Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետացել է վթարից զոհված Շիրազունու՝ Հովհաննես Շիրազի ստորագրությամբ ձեռքի ժամացույցը ու Շիրազի գլխով մատանին

Նոյեմբեր 11,2014 22:33

Հովհաննես Շիրազի ընկերը՝ Արամայիս Թումանյանը, որը իրեն Շիրազունի էր անվանել, Հոռոմի խաչմերուկի երեկվա զոհերից մեկն է: Ինչպես պատմում է նրա մտերիմներից մեկը, բլոգեր Արա Նախշքարյանը, Շիրազունին այնքան մոտ է եղել Հովհաննես Շիրազի հետ, որ իրար ծոց են քնել, բանաստեղծը նրան է պահ տվել իր անձնական իրերը: Վերջինս եղել է Հովհաննես Շիրազի» տուն -թանգարանի գլխավոր հիմնադիրներից մեկը: Զբաղեցրել է թանգարանի տնօրենի պաշտոնը, սակայն վերջին քաղաքական զարգացումներից հետո նրան հանել են պաշտոնից, ու նա մնացել է որպես ֆոնդապահ: Այսինքն` բանաստեղծին պատկանող բոլոր մասունքները, արխիվը եղել է Շիրազունու հսկողության տակ:

Շիրազունի-3

Արա Նախշքարյանն ասում է, որ Շիրազունին աշխատում էր «Գյումրի» գրքի վրա, որը Գյումրու ամբողջ պատմությունն է՝ հիմնադրման ժամանակվանից մինչև օրս: Այդ պատճառով նա հաճախ է այցելել մայրաքաղաք: Այս անգամ էլ գնացել է որոշ մարդկանց հանդիպելու: Սակայն, ըստ բլոգերի, նա մեծամասամբ ճանապարհորդել է գնացքով: Ըստ Արա Նախշքարյանի, այս մի անգամ երևի ուշ է եղել ու հետ է եկել միկրոավտոբուսով, ու այսպես գնացել է մահվանը ընդառաջ: ՙ«Նրա ամեն մի կոպեկը խնայված էր, իր ընտանիքի սոցիալական վիճակը փայլուն չէր», -ասում է բլոգերը:

Արա Նախշքարյանի ասելով, երբ դիահերձարանից նրան տուն են բերել, ընտանիքի անդամները տեսել են, որ չկա նրա ժամացույցը, որի հետնամասում Շիրազի ստորագրություն է փորագրված և մատանին, որը Շիրազունին ստացել էր ԱՄՆ-ում՝ բանաստեղծին նվիրված միջոցառման ժամանակ, որտեղ նրա՝ Հովհաննես Շիրազի մասին գրված գիրքը ճանաչվել էր լավագույնը: Այդ մատանին ևս բանաստեղծի գլխով էր: «Ճիշտ է՝ դրանք ոսկե չէին, բայց շատ թանկարժեք են, միգուցե դրանք մնացել են դիահերձարանում, միգուցե ընկել  են Հոռոմի խաչմերուկում,ասենք հարվածներից թռել է ձեռքից ու ընկել են ինչ- որ ամայի տեղում, մենք չգիտենք», – ասում է բլոգերը:

Արա Նախշքարյանի բնութագրելով, նման մտավորականները դարը մեկ են ծնվում, նա իրենով արվեստի ու մշակույթի հարուստ արխիվ էր: Ըստ բլոգերի, Շիրազունու՝ Հովհաննես Շիրազին նվիրված ամենամեծ արխիվը հենց նրա տունն էր, տան ամեն անկյունում բանաստեղծի նկարներն էին, նրանից մնացած մասունքները: Արա Նաշխքարյանի ասելով, Շիրազունին Հովհաննես Շիրազին նվիրված ամեն մի ֆիլմում կա, միշտ բանաստեղծի կողքին է:

Նա 60 տարեկան էր, ունի 3 զավակ՝ երկու դուստր և մեկ որդի, ամուսնացած է միայն դուստրերից մեկը: Ըստ բլոգերի, նրա դիակը չէր այրվել,անճանաչելի չէր դարձել, նա մահացել էր վթարից: Ողբալով իր ընկերոջ մահը ՝բլոգերը իր էջում նրան այսպես է բնութագրում. «ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐ, երբեք չէի պատկերացնում թե մի օր ես պիտի գրեմ քո մասին, խոսեմ ու պատմեմ քեզ: Լրագրողներին պիտի հայտնեմ քո տեսակի քիչ լինելու ու ազգային դիմագիծ ունենալուդ մասին: Հիշու՞մ ես Շիրազ /այսպես էի անվանում ԱՐԱՄԱՅԻՍ ՇԻՐԱԶՈՒՆՈՒՆ/, երբ առաջին անգամ հանդիպեցինք շատ տարիներ առաջ էր ու երկուսս էլ ոգեւորվել էինք: Ես Քո տեսակով, դու իմ ոգեւորվածությամբ: Երանի այդ օրը… Մեր տանն էիր հիշում ես ընկերս, չէ՜… ինչպե՞ս հիշես… երբ մեր տանն էիր Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գիրքը տեսար իմ գրադարակում ու աչքերդ փայլեց, պայծառացար… Ասացի, որ երբ Հայկին հանդիպեմ մեկ օրինակ` էլ քո համար վերցնեմ… Գիտե՞ս Շիրազ գիրքն հիմա իմ մոտ է, իսկ քեզ չեմ գտնում… ու՞ր ես ընկերս… Դու է՞լ գնացիր անմահների ճանապարհով…»:

Ի դեպ, շիրազագետին կհուղարկավորեն Գյումրու «Հովհաննես Շիրազի» տուն -թանգարանից, ամսի 13-ին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930