Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի ընտանեկան բռնությամբ 11 կին է մահացել. ի՞նչ է նախատեսում ազգային ռազմավարությունը

Նոյեմբեր 29,2014 15:00

Անցյալ տարի 5-ամյա Արմանն ու նրա եւս անչափահաս քույրն ականատես են եղել թե ինչպես է հայրը դանակի մի քանի հարվածներով սպանում նրանց մորը՝ Լուսինե Դավթյանին: Լուսինեի հարզատներն «Առավոտին» պատմել են, որ մինչ սպանությունն ամուսինը կնոջը պարբերարար բռնության է ենթարկել՝ թե հոգեբանական եւ թե ֆիզիկական: Սպանված կնոջ ծնողների խնամքին են մնացել անչափահաս երեխաները. սպանված կնոջ հոր ներկայացմամբ՝ 5 ամյա Արմանի հոգեկան աշխարհը տակնուվրա է եղել. նա վրեժխնդրության զգացում ունի: Բռնարար ամուսինն այս տարի դատարանի որոշմամբ դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Իսկ 30 ամյա Տաթեւիկ Նիկողոսյանն իր ամուսնության տարիների ընթացքում, ինչպես «Առավոտին» պատմել է նրա մայրը, խանդի դրդապատճառներով ամուսնու կողմից մշտապես ծեծի է ենթարկվել, երեխայի աչքի առաջ դանակը վզին դրած սպառնացել է սպանել, անգամ շիկացած պտուտակահանով այրել է Տաթեւիկի ձեռքերը: Անցյալ տարի էլ Տաթեւիկի ամուսինը դանակի 25 հարվածով քիչ էր մնացել մահվան դուռն ուղարկեր կնոջը, բժիշկները հազիվ են փրկել նրա կյանքը: Այս ամուսինները մշտապես վիճում էին, կինը դիմում էր ոստիկանություն, հետո հաշտվում էին ու ոստիկանությունից դիմումը հետ էր վերցնում:
Հայաստանում ամուսինների կողմից բռնության ենթարկված կանայք, կարելի է ասել, դեռեւս անպաշտպան են, եւ նրանց իրավունքների պաշտպանությունն առայժմ լիարժեք չի իրականացվում. սա արձանագրում են կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները(հ/կ):

Ոստիկանության պաշտոնական տվյալներով, 2013-ին արձանագրվել է իգական սեռի նկատմամբ բռնության 2054 դեպք, որից 580-ը գրանցվել է ընտանիքում, անչափահասների նկատմամբ՝ 245 բռնության դեպք, որից 21-ը՝ ընտանեկան, 2014-ի ութ ամիսների ընթացքում իգական սեռի նկատմամբ 1501 դեպք է գրանցվել, ընտանիքում՝ 374-ը, անչափահասների նկատմամբ 138 դեպք է գրանցվել, որից 7-ը ընտանիքում:
Այս տարի ընտանեկան բռնության հետեւանքով 11 կին է մահացել: Այս առումով, ինչպես փաստում են հ/կ-ները, կանանց իրավունքները խոցելի են, քանի որ կան օրենսդրական բացեր, որոնք լրացնելու համար Հայաստանը միջազգային պարտավորություններ ունի: Մեր երկիրը ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիային միացել է 1993 թվականին, իսկ կից արձանագրությանը՝ 2006-ին:
Կանանց իրավունքների պաշտպանության մասին ամրագրված է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունում, որտեղ հղում է կատարված ՄԱԿ-ի կոնվենցիային:

Ռազմավարության մեջ ներառված մի շարք կետեր, կարելի է ասել, այդպես էլ թղթի վրա են մնացել: Օրինակ՝ ռազմավարության 42 կետի 2-րդ դրույթը՝ «Կանանց իրավունքների երաշխավորումը» ներառում է՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծի մշակումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, եւ այն սահմանված կարգով շրջանառության մեջ դնելը: Օրենքը շրջանառության մեջ դրվեց, սակայն, այն ըստ էության, մնաց «օդում կախված»:

«Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանն «Առավոտին» ասում է, որ նշված օրենքի վերաբերյալ պահանջը չի իրականացվել եւ չի էլ իրականանա, որովհետեւ անցյալ տարի «Ընտանեկան բռնության մասին» օրենքի մերժման կառավարության պատասխանն այն էր, որ հակասահմանադրական է, ֆինանսական բավարար միջոցներ չկան, որպեսզի բռնության զոհերի համար կացարաններ բացվեն եւ այլն:

«Պատճառաբանեցին, որ քրեական եւ այլ օրենսգրքերում փոփոխություններ են կատարելու: Իրականում մեր օրենքը վերցրեցին մասերի բաժանեցին ու մի քանի տեղ են մտցնելու: Սա խնդրին լիարժեք լուծում չի տա, ինչպես համապարփակ օրենքը կտար: Օրինակ՝ մենք օրենքում նախատեսել էինք` բռնության զոհն անգամ եթե դիմումը հետ է վերցնում, կամ՝ տվե՞լ է դիմում, թե՝ ոչ, եթե կա բռնություն, ապա իրավապահ մարմինները քրեական գործ պիտի հարուցեին ու զբաղվեին. այս կետով հնարավոր կլիներ կանխել հետագա բռնություններն ու մահերը»,-ասում է Աննա Նիկողոսյանը:

