Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն տարիների ասֆալտ չկար, փող չկար, զատո մարդկություն կար, զատո հարգանքը կար, պատիվը կար, կուլտուրան կար…»

Դեկտեմբեր 12,2014 21:37

«Տարիներ առաջ Կապանի կենտրոնական այգում` հիմիկվա Վազգեն Սարգսյանի անվան այգում,  մի մեծ ռադիո կար դրված: Առավոտը կոլխոզում աշխատում էինք, հետո  վազելով գյուղից գալիս քաղաք ռադիոյով լուրերը լսում, տեսնենք  պատերազմի մասին ինչ են հայտարարում, որ գյուղ լուր տանենք: Լեվիտան կոչվածն էնպես էր իր ձենով հաղորդում, որ մազրներս բիզ-բիզ  էին կանգնում:  Հետագայում` արդեն 1942 թվականին, մեր գյուղում էլ ռադիո դրեցին»,- այսպես սկսեց մեզ հետ զրույցը Կապանի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահ, թիկունքի վետերան Ռաֆիկ Հարությունյանը:    1940-ականների կապանյան կյանքից  շատ բան ուներ պատմելու, փորձում էր մեր կարճատեւ զրույցի ընթացքում ամեն ինչ վերհիշել ու պատմել հին ժամանակներից: «Լավ ու վատ օրեր էլ կային…»,-այսպես շարունակեց զրույցը Ռաֆիկ պապը եւ 70 տարվա հեռվում մնացած պատմությունը սկսեց պատմել մինչեւ օրս պահպանված պատկերներով: «էն ժամանակ քաղաքը ցեխի մեջ կորված էր, ասֆալտ չկար, բան չկար…մի Կնդուրովի շենք էր` աղբյուրն էլ առաջին, մի աղբյուր էլ շուկայում էր դրված, բայց դե ինչ շուկա, վայն եկել ա տարել էդ շուկային…աննախանձելի պայմաններ էին…: Բանկի տեղը փայտից տնակներ էին,  ժողովուրդը դրա մեջ էր ապրում Կապանում: Համեմատելի չեն այն տարիները հիմիկվա հետ. էսօր ճանապարհներն ասֆալտապատ են, տաքսիները չեն թողնում մարդիկ ոտքով շարժվեն, իսկ էն ժամանակ նույնիսկ ավտոբուսներ չկային, ոտքով էինք գյուղից քաղաք գնում-գալիս», -ասաց նա եւ սկսեց համեմատել, թե ինչքան շատ բան է փոխվել այն օրերից ի վեր: Այսօր արդեն ցեխի մեջ կորված, աղքատիկ ու անշուք տեսք ունեցող Կապանը բոլորովին այլ տեսք ունի եւ վերջերս էլ  արդեն նշեց քաղաքի կոչում ստանալու 76-րդ տարեդարձը: Այսօր ասֆալտ կա, տրանսպորտ կա, կյանքի պայմաններն են լավացել, նախկին դժվարությունները ներկայիս սերնդին բաժին չեն հասել, քաղաքավարի պայմաններում են ապրում,  կրթությունն է զարգացել, տեխնիկական հնարավորություններն են ընդարձակվել, իսկ նախկինում այդ մասին միայն երազել կարելի էր: «Էն տարիներին եզներով էինք վար անում, ալյումինի փարչում էինք թանավ ուտում, բայց հիմա կատվին էդ ամանով ճաշ տաս կնեղանա: Հայրենական մեծ պատերազմի տարիներն էին… հեշտ չէր ապրել էդ ժամանակահատվածում, կոլխոզներում բերքը հավաքում էին տալիս մարդկանց, որ ուտեն կարողանան գոյատեւեն:  Հիմա ամեն ինչ կա, փող ունես` լի ու բոլ ապրի…»:

Kapan

Նախկին տարիների դժվարությունների մասին խոսելով` կապանցի վետերանը   չի մոռանում հերթով նշել, այն օրերի բոլոր այն դրական կողմերը, որոնք այսօրվա «լի ու բոլ» պայմաններում  հնարավոր չէ գտնել, ամենակարեւորը` մարդկային արժեքները:

«Էն տարիների ասֆալտ չկար, փող չկար, զատո մարդկություն կար, զատո հարգանքը կար,  պատիվը կար, կուլտուրան կար: Իսկ էսօր   մարդկանց մեջ տգիտությունն է շատացել:  Նախկինում շատ դժվար էր, պայմաները չկային, բայց մարդիկ լավ էին սովորում, աղջիկներին տանում էին տառաճանաչություն էին սովորացնում, մակարդակ կար, իսկ հիմա տարրական գիտելիքների չեն տիրապետում, կուլտուրայից հեռացել ենք: Ասում ենք Եվրոպա ենք գնում էս կուլտուրայով, բայց մենք հեռու ենք Եվրոպայից, փոխարենը Եվրոպան ա գալիս էստեղ»,-ասաց Ռաֆիկ Հարությունյանը` ցանկանալով, որ հին օրերի բարի ավանդույթներն ու մարդկային փոխհարաբերությունները շարունակեն իրենց ծանրակշիռ դերն ունենալ նաեւ մեր օրերում: Որպես կապանցի`  Կապանը զարգացած, իսկ կապանցուն` անհոգ տեսնել է ուզում: Ասում է` ասֆալտ անելով քաղաք պահել հնարավոր չէ, պետք է նախկին գործարանները վերագործարկել, մարդկանց համար աշխատատեղեր ապահովել, արտագաղթը կանխել եւ ամենից շատ երազում, որ  բոլոր ժամանակներում հաղթանակներ տարած Սյունիքում ժողովուրդը լավ ապրի  ու ըստ արժանվույն գնահատվի:

«Սյունիքը, ընդհանուր առմամբ, Հայաստանի սիրտն ա, թող Հայաստանում լավ իմանան, եթե էն ժամանակ պարսիկը նստած էր Հայաստանում, Սյունիքում ազատություն էր տիրում, մենք երբեք պարսիկի, թուրքի ձեռքի տակ չենք նստել, միշտ պայքարել ենք` հաղթանակելու համար», – զրույցը եզրափակեց Կապանի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը` սյունեցիներին ու ողջ հայությանը խաղաղություն ու բարեկեցիկ կյանք մաղթելով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031