Լրահոս
Օրվա լրահոսը

«Փարոս»-ի աշխատակիցները գումարել-հանել են` 5 երեխա ու ծանր ապրուստ ունեցող Բաբայաններին նպաստից զրկել

Մարտ 19,2015 16:45
npast

Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Օնիկ Բաբայանը հինգ երեխա ունի: Բազմազավակ այս ընտանիքի հայրն, ինչպես ինքն է ասում, իրեն նվաստացած է զգում, քանի որ չի կարողանում վաստակած գումարով երեխաներին կերակրել, լույսի գազի եւ այլ կենցաղային հարցեր լուծել: Սոցիալապես ծանր պայմանները ընտանիքին ուղեկցում են արդեն քանի տարի եւ կառավարության` քաղաքացու բարեկեցիկ կյանքի համար նախատեսված ծրագրերը, չգիտես ինչու, Բաբայանների ընտանիքը շրջանցում են: Երեւանից ոչ այնքան հեռու գտնվող այս գյուղում Օնիկ Բաբայանը, կինն ու անչափահաս երեխաները (երեխաներից միայն մեկն է չափահաս), ապրում են սոցիալապես ծանր պայմաններում: Օրերս էլ Օնիկ Բաբայանը պարզել է, որ ընտանեկան նպաստից է զրկվել: «Փարոսում» գումարել-հանել են եւ պարզել, որ Բաբայանները աջակցության կարիք բոլորովին էլ չունեն. Օնիկ Բաբայանի եկամուտը երեք ամիսների կտրվածքով կազմել է 130 հազար դրամ, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ անչափահաս երեխաներով ընտանիքին նպաստից զրկեն: Մինչդեռ Aravot.am-ի հետ զրույցում, Օնիկ Բաբայանն ասաց, որ իր աշխատանքը գործարքային է եւ ամիս է լինում, որ 20 հազար դրամ գումար է վաստակում, ամիս էլ կա` 50 հազար դրամ. «Մի կերպ ենք ծայրը ծայրին հասցնում, նպաստը գոնե որոշ հարցեր լուծում էր, շատ դժվար է ապրել միայն աշխատավարձով, երկու ուսանող ունեմ, մյուսները` փոքր, կինս չի աշխատում»:

Օնիկ Բաբայանի հորդորներին, որ գան ապրուստը նայեն նոր միայն որոշում կայացնեն, Արտաշատի սոցիալական ծառայության աշխատակիցները ականջալուր չեն եղել. «Շատ-շատ ծանր ենք ապրում, բայց որեւէ մեկը չեկավ ու չտեսավ մեր ապրուստը»:

Ինչո՞ւ են Օնիկ Բաբայանի ընտանիքին նպաստից զրկել՝ Aravot.am-ի հարցին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն ասաց, որ  Բաբայաններն ունեն գյուղատնտեսական նշանակության հողատարածք եւ միաժամանակ` աշխատավարձի բարձրացում. «Ընտանիքի անապահովության մակարդակը որոշվում է ընտանիքի սոցիալական տվյալների համալիր գնահատմամբ, ինչը նշանակում է, որ 9-ը հոգանոց ընտանիքում, 5-ն այս պահին աշխատունակ չափահաս տարիքի մարդիկ  են: Երեխաներից մեկը չափահաս է, մյուսն էլ չափահաս կդառնա մայիսին: Ընտանիքն ունի գյուղատնտեսական նշանակության հողատարածք միաժամանակ աշխատավարձի բարձրացում: Համալիր գնահատման արդյունքում միավորը իջել է, որի պատճառով նպաստի իրավունքը կորցրել է: Սակայն ընտանիքը զբաղվածության ակտիվ ծրագրերի մեջ ընդգրկվելու հնարավորություն ունի եւ դրա համար պիտի դիմեն համայնքապետարան կամ զբաղվածության կենտրոն` թեկուզ սեզոնային աշխատանքով ապահովելու համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031