Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախիջևանը Հայաստանի մաս ընկալելու հանգամանքը լուրջ գիտաքաղաքական կարևորություն ունի։ Եվ այս գրքում դա կգտնես»

Հունիս 03,2026 13:14 Share

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Առինջ գյուղում է 1947թ․ հուլիսի 20-ին ծնվել իր ծննդավայրի լավագույն գիտակը՝ Արգամ Այվազյանը։ Նրա 370 աշխատություններից 70-ից ավելին լույս են տեսել առանձին գրքերով։

Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջևանագետ, լրագրող, մշակութաբան, Հայաստանի նախագահի մրցանակաբաշխության հումանիտար գիտությունների 2010 թվականի մրցանակակիր, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի առայժմ վերջին ու մեծածավալ գիրքը, որը փաստավավերագրական բնույթ ունի և հիմնված է արխիվային, վիճակագրական ու պատմական բազմաթիվ աղբյուրների վրա, լույս տեսավ 2026 թվականին՝ հեղինակային հրատարակչությամբ։

«Նախիջևանի հայկական նյութական և հոգևոր մշակույթի պատմական ժառանգությունը» եռալեզու գիրքը նվիրված է հազարամյակներ շարունակ Հայոց երկիր եղած Նախիջևանի պատմության, մշակույթի և հայկական ժառանգության ուսումնասիրությանը։ Աշխատության մեջ ընդգրկված են հազարից ավելի լուսանկարներ, քարտեզներ և փաստաթղթեր, որոնք հավաքվել են ինչպես տարբեր հետազոտողների աշխատանքներից, այնպես էլ հեղինակի երկարամյա ուսումնասիրությունների արդյունքում։ Այս հարուստ նյութերը հնարավորություն են տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել Նախիջևանի պատմամշակութային ժառանգության մասին։

Հունիսի 2-ին Երևանում՝ «Թեքեյան» կենտրոնի դահլիճում, տեղի ունեցավ այս կարևոր աշխատության շնորհանդեսը։

Ներկա էին Ա․ Այվազյանի աշխատությունները գնահատողներ, գործընկերներ, ընկերներ և մտերիմներ, գրքի մեկենասներ, ակադեմիական շրջանակների հեղինակավոր անդամներ, մշակույթի և արվեստի գործիչներ, գիտնականներ, հանրային ու հասարակական գործիչներ, պատմաբաններ, հյուրեր։ Գրքի մեկենասն է Գագիկ Գերասիմի Մելիքյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ու Ա․ Այվազյանին ներկայացրեց պ․ գ․ դ․, պրոֆեսոր, Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ Ռուբեն Միրզախանյանը։ Շնորհակալություն հայտնեց գրքի հեղինակին՝ հսկայածավալ, կատարյալ կարևորություն ունեցող աշխատության համար։ Տեղեկացրեց․ «Նախիջևանում ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացվել են ավելի քան 28 հազար հայկական միջնադարյան հուշարձաններ, այդ թվում՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, գերեզմանատներ և այլ արժեքավոր կոթողներ։ Նախիջևանում այլևս չեն բնակվում հայեր։ Այդ ամենն արվել է 1950-1988 թվականներին, երբ դեռևս Ադրբեջանի հետ մենք գոյատևում էինք խորհրդային միության սահմաններում»։

Արգամ Այվազյանի անխոնջ աշխատանքը և նրա գրքերի կարևորության մասին խոսեց պատմաբան, պ․ գ․ դ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ նշելով՝ թուրքերը Նախիջևանի մասին խոսելիս հետաքրքրվում են՝ ո՞ւր են հայկական աղբյուրների նյութերը։ «Հայկական աղբյուրների նյութերը դրվեցին սեղանին, թարգմանվեցին տարբեր լեզուներով, նաև թուրքերեն՝ լռեցնելով մեր թշնամուն», -հավելեց ակադեմիկոսը և անդրադարձավ գրքի մեկենաս Գ․ Մելիքյանին, որը հեղինակին հավասար աշխատել է գրքի վրա, բացի նյութականից, նաև մտավոր աջակցություն է ցուցաբերել։

