Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունը միջազգային հնչեղություն ստացավ

Մայիս 06,2015 12:00

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված հինգ անդամների ձերբակալությունը նաեւ միջազգային հնչեղություն էր ստացել, անգամ Human Rights Watch իրավապաշտպան միջազգային կազմակերպությունն էր կոչ արել ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին ու նրա աջակիցներին:

ՄԱԿ-ի շրջանակներում գործող Տեղեկատվական Հասարակության Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության ժյուրիի անդամները եւս խորը մտահոգություն էին հայտնել իրենց գործընկերոջ՝ համակարգչային գործի գիտակ Գարեգին Չուգասզյանի եւ նրա ընկերների բանտարկության կապակցությամբ:
Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության ժյուրիի միջազգային անդամները իրենց երկրների ղեկավարներին եւ դեսպանատներին, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին եւ Հայաստանի նախագահին նամակներ էին հղել՝ պահանջելով ազատ արձակել հինգ քաղբանտարկյալներին: Նման մի նամակ էլ Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, դոկտոր Պիտեր Բրուկը Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին էր գրել:
«Առավոտը» Գարեգին Չուգասզյանի եղբորից՝ Ճանաչված գիտնական, Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այս ամենին, եւ իր կարծիքով՝ ինչո՞ւ հանկարծ մոռացվեց Գարեգին Չուգասզյանի եւ ընդհանրապես այդ ընտանիքի մատուցած ավանդը այս երկրին եւ ժողովրդին:

«Ես կարծում եմ, որ Գարեգինի եւ ընկերների ձերբակալությունը միջազգային աղմուկ է բարձրացնելու եւ դա փաստորեն վնասելու է Հայաստանի միջազգային հեղինակությանը ու արտաքին հարաբերություններին: Ձնագնդի նման աճելու է միջազգային աղմուկը: Ես ամենասկզբից ասում էի, որ դա այդպես կլինի եւ սխալ, անիմաստ քայլ էր նրանց ձերբակալությունը: Գարեգինը միջազգային հեղինակություն ունեցող գիտնական է եւ բարի համբավ ունի նաեւ հայկական Սփյուռքում: Իր համեստության պատճառով նա միշտ լռել է իր մասնագիտական գործերի մեծ մասի վերաբերյալ: Իմ զգուշացումներին ուշադրություն չդարձրեցին»,- ընդամենն ասաց Լեւոն Չուգասզյանը:

Մայիսի 4-ին վերջապես ազատ արձակվեցին ապրիլի 7-ին ձերբակալված եւ երկու օր անց կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» հինգ անդամները: Ընդ որում, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանն ազատ արձակվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, իսկ նախաձեռնության անդամներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը եւ Գեւորգ Սաֆարյանը ՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Հիշեցնենք, որ մասնավորապես Գարեգին Չուգասզյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ նույն խցում էր գտնվում:

Գարեգին Չուգասզյանն ազատվելուց հետո հայտարարել էր, որ իրենց կալանավորումն ու ազատ արձակելը փաստում են ռեժիմի ջղաձգությունները: Ինչ վերաբերում է իր տրամադրությանը, այն մարտական է, իսկ խցակիցների հետ ունեցել է ընդամենը գեղագիտական տարբերություններ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    ԱՆՁԱՄԲ ՃԱՆՉՈԻՄ ԵՄ
    Գարեգին Չուգասզյանն աշխատանքային փորձ ունի պետական, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական ոլորտներում: 1997թ. ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հրատարակությունների վարչության ղեկավարի պաշտոնում Գ. Չուգասզյանը հաջողությամբ նախաձեռնել և իրականացրել է Հայաստանում առաջին արբանյակային հեռուստատեսության մուտքը հասարակական կյանք: Վերջին 15 տարիներին նա ակտիվ գործունեություն է ծավալել մուլտիմեդիայի ոլորտում` ղեկավարելով կարևոր ծրագրեր: Նա «Տեղեկատվական տեխնոլոգիական կրթություն» ընկերության նախագահն է: Ներկայումս նա Եվրոպայի խորհրդի ԶԼՄ-ների և նոր հաղորդակցային ծառայությունների ղեկավարող կոմիտեի բյուրոյի (CDMC), ՄԱԿ-ի Տեղեկատվական և հաղորդացկային տեխնոլոգիաների և զարգացման համաշխարհային ալյանսի բարձրակարգ խորհրդատուների խմբի (GAID) և Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ է հանդիսանում: Գարեգին Չուգասզյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի համահիմնադիրն է և գործադիր տնօրենը:

    2012 թ. նոյեմբերից Նախախորհրդարանի համակարգողն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031