Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը կարծում է, որ Շուշիի ազատագրումը մեր հետագա հաղթանակների վրա մեծ ազդեցություն է ունեցել՝ հայերիս մեջ արթնացնելով հաղթողի ոգին:
Բանաստեղծն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեց, որ երբ ազատագրումից առաջ «գարունականներով» այցելել են Շուշի, մի տեսակ ճնշվածություն են զգացել. «Կարծես դա Շուշին չէր, այլ մի բանտ էր, ու դու գնացել ես սիրեցյալիդ տեսակցության: Բայց երբ Շուշին դարձավ Շուշի, և եկեղեցին բացեց իր ճակատը, դա արդեն լրիվ ուրիշ զգացողություն էր՝ ուժի գիտակցություն, հպարտություն… Ես հասկացա, որ Արցախն ազատագրվել է ամբողջությամբ: Ճիշտ է՝ այժմ լիարժեք ու այն կյանքով չի ապրում Շուշին, որով պետք է ապրեր, բայց դա, կարծում եմ, ժամանակի հարց է»,- ասաց Ղ. Սիրունյանը:
Դառնալով Շուշիի ազատագրումից հետո որոշ մարդկանց կողմից հնչեցրած այն կարծիքներին, թե Շուշին թուրքերը պարզապես տվել են հայերին, բանաստեղծն ասաց. «Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավարի՝ Կոմանդոսի արածն այդ մարդիկ ուղղակի ուզում էին ստվերել: Ասում էին՝ ի՞նչ է արել որ: Դե եթե Շուշիի ազատագրումն այդ մարդկանց ոչինչ չի ասում, ի՞նչ կարող ենք ասել մենք: Փոքրիկ վայրահաչություններ էին, որ շուտով մարեցին-գնացին, որովհետև իրական ոչ մի հիմք չունեին»:

Կարդացեք նաև
Նրա պատմելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Շուշիի ազատագրման օրերին Պարսկաստանում է եղել. «Հանդիպում էր Ադրբեջանի ու Պարսկաստանի նախագահների հետ: Իբր թե Պարսկաստանը պիտի միջնորդ դառնար, որ երկու երկրների միջև խաղաղություն հաստատվեր: Հանդիպման ժամանակ մի պարսիկ մոտենում է