, իսկ հետագայում նաև խստացված վերահսկողությամբ, իսկ եթե այդ դեպքերում էլ պետությունը չի կատարում ՄԻԵԴ վճիռը, ապա Նախարարների կոմիտեն ընդունում է բանաձև քաղաքական սանկցիայի ձևով, որոնցից մեկը, օրինակ, կարող է լինել պետության պատվիրակներին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու միջոցով, օրինակ՝ պրակտիկայում նման դեպքեր ունեցել ենք Ադրբեջանի պարագայում:
Այս գործով թեև փոխհատուցում է սահմանվել, բայց մեր վստահորդի համար ամենակարևոր հարցը շարունակում է բաց մնալ՝ ի՞նչ է արվում այսօր, որպեսզի երեխային հորը հանձնելու, հոր հետ շփումն ապահովելու մասին դատական ակտը կատարվի։ Մինչ օրս այն չի կատարվել։ Երեխային ծնողից ապօրինի բաժանելու առնչությամբ Հայաստանում հարուցված քրեական վարույթում իրավասու մարմինները պետք է պարզեն յուրաքանչյուր անձի դերն ու իրավական գնահատական տան նրա գործողություններին։ Առանձին գնահատման հարց է նաև այն, թե ինչպես են պաշտոնատար անձինք կատարել իրենց պարտականությունները։ Մինչ օրս, մեր ունեցած տեղեկություններով, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Մենք արդեն դիմել ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին՝ խնդրելով հայտնել, թե ՄԻԵԴ-ի վճռից հետո կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվել։ Ի պատասխան՝ մեզ հայտնել են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Թե որոնք են այդ քայլերը և ինչ արդյունք են տվել, մեզ դեռ չեն տեղեկացրել։
Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
20.11.2026



















































