Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրն ամիսներով երեխային չտեսնելուց հետո մի քանի րոպե կարողացավ գրկել նրան

Ապրիլ 09,2015 16:00

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում երիտասարդ մայրը, որը 4-ամյա դստերը 7 ամիս է՝ չէր տեսել, չէր կարողանում գրկել, համբուրել. փոքրիկը թույլ չէր տալիս: Փոքրիկ Մերին ծնողների անհաշտության պատճառով զրկվել է մոր գուրգուրանքից. Մերին ապրում է հոր եւ հորական տատի հետ: Չնայած երեխայի հայրը՝ Արկադի Գեւորգյանը, մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ երբեք արգելք չի ստեղծել մոր եւ երեխայի տեսակցությանը, սակայն մայրը՝ Սյուզաննա Գրիգորյանն էլ պնդում է, որ ամիսներ շարունակ չէր կարողացել հանդիպել Մերիին, քանի որ ամուսինը խոչընդոտներ էր ստեղծում: Երեկ դատարանի բակում, երբ մայրը փորձում էր գրկել իր փոքրիկին, երեխան անդադար լաց էր լինում, հորից ու տատից էր կառչում, ասում էր՝ «Ինձ բաց մի թողեք, չեմ ուզում, թող չտանեն»:

Սյուզաննա Գրիգորյանը երեխայի այդ վարքագիծը վերագրում է երկար ժամանակ նրա հետ չհանդիպելուն. «Երեւի Մերին նեղացած է ինձնից»: Ու թեեւ փոքրիկը դիմադրում էր, ի վերջո մորը հաջողվեց երեխային գրկել, սիրտը շահել ու փոքր-ինչ կարոտն առնել: Մոտ 30 րոպե երեխայի հետ շփվելուց, միասին նվերներ գնելուց հետո մայր ու դուստր նորից բաժանվեցին. Մերին հոր հետ գնաց տուն, մայրն էլ՝ իր հորական տուն:

«Առավոտը» 18.02.2015-ի «Ինձ թոշակառու կնիկ պետք չի» հրապարակմամբ անդրադարձել էր փոքրիկ Մերիի ծնողների միջեւ ծագած խնդրին: Բանն այն է, որ Արկադի Գեւորգյանն ու նրա մայրը, ինչպես մեզ հետ զրույցում էին պատմել, երբ ամուսնանալուց հետո պարզել են, որ Սյուզաննան 3-րդ կարգի հաշմանդամ է, հրաժարվել են նրանից՝ հիմնավորելով, որ ամուսնանալուց առաջ այդ մասին չեն իմացել: Նույն հրապարակման մեջ Սյուզաննա Գրիգորյանի սկեսուրը՝ տիկին Սուսաննան, ասել էր՝ «Նա տելեւիզորին թեք ա նայում, ասեղը թեք ա թելում, էրեխու մազերը գլուխը թեքած ա սանրում, գլխիցը շաշ ա: Ներվերի հիվանդ ա: Ուղարկել էինք բուժվելու»: Երեկ էլ մեզ հետ զրույցում Արկադի Գեւորգյանը նույնը պնդեց՝ «Սյուզին ներվերի հետ պրոբլեմ ունի, «տաբլետկեք ա» խմում:

Ամուսնանալուց առաջ չեն ասել, որ հաշմանդամ ա, թոշակ ա ստանում»: Նշենք, որ Սյուզիի առողջական խնդրի վերաբերյալ մեր նախորդ հրապարակման մեջ համապատասխան բժիշկը ծանոթանալով Սյուզիի սկեսրոջ տրամադրած հարսի հիվանդության վերաբերյալ բժշկական եզրակացությանը՝ ասել էր. «Սա վտանգավոր հիվանդություն չէ, ֆիզիկական կարողությունների սահմանափակում չկա, իսկ մտավոր հետամնացության մի քանի աստիճան կա, սա թեթեւն է, որը երեխայի խնամքին չի խանգարում: Ամեն ինչ դատաբժշկական փորձաքննությունը պիտի պարզի»:
Թե ծնողներից ում հետ կշարունակի ապրել 4-ամյա Մերին՝ պիտի որոշի դատարանը: Սյուզաննան հայցով դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջով: Երեկվա նիստում Սյուզիի նոր փաստաբան Նարինե Մկրտչյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ գործի նյութերին ծանոթանալու համար. դատարանն այն բավարարեց եւ հաջորդ նիստը նշանակեց ապրիլի 28-ին:

Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ հայցի պահանջը պետք է որոշակի փոփոխության ենթարկի, վերաձեւակերպի՝ երեխայի բնակվելեու վայրը որոշելու պահանջով:

«Ընտանեկան օրենսգրքում նման նորմ չկա, որ երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնվի ծնողներից մեկին, երեխային խնամելն ու դաստիարակելը ծնողների պարտականությունն է նույն օրենսգրքով: Բայց կա երեխայի բնակության վայրը որոշելը՝ ում հետ պետք է երեխան ապրի, եթե ծնողներն առանձին են ապրում: Այս փոփոխությունները պիտի անեմ»,- ասաց փաստաբան Նարինե Մկրտչյանը: Նրա ներկայացմամբ՝ հաջորդ նիստին պիտի ներկայացվի Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը. երեխայի հայրը Վանաձորի բնակիչ է, իսկ մայրը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի: Բերդի քաղաքապետարանը որոշել է, որ Սյուզաննան աշխատանք ունի, կարող է անարգել բնակվել հորական տանն ու խնամել երեխային: Նշենք, որ հանձնաժողովն ուսումնասիրելով ամուսինների բնակության ու կենցաղային պայմանները, աշխատունակությունն ու եկամուտները՝ որոշում է երեխայի բնակության վայրի նպատակահարմարությունը: Հենց այս հանձնաժողովների եզրակացություններն, ինչպես նշեց փաստաբանը, օրենքի պահանջ են, եւ դրանք կարող են որոշիչ լինել դատարանի վճռի համար, սակայն մինչ այդ դատարանը կլսի կողմերի դիրքորոշումը, գործում առկա ապացույցներն ու որոշում կկայացնի՝ 4-ամյա Մերին հետագայում է՞լ կապրի հոր հետ, թե՞ մոր:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930