ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ նախագահի 2010 թ․ մրցանակաբաշխության հումանիտար գիտությունների դափնեկիր, հայագետ Արգամ Այվազյանը այս տարվա առաջին կեսին ընթերցողի սեղանին է դրել 5 ծավալուն հատորներ։ Այդ առիթով Aravot.am-ը մի քանի հարցեր է ուղարկել վաստակաշատ հայագետին։
– Խնդրում եմ ներկայացրեք 2024 թ․ լույս տեսած Ձեր հատորները։
– Այս տարվա առաջին կեսն իմ նոր աշխատությունների հրատարակման առումով բավականի բերքառատ է եղել։ Այսպես, հնարավորություններ ստեղծվեց մարտ-հունիս ամիսներին հրատարակել 5 ծավալուն հատորներ, որոնք ունեն 500-1072 էջ ծավալ։ «Ագուլիսի բարբառի մասունքներ»-ի 2-րդ, 3-րդ և 4-րդ հատորներում ներառված նյութերը բացառապես հրատարակվել են առաջին անգամ։ Այդ հատորների նյութերը 2023-ի կեսերին սիրով ինձ էր տրամադրել Ալեքսանդր Թամանյանի թոռ Գագիկ Թամանյանը, որի մայրական պապը՝ ինձ քաջածանոթ Ստեփան Մնացականյանը, Ագուլիսից էր։ 3-րդ և 4-րդ հատորները ընդգրկում է թիֆլիսաբնակ ագուլիսեցի Ալեքսանդր Մանուչարյանի կազմած և 13․600-ից ավելի բառերից բաղկացած բառարանը։
Այդ 3 հատորների հրատարակումը իրականություն դարձավ ինձ բոլորովին անծանոթ պոլսահայ մի բարերարի ֆինանսական մեկենասությամբ (2-րդ հատորի ծախսերին մասնակցություն է ունեցել նաև Գ․ Թամանյանը)։ Ընդ որում պոլսահայ բարերարը նախընտրեց իր անուն ազգանունը չհրապարակել հատորներում։ Ապրիլին՝ իմ զավակների և հովանավորների միջոցներով, լույս տեսավ նաև «Նախիջևան․ մտորումներ-էսքիզներ» շարքի հերթական՝ 7-րդ, 664 էջանոց հատորը ևս։ Եթե ֆինանսական խնդիրը կարողանամ առաջիկայում կարգավորել, ապա մինչեւ տարվա վերջ լույս կտեսնի նաև այս շարքի 8-րդ հատորը։
Կարդացեք նաև
12 տարվա փնտրտուքներից հետո վերջապես՝ նախապես հրատարակման պատրաստված 3 մեծածավալ հատորների տպագրությունը՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, մեկ հատորի վերածված «Նախիջեւանի նյութական եւ մշակութային ժառանգությունը», թեև սահմանափակ տպագրությամբ, ի վերջո լույս տեսավ: Ստվարածավալ եւ մեծաֆորմատ այս հատորն ամբողջապես գունավոր տպագրությամբ է, եռալեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ ունի 1074 էջ ծավալ։ Իր տեսակի մեջ յուրահատուկ և հարուստ պատկերազարդում ունեցող այս աշխատությունը՝ Նախիջևանի պատմական բնակավայրերի այբբենական ներկայացմամբ և համապատասխան տեքստային մասերով, ընդգրկում է պատմական Հայաստանի անբաժանելի մաս կազմած Նախճավան, Գողթն, Երնջակ, Շարուր և Ճահուկ-Շահապոնք գավառներում 3-րդ հազարամյակից մինչև 1900-ական թվականները կերտված հայոց նյութական և մշակութային ժառանգությունների առկա հուշարձանների 1965-1987 թթ․ իմ կողմից տեղերում հետազոտած, փաստագրած-վավերագրած նյութերի և մշակութային բազմատեսակ արժեքների ավելի քան 1600 փաստավավերագրական լուսանկարներ, որոնք Ադրբեջանի պետական վանդալիզմի հետևանքով 1998-2006 թթ․ հիմնահատակ կործանվեցին։
