Լրահոս
Օրվա լրահոսը

«Զուգընկերն ո՞վ է», «Ի՞նչ է նշանակում՝ սիրային կապ՝ առանց սեռական հարաբերությունների». Ռուբինյանը ի պատասխան բղավեց՝ «Դա պլատոնական սերն է»

Ապրիլ 11,2024 22:11

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի կողմից ներկայացված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է օրենքով արգելել կուսության ստուգումը, քանի որ այն դիտարկվում է բռնության տեսակ։

Բաթոյանն ասաց, որ վերանայել են օրենքի վերնագիրը՝ «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված կանանց պաշտպանության մասին օրենք»: Ֆիզիկական բռնության տեսակների մեջ ավելացրել են նաեւ մարդուն առեւանգելը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց. «Խնդրում եմ սահմանեք՝ ի՞նչ ասել է զուգընկեր: Իմ առաջարկին էր այդ բառը հանել, որովհետեւ սահմանում չկա»:

Բաթոյանը պատասխանեց. «Զուգընկեր-անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին, որը հարակից զեկուցող էր, հարցրեց. «Որ ՆԳՆ-ն զուգընկեր հասկացողությունն ուսումնասիրել է, ոչ մի տարօրինակ բան չի՞ գտել, որ առարկի: Ասենք, ձեր համար ի՞նչ է նշանակում՝ սիրային կապ՝ առանց սեռական հարաբերությունների, դուք չե՞ք հարցրել՝ դա ո՞րն է»:

«Դա պլատոնական սերն է»,- տեղից բղավեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Գեղամ Նազարյանը պատասխանով չբավարարվեց. «Սա շատ լուրջ հարց է, եթե աշխարհում կգտնվի մի մարդ, որ կասի դա ինչ է, ես ներողություն կխնդրեմ»:

Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ խոսքը կարող է վերաբերել, օրինակ, ընկեր-ընկերուհի հարաբերություններին, նշանածներին:

Գեղամ Նազարյանը բորբոքվեց. «Շատ ներողություն, օրինակ, մի տղա սիրում է իր դասընկերուհուն, դասընկերուհին, նեղվելով, որ իրեն տուն է ուղեկցում, դանակը վերցնում եւ խփում է տղային: Հիմա այդ աղջկան չե՞ն դատելու, եթե այս օրենքը չլինի: Դատելու են, չէ՞: Հիմա այդ զուգընկեր ձեւակերպումն ի՞նչ է՝ սիրային հարաբերություններ՝ առանց սեռական հարաբերության: Մենք ո՞վ ենք, որ որոշենք՝ իրանք իրար սիրո՞ւմ են, թե՞ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930