Վանաձորի բնակիչ Սիրանույշ Աղաբեկյանն իր երկու երեխաների հետ անտուն է մնացել: «Առավոտի» հետ զրույցում տիկին Սիրանույշը պատմել է, որ նրա ամուսինը խանդի հողի վրա նրան ծեծում էր, տան գույքն էր ջարդուփշուր անում, ու որքան էլ դիմել է իրավապահներին, որեւէ արդյունքի չի հասել. անցյալ տարի ամուսինը Ամանորի գիշերն այրել է նրանց համատեղ կեցության բնակարանը, Սիրանույշին էլ դանակի մի քանի հարվածներով փորձել է կյանքից զրկել: Սիրանույշի կյանքը բժիշկները փրկել են, բայց այս կինն իր երեխաների հետ կամ բնակարան է վարձում, կամ հենց գումար չի լինում՝ ազգականի տուն է գնում: Այս կնոջ ամուսինը դատարանից ազատ է արձակվել: Պետական աջակցության տեսքով բռնության ենթարկված զոհերի համար նախատեսված կացարանի կարիք բացի Սիրանույշից, նաեւ մի քանի հարյուր կանայք ու երեխաներ ունեն: Կացարանների խնդիրը, ինչպես «Առավոտին» վստահեցնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, մյուս տարի էլ չի լուծվի, բյուջեում ներառված չէ: Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ հ/կ-ներն «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը լրամշակել են, այն ուղարկվելու է Ազգային ժողովի պատգամավորներին: «Տեսնենք՝ թե ով հանձն կառնի ու կներկայացնի ԱԺ-ում»,- ասում է Նիկողոսյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ նախատեսված է՝ «Կանանց հանդեպ բռնության կանխման եւ վերացման քրեադատավարական միջոցների մասին ազգային օրենսդրության ներդաշնակեցումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմանը»: Աննա Նիկողոսյանն ասում է, այս առումով որոշակի առաջընթաց կա. ««Սոցիալական աջակցության մասին» օրենքն է ընդունվել, որտեղ սահմանված է ընտանեկան բռնությունը»:

«Կանանց՝ տղամարդկանց հետ հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների երաշխավորումը». սա եւս ազգային ռազմավարությունից է: Ա. Նիկողոսյանը հիշեցնում է՝ 2013-ին ընդունված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին» օրենքն այսօր պատշաճ չի էլ կիրառվում. սա խտրականության վերացման դրական որոշակի քայլ է, բայց այս օրենքն էլ խիստ քննադատության արժանացավ, այսպես ասած՝ հակագենդերային խմբերի լոբբինգի արդյունքում օրենքից հանվեց գենդեր բառը. «Մյուս տարի նորից լսումներ են լինելու օրենքի մասին, չեմ կարող ասել՝ ինչ արդյունք կլինի»:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ կանանց իրավունքների երաշխավորման հոդվածում ներառված է՝ «Կանանց նկատմամբ բռնության դեպքերում զոհերին իրավաբանական եւ հոգեբանական պաշտպանության ու անվճար բժշկական օգնության տրամադրման ապահովումը»: Այս դրույթը կառավարությունն ամբողջությամբ անտեսել է. Նիկողոսյանն ասում է՝ բռնության զոհերին իրենք են իրավաբանական եւ հոգեբանական աջակցություն ցուցաբերում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մեզ վստահեցնում են, որ սոցիալական աշխատողներին վերապատրաստում են, թե ինչպես պետք է վարվեն ընտանեկան բռնության զոհերի հետ, նախատեսված է նաեւ դասընթացներ կազմակերպել կրթական ոլորտում, բուժհիմնարկների անձնակազմի՝ ընտանեկան զոհերի բացահայտման, հաղորդակցման պատշաճ խորհրդատվություն տրամադրելու հմտություններ սովորեցնելով: Նիկողոսյանը նկատում է՝ սոցիալական աշխատողի ինստիտուտը դեռ շատ թույլ է. «Մենք մեր բացահայտած դեպքերի հիման վրա ենք դա ասում»:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության՝ «Կանանց իրավունքների երաշխավորում» հավելվածի պահանջն է՝ ոստիկանության աշխատակիցների եւ դատավորների ապահովումը կանանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ համապատասխան ուղեցույցներով: Կառավարությունից վստահեցնում են, որ այս առնչությամբ մոդուլներ կան մշակված: Աննա Նիկողոսյանն էլ նկատում է, որ իրենց հետեւած ընտանեկան բռնության գործերով դատավարությունների ընթացքում դատավորների մեկնաբանությունների մասով առաջընթաց կա. «Բացառությամբ Մարո Գուլոյանի դեպքի. 21 ամյա հղի կինն իբր իր խալաթի գոտիով կախվել է, բոլոր ապացույցները կային, որ նա ինքնասպան չի եղել, մինչդեռ դատարանը հակառակ վճիռ կայացրեց»:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն էլ «Առավոտին» վստահեցնում է՝ 140 ոստիկան է վերապատրաստվել, թե ինչպես պետք է աշխատի ոստիկանը ընտանեկան բռնության դեպքերում ու զոհերի հետ. «Տեղամասային տեսուչները հաշվառման են վերցնում եւ հետեւում են այն անհաշտ ընտանիքներին, որտեղ բռնություն է եղել, եթե անգամ բռնարարը ճնշում է գործադրում, կամ ասենք հարեւաններն ամոթանք են տալիս, թե ընտանիքում եղածը դուրս չպիտի հանվի, ու դիմումները հետ են վերցնում բռնության զոհերը, միեւնույն է, նրանք ոստիկանության հսկողության տակ են: 1-2 տարի առաջ գուցե դիմումները հետ էին վերցնում ու վերջ, բայց այսօր պատկերը փոխվել է: Բացի այս, մշակվել է իրավական նոր ակտ, որտեղ ներառված են ընտանեկան բռնության կանխարգելման եւ պայքարի էլեմենտներ. ակտն արդեն կառավարությունում է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930