Ամենևին սխալված չեմ լինի եթե փաստեմ, որ մի տարածքի նյութական ու մշակութային ժառանգության վերաբերյալ եռալեզու և այսպիսի ծավալով, հարուստ փաստավավերագրական լուսանկարներով հագեցած հատորը Հայաստանում հրատարակվածների թվում եզակիներից է, եթե ոչ առաջինը։ Քանզի, այն գիտահետազոտական ուսումնասիրություն լինելուց զատ՝ նախևառաջ վանդալիզմի ենթարկված Նախիջևանի հայոց ժառանգության ներկայացման համար այսօր և հետայսու ունի փաստավավերագրական փաստաթղթի բացառիկ նշանակություն։
Երախտագիտությամբ շեշտեմ նաև այն հանգամանքը, որ հայագիտության, ինչպես եւ պետական պատկան կառույցների համար այս կարևոր աշխատանքի հրատարակումը իրականություն դարձավ հայ ժողովրդի պատմությունն ու հազարամյակների ժառանգության կարևորությունը իրապես և գործնականորեն գնահատող ներքոնշյալ հայորդիների անշահախնդիր աջակցությունների շնորհիվ, որոնց Մովսես Խորենացու պատգամ խոսքերով ասած, ցանկանում եմ «աստվածային շնորհքների անսպառ գործունեություն»։ Այսպիսի ծավալունակ և ծախսաշատ աշխատանքները պետք է իրականացվեն Հայաստանի պետական պատկան կառույցների կողմից։ Ավա՜ղ, դեռևս այդպիսի հոգածության ու գիտակցության հասնելու համար, ինչպես ասվում է, դեռևս շատ հաց ու պանիր պետք է ուտենք․․․ Այսպիսով, սույն հատորի լույս աշխարհ գալու համար շնորհակալ եմ Գագիկ Մելիքյանին, Անդրանիկ Պետրոսեանին, Հարութ Բրոնոզեանին, Բեռնարդ Նազարեանին, Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիային, Օնիկ Հարությունյանն, Լևոն Ստեփանյանին եւ Վարուժան Մարտիրոսյանին։
– Հատկապես մեր օրերում ինչքանով են կարեւորվում ձեր հրատարակած գրքերը, որպես կռվաններ ինչպես պետք է դրանք օգտագործվեն:
– 1978 թ-ից առ այսօր՝ 350-ից ավելի իմ հոդվածներից զատ, առանձին գրքերով Երևանում, ԱՄՆ-ում, Շվեցարիայում, Հունաստանում հրատարակված 65 գրքերիցս 58-ը վերաբերվում են Նախիջևանի պատմության ու մշակույթի հարցերին, դրանք ընդգրկում են հայագիտության գրեթե բոլոր բնագավառները։ Այդ առումով Նախիջևանն իր պատմական գավառների անցուդարձերով հայագիտության մեջ լավ ուսումնասիրված տարածք է, եւ այդ կարծիքը փաստված է թե՛ հայ և թե՛ օտարազգի մի շարք հայագետների ու պետական գործիչների կողմից։ Տակավին վերջերս՝ «Հատուկ պետական եւ գիտական կառույցների համար» վերտառությամբ, իմ ֆեյսբուքյան էջում վերատեղադրեցի իմ հրատարակած բոլոր գրքերի շապիկները։ Խնդիրն այն է, որ ինչպես անկախացած Հայաստանի նախկին, այնպես էլ մերօրյա իշխանությունները նախիջևանյան այդ հարուստ փաստավավերագրական գրականությունը, որոնց մի մասը հրատարակված է նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով է, պարզապես չեն օգտագործում, չունեն իրենց ձեռքի տակ եւ իրենց կառույցների գրադարաններում։
