«Իրականում շատ կարևոր է մեզ համար հասկանալ, դասեր քաղել միջազգային փորձից։ Օրինակ՝ ինձ համար մի քանի եզրահանգում արդեն արել եմ՝ սկսած նրանից, որ ժամանակը շատ կարևոր է, և ինչքան ուշ են սկսվում համապատասխան նախաձեռնությունները, այդքան ավելի դժվար է լինում պարզել անհայտ կորածների ճակատագիրը»,- «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողներին ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, մարդասիրական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը՝ անդրադառնալով միջազգային փորձագետների ներկայացրած տեղեկատվությանը։
Մյուս դիտարկումը, որ շատ կարևոր է, Աննա Մելիքյանի խոսքով, այն է, որ անհայտ կորածների ընտանիքները պետք է անպայման մասնակից ու ներգրավված լինեն հենց ամենասկզբից, որպեսզի և վստահություն լինի գործընթացի հանդեպ, և նրանց կարծիքը ու կարիքները հաշվի առնվեն համապատասխան մեխանիզմներ ստեղծելու համար։
«Կարևոր է նաև երրորդ չեզոք կողմի մասնակցությունը, որպեսզի այդ գործընթացը գոնե սկզբնական շրջանում վայելի ավելի շատ վստահություն, որպեսզի վստահ լինենք, որ այն տվյալները, այն ապացույցները, որոնք ստացվում են համապատասխան գործողությունների ընթացքում, ճշգրիտ են արվել, ապացույցները պահպանվել են»,- նշեց նա։
Աննա Մելիքյանի խոսքով՝ ամենակարևոր խնդիրներից մեկը, որը քննարկվում է եւ իշխանության, ներկայացուցիչների, եւ ընտանիքների, եւ քաղհասարակության կողմից, դա վստահության պակասն է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
«Անհայտ կորած բազմաթիվ ընտանիքներ ունենք, բայց նրանք կողմից չեն ստանում պատշաճ ինֆորմացիա, թե ինչ է արվում, որպեսզի ճակատագիրը և գտնվելու վայրը պարզվի։ Չենք ստանում համապատասխան տեղեկություններ հատկապես Ադրբեջանի իշխանությունների կողմից, որովհետև հատկապես 2020 եւ 2023 թվականների անհայտ կորածների ճակատագրի մասին տեղեկություններ ունեն հենց Ադրբեջանի իշխանությունները։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր և ունենք տեսանյութեր, որ անձինք ողջ են եղել, երբ հայտնվել են Ադրբեջանի իշխանությունների հսկողության ներքո։ Դրանից հետո, այդ թվում՝ նաև միջազգային մեխանիզմների կիրառման արդյունքում մենք չենք ստացել որևէ տեղեկություններ, որոնք թույլ կտային եզրահանգելու, թե ինչ է կատարվել այդ անձի հետ։ Եվ մենք, եւ մեր գործընկերները դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այդ թվում՝ նաև կառավարության կողմից ընդհանուր այդ միջպետական գանգատի շրջանակներում միջանկյալ միջոցներ են կիրառվել, երբ որ մենք տեղեկություններ ենք ունեցել, որ ինչ-որ անձ գտնվում է Ադրբեջանի իշխանության ներքո։ Բայց այդ դեպքերի գրեթե երևի մեծ մասի դեպքում Ադրբեջանի իշխանությունները ոչ ՄԻԵԴ-ի միջոցով են հաստատել, թե որտեղ է պահվում, ինչ է կատարվել իր հետ, ոչ էլ ՄԱԿ-ի մարմինների միջոցով»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