«Ինչ կուզես, կարող ես գտնել «Նախիջևանի հայկական նյութական և հոգևոր մշակույթի պատմական ժառանգությունը» աշխատությունում։ Տեղաբնիկ լինելը, հայրենի եզերքը լավ ճանաչելը մեծ դեր է ունեցել գրքի ստեղծման գործում։ Նախիջևանը Հայաստանի մաս ընկալելու հանգամանքը լուրջ գիտաքաղաքական կարևորություն ունի։ Եվ այս գրքում դա կգտնես՝ Նախիջևանը, որը ժայռապատկերներից է սկսվում, մեր հնագույն՝ Նոյի ժամանակաշրջանից է սկսվում․ երբ Նոյն իջավ Արարատից։ Այսօր մեզ արգելվում է Արցախ անունն արտաբերել, մոռանում ենք, որ պետք է Նախիջևանից խոսենք, որով շատ ու շատ հարցեր կլուծվեն, և օտարին էլ պարզ կդառնա՝ որն է Հայաստան աշխարհը», -խոսքը շարունակեց Ա․ Մելքոնյանը։

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Միլանի Ամբրոզյան ակադեմիայի անդամ, Մոնպելիեի ակադեմիայի թղթակից անդամ Լևոն Չուգասզյանը նշեց՝ գործ ունենք բացառիկ գրքի հետ, որը ծնվել է Արգամ Այվազյանի բազում հոդվածների հիման վրա։ «Տասնամյակներ շարունակ նա ուսումնասիրել է հարազատ երկրամասի պատմությունը, պատմական հուշարձանները՝ ցույց տալով, որ ունենք հսկայական գանձերի մի տարածք։ Հսկայածավալ աշխատություններ է գրել Ա․ Այվազյանը Նախիջևանի մասին, որը մտածել է տալիս՝ ինչքա՞ն պետք է մարդ սիրի իր հայրենիքը, որ այսքան նվիրումով աշխատի։ Հակառակ բոլոր դժվարությունների՝ այն ազգային արժեհամակարգի տեր մարդիկ, ովքեր ճանաչել են Արգամ Այվազյանին, միշտ աջակցել են նրան», -ասաց Լ․ Չուքասզյանը՝ հավելելով՝ ճիշտ է՝ Այվազյանն օգտագործել է բազում աղբյուրներ գիրքն ստեղծելիս, բայց նա սկսել է արձանագրել այն, ինչ որ ունեցել ենք։ Գիրքը յուրահատուկ հանրագիտարան է հարազատ երկրամասի մասին՝ ներկայացնելով ժայռապատկերներ, խաչքարեր, տապանաքարեր, եկեղեցիներ, վանքեր, գորգարվեստ, զարդարվեստ, կրթություն, և այլ բնագավառներ։

Լ․ Չուգասզյանն Ա․ Այվազյանի կատարած հսկայածավալ աշխատանքը համեմատեց Վերժինե Սվազլյանի՝ Հայոց Մեծ Եղեռնին նվիրված դարձյալ մեծածավալ աշխատանքների հետ։

Խոսելով իր կատարած աշխատանքների մասին՝ Ա․ Այվազյանը նշեց բոլոր դժվարությունները, որ կար խորհրդային տարիներին՝ Նախիջևանում ուսումնասիրելու հայկական պատմական հուշարձանները։ Առավել ցավալի է, երբ կրելով բազում դժվարություններ, հաղթահարելով վտանգներ, գրել է գրքերը, սակայն այս անգամ տպագրության հարցում դժվարությունների է հանդիպել Երևանում։ Նորաստեղծ գրքում, հեղինակի ներկայացմամբ, Նախիջևանը հայ ժողովրդի կազմավորման հնագույն օջախներից մեկն է և կարևոր դեր է ունեցել Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային զարգացման գործընթացում։ Այն եղել է Մեծ Հայքի հարուստ ու զարգացած աշխարհներից մեկը։ Առանձնահատուկ նշանակություն է ունեցել Տիգրան Մեծի օրոք, երբ Գողթն գավառում հիմնադրվել է Տիգրանավան քաղաքը։ Նախիջևանի հոգևոր, մշակութային տնտեսական ու ռազմական կարևորությունը հաշվի առնելով՝ հաճախ միմյանց հետ մրցակցել են Սյունիքի և Վասպուրականի տերերը։