Ադրբեջանը 1998-2006 թթ․ պետականորեն վանդալիզմի ենթարկեց, գետնի երեսից իսպառ վերացրեց 27 հազարից ավելի՝ Նախիջևանի հայկական ողջ նյութական ժառանգությունը (վանքեր, եկեղեցիներ, գերեզմանատներ, խաչքարեր և այլն): 2010-2017 թթ․ Հայաստանի կառավարությանը, ՀՀ նախագահին ուղղված իմ մի շարք դիմում-առաջարկները հիմնահատակ ավերված Նախիջևանի հայկական նյութական ժառանգության արժեքների՝ իմ կողմից 1965-1987 թթ բազում դժվարություններով փաստագրած և ավելի քան 20 հազարի հասնող զանազան նյութերը պետականացնելու ջանքերն անպատասխան մնացին։ Հայաստանի անհետևողականության, անտարբերության ու անկարողունակության պատճառով է, որ առ այսօր չի հաջողվել ոչ մի միջազգային ատյանում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին։ Ավելին, այսպիսի իրավիճակի առկայությունն է, որ իրավունք է տվել Ադրբեջանին 2023 թ․ վերջերից անարգել վանդալիզմի ենթարկել, պղծել նաեւ Արցախի հայոց ժառանգությունը։ Ցավոք, առայսօր Հայաստանի պատմությունն ու մշակույթն Ադրբեջանի կողմից գրեթե ամեն օր ենթարկվում են բազմազան հակագիտական ու հակահայկական հարձակումների ու աղավաղումների։
– Դուք նաեւ ձեր անձնական միջոցներով եք հրատարակում գրքերը, կա՞ն նախկին կամ ներկա պաշտոնյաներ, որ փորձել են դրանք ձեռք բերել։
– Սա ևս շատ ցավալի հարց է։ Պատասխանը մեկն է՝ ոչ։ 2000-ական թվականներին մի շարք անգամներ նույնիսկ պաշտոնական նամակներով իմ հրատարակած գրքերից 1-ական օրինակներ ուղարկել մի շարք պետական կառույցների (ՀՀ Կառավարություն, Ազգային ժողով, Արտաքին գործոց, Սփյուռքի, Մշակույթի նախարարություններ, Երևանի քաղաքապետարան եւ այլն), խնդրել այդ գրքերից որոշ օրինակներ ձեռք բերել իրենց գրադարանների համար։ Այդպիսի հարցով 2023 թ․դեկտեմբերի վերջերին նամակ եմ հղել նաև Արտաքին գործոց և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներին։ Ինչպես ասում են՝ ձայն բարբառոյ յանապատի։ Ի տարբերություն Հայաստանի այսօրինակ անտարբերությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2008-ին պատվիրեց և ձեռք բերեց «Ջուղայի կործանված խաչքարերի սիմֆոնիան» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) պատկերազարդ գրքից 100 օրինակ, որտեղ հրատարակվել են Ադրբեջանի կողմից Ջուղայի կործանված ավելի քան 700 խաչքարերի լուսանկարները։
Տարբեր տարիներին հրատարակածս գրքերից 2016-2020 թթ․ ՀՀ Ազգային, Ավ․ Իսահակյանի անվան, Արցախի գրադարաններին, Անի կենտրոնին և այլ գրադարաններին նվիրել եմ 7 հազարից ավելի գրքեր։ Ցավոք, պետք է հատուկ ընդգծեմ, որ անկախացած Հայաստանում այսօր՝մանավանդ հայագիտական գրականությունն, այնքան էլ հարգի չէ։ Քանզի, վերջին 30 տարիներում հանրապետությունում սեփականաշնորհվեցին, փակվեցին գրեթե բոլոր գրախանութները։
Օրինակ, Երևանի շուրջ 60 գրախանութներից այսօր մնացել են մի քանիսը, որոնք ավելի շուտ գրապահոցներ են, քան գրախանութներ։ Արդեն փակվել-վերացել է գյուղական գրադարանների զգալի մասը, մնացածների ֆոնդերն էլ վերջին տասնամյակներում չեն համալրվում հրատարակված նոր գրքերով։ Չեմ անդրադառնում այն ցավալի իրողությանը, որ որոշ գերատեսչական եւ մարդկանց անձնական գրադարանների մի մասը հայտնվում են թղթի վերամշակման արտադրամասերում կամ աղբամաններում․․․Ցավոք, ազգային-մշակութային աղետի մեջ ենք, սա նաեւ մեր օրերի ամոթն է:
Զրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































