Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Աշոտ Գիլոյան. «Համայնքների խոշորացման ծրագիրը հնարավորություն է, որպեսզի համայնքները զարգանան»

Ապրիլ 06,2015 15:25

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը չի կիսում այն տեսակետը, թե գյուղական համայնքների բնակիչները դեմ են Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին: Այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում թեմայի շուրջ խոսելիս, նա նշեց, որ բնակիչներն ունեն իրազեկվածության պակաս, սակայն, երբ բացատրում են ծրագրի նպատակի մասին, բնակիչներն իրենց կարծիքները փոխում են:

Աշոտ Գիլոյանը վստահեցնում է՝ համայնքների խոշորացումը միայն վերաբերում է կառավարման ապարատի՝ գյուղապետարանների եւ քաղաքապետարանների խոշորացմանը, իսկ բնակավայրերն իրենց տեղում նույն հասցեներով, անունով մնալու են. «Եթե որեւէ տեղ կա 7 գյուղ եւ 7 համայնք, ապա դրանք խոշորանում են եւ դառնում են մեկը: Ընտրված համայնքի ղեկավարը ներկայացուցիչ է նշանակելու կոնկրետ բնակավայրերում: Իսկ եթե որեւէ համայնքում գործում է հանրային ծառայություն մատուցող կազմակերպություն՝ մանկապարտեզներ, դպրոցներ, բուժկետեր, դրանց խոշորացման մասին խոսք չի գնում»:

Աշոտ Գիլոյանի խոսքով՝ համայնքների խոշորացման ծրագիրը հնարավորություն է, որպեսզի համայնքները զարգանան. «Այսօր ունենք 915 համայնք եւ մոտ 1000 բնակավայր: Այս համայնքներից մոտ 400-ում մինչեւ հազար բնակիչ կա եւ այդքան քիչ բնակիչների լավ ծառայություններ չեն մատուցվում, քանի որ համայնքները բավարար հնարավորություններ չունեն: Ավելի նպատակահարմար է ճանապարհ կառուցել եւ տրանսպորտ տրամադրել, որպեսզի երեխաները կողքի համայնքում մանկապարտեզ հաճախեն, քանի որ իրենց համայնքի մանկապարտեզն ու դպրոցը ապահովելու համար բավարար միջոցներ չկան»:

Հարցին, թե որտեղի՞ց պետք է գումար տրամադրվի, որպեսզի այդ համայնքները զարգանան, նա նշեց, որ պիլոտային ծրագրի շրջանակներում միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ներդրումներ են իրականացվելու համայնքներում:

Ինչ վերաբերում է համայնքների խոշորացման վերաբերյալ հասարակության կարծիքն իմանալու համար մայիսի 17-ին իրականացվելիք հանրաքվեին, պրն Գիլոյանը օրինակ բերեց, որ եթե հանրաքվե իրականացնող փնջում, որը կազմված է 7 համայնքներից եւ համայնքներից մեկում արդյունքը լինի բացասական, կարելի է այդ մի գյուղի կարծիքը հաշվի չառնել:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Ուշադիր կարդացեք թե ինչեր է իրազեկում “ժողովրդի սիրով այրվող” այս չինովնիկը
    այստեղ ասում է՝
    //եթե որեւէ համայնքում գործում է հանրային ծառայություն մատուցող կազմակերպություն՝ մանկապարտեզներ, դպրոցներ, բուժկետեր, դրանց խոշորացման մասին խոսք չի գնում»://
    Իսկ քիչ հետո ասվում է հակառակը՝
    // որպեսզի երեխաները կողքի համայնքում մանկապարտեզ հաճախեն, քանի որ իրենց համայնքի մանկապարտեզն ու դպրոցը ապահովելու համար բավարար միջոցներ չկան»: //
    Այս էլ “հանրաքվեի” նոր մեկնաբանություն`
    //պրն Գիլոյանը օրինակ բերեց, որ եթե հանրաքվե իրականացնող փնջում, որը կազմված է 7 համայնքներից եւ համայնքներից մեկում արդյունքը լինի բացասական, կարելի է այդ մի գյուղի կարծիքը հաշվի չառնել://
    Սա ցույց է տալիս որ քաղաքներում ալաֆը պրծել է, հիմա աչքները տնկել են բնական սակավ ռեսուրսներին, որը գյուղացու ապրելու միակ միջոցն է: Դրա համար էլ նախ պիտի գլխատեն, ծնկի բերեն արդեն իսկ կիսադատարկ համայնքներին, որն էլ ձեռնարկել են:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930