Գրքում ընդգծվում է, որ Նախիջևանը դարեր շարունակ եղել է առևտրական և մշակութային կարևոր կենտրոն՝ կապելով Փոքր Ասիան, Պարսկաստանը և հարակից երկրները։ Տարածաշրջանն անցել է հայ ժողովրդի պատմության բոլոր կարևոր փուլերով և պահպանել հայկական մշակույթի բազմաթիվ արժեքներ։

Ա․ Այվազյանը ներկայացրեց նաև՝ ինչ դժվարությունների է հանդիպել նաև նոր գրքի տպագրության հարցում և շնորհակալություն հայտնեց հովանավորին, շնորհանդեսը կազմակերպողներին։ Ընթացքում էկրանին ցուցադրվեցին Ա․ Այվազյանի հեղինակած տասնյակ գրքերը։

Գրականագետ Աելիտա Դոլուխանյանն առաջարկեց գրքի որոշ քանակ հատկացնել աշխարհի ճանաչված գրադարաններին։ Շնորհանդեսին ներկա էին նաև արցախցի պատմաբաններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ։

Ա․ Այվազյանը ներկայացրեց արցախցի լրագրող Միքայել Հաջյանին, որի որդիները՝ Նորայրն ու Երվանդը, մարտիրոսվել են Արցախյան 2016 և 2020 թթ պատերազմներում։ Դժվար է նրա համար, բայց ուժ է գտնում իր մեջ, ներկա գտնվում նման միջոցառումների։

Պատմաբան Սլավա Սարգսյանը նշեց՝ 20 տարի աշխատել է Ա․ Այվազյանի հետ, և նրա աշխատասիրությունից ոգևորված՝ զբաղվել է Արցախի պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ, գրքեր է հրատարակել։

«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը, ով նույնպես ներկա էր շնորհանդեսին, Ա․ Այվազյանի մասին իր ֆեսբուքյան էջում գրել է․ «Մարդ, որ մի ամբողջ ինստիտուտի գործ է անում։ Դրվատանքի է արժանի Գագիկ Մելիքյանը` մեկենասության համար։ Արգամ Այվազյանը հույս է հայտնում, որ գիրքը կծառայի որպես արժեքավոր աղբյուր հետագա գիտական ուսումնասիրությունների համար և կնպաստի Նախիջևանի պատմության ու մշակույթի պահպանման, ճանաչման և արժևորման գործին»։

Իսկ տնտեսագետ Գոհար Գասպարյանի ֆեսբուքյան էջում կարդում ենք․ «Մեծ պատիվ և անկեղծ հիացմունք ապրեցի՝ մասնակցելով Ա․ Այվազյանի գրքի շնորհանդեսին։ Այս ծավալուն և բացառիկ արժեք ներկայացնող հատորը գիտական մտքի, ազգային հիշողության և մշակութային ինքնության պահպանման եզակի կոթող է։ Տասնամյակների անձնվեր աշխատանքի, դաշտային ուսումնասիրությունների, փաստավավերագրական հարուստ նյութերի և հեղինակավոր աղբյուրների համադրման շնորհիվ Արգամ Այվազյանը ոչ միայն փաստագրել, այլև պատմության համար փրկել ու հավերժացրել է Նախիջևանի հայկական նյութական և հոգևոր ժառանգության անգնահատելի վկայությունները՝ ստեղծելով մնայուն արժեք հայագիտության, պատմագիտության և մշակութաբանության համար»։

Ինչ խոսք, այսօր Նախիջևանում գրեթե ամբողջությամբ ջնջված է հայկական հետքը, և միայն գրքերում ու այլ աշխատություններում է պահպանվել մեր հայրենիքի, մշակույթի, սրբավայրերի ու հայի հետքի մասին։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930