Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրամանատարը պատասխանեց նախիջեւանագետին

Հունվար 19,2015 12:30

«Առավոտի» հունվարի 15-ի համարում հրապարակված նախիջեւանագետ Արգամ Այվազյանի «բաց նամակի» առնչությամբ խմբագրություն զանգահարած արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տեխնիկական առարկաների ամբիոնի ավագ դասախոս Ալեքսանդր Սարգսյանը (Մատաղիսի Ալիկ) իր վրդովմունքը հայտնեց «Գրի ու ճշմարտության հետ խաղալ չի կարելի» վերնագրով հոդվածի կապակցությամբ:

«Հոդվածի հեղինակ Արգամ Այվազյանն ակնհայտ ապատեղեկատվություն է հրապարակել արցախյան պատերազմի մասնակից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի մասին: Ղարաբաղյան շարժման տարիներին, Մատաղիս, Տոնաշեն եւ Դաստագիր գյուղերից հայաստանաբնակ համայնքի կոմիտեի անդամ Վլադիմիր Պողոսյանը 1989-1994 թթ. ակտիվորեն մասնակցել է Մատաղիս, Տոնաշեն եւ Դաստագիր գյուղերի բնակիչներին ցուցաբերվող օգնություններին, Մարտակերտի շրջանի պաշտպանության համար մղված մարտական գործողություններին: 1992թ. Ստեփանավանի շրջգործկոմի գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Պողոսյանը, գիտակցելով հայրենիքի առջեւ ծառացած վտանգը, կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ` անդամագրվելով Մատաղիս գյուղի նախկին բնակիչներից կազմված պաշտպանական ջոկատին, որի հրամանատարը 1992թ. եղել եմ ես: Ջոկատը, որի կազմում եղել է նաեւ Վլադիմիր Պողոսյանը, 1992թ.- ից մասնակցել է Մարտակերտի շրջանի 3-րդ Սովխոզի (գյուղ Ջրաբերդ) տարածքում ընթացող մարտերին, մասնակցել` Մարտակերտի շրջանի Հակոբ կամարի եւ Լեւոնարխ գյուղերի, Մատաղիսի բարձունքների (Շահմանլարի եւ Ամոնալի ձոր) տարածքներում ընթացող մարտերին:

Ջոկատը Մեծ Շեն, Վանք գյուղերի տարածքներով տեղափոխվել եւ դիրքավորվել է Կիչան, Սրխավանք գյուղերի տարածքներում եւ մասնակցել գյուղերի ուղղություններում ընթացող մարտական գործողություններին»,- նշեց նա: Գնդապետը հավելեց, որ պատերազմական գործողությունների ընթացքում Մատաղիսի ջոկատը գործել է Արցախի ազգային հերոս, երջանկահիշատակ Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտի) հրամանատարությամբ: «Նման ստահոդ լուրերի տարածումը, որով փորձ է արվում վարկաբեկել պատերազմի բովով անցած ազատամարտիկին, պատիվ չի բերում հայագետ, նախիջեւանագետին»,- իր խոսքը եզրափակեց Ալեքսանդր Սարգսյանը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
17.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Argam says:

    «Առավոտ» թերթի խմբագիր Ա. Աբրահամյանին
    Մեծարգո Աբրահամյան
    Խնդրում եմ այս հակիրճ խոսքս տպագրել, որով ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել «Առավոտի» ս/թ. հունվարի 15-ի համարում տրագրված իմ «Գրի ու ճշմարտության հետ խաղալ չի կարելի» նամակի առիթով թերթի հունվարի 17-ի համարում «Հրամանատարը պատասխանեց նախիջևանագետին» հոդվածում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տեխնիկական առարկաների ամբիոնի ավագ դասախոս, գնդապետ Ալեքսանդր Ավագյանին` իմ նամակում արծարծված խնդրի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ կատարելու համար:
    Հավաստիացնում եմ պրն Սարգսյանին և պրն Վլ. Պողոսյանին, որ իմ նամակի հարցումների հիմքը, ինչպես նշել եմ, առաջացել է միմիայն հրապարակավ կատարված և իրար հակասող ու չպարզաբանված տեղեկությունների ի հայտ գալու հանգամանքով: Պրն Սարգսյանի պարզաբանումները, որոնք, իմ կարծիքով պետք է տեղադրվեն պրն Պողոսյանի կենսագրականում, ոչ միայն կարևոր են պրն Պողոսյանի գործունեությունը այդ բնագավառում ըստ արժանվույն գնհատելու, այլև առհասարակ արցախյան ազատամարտի պատմությունն ու դրվագները ամբողջացնելու ու շարադրելու համար: Այսու, շնորհակալություն հայտնելով պրն Սարգսյանին, ակնկալում եմ հանգամանքների բերումով առաջացած թյուրիմացության համար ինչպես պրն Պողոսյանի, այնպես էլ պրն Սարգսյանի և ընթերցողների ներողամտությունը:
    Ա. Այվազյան
    Հայագետ-նախիջևանագետ
    ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ 21.01.2015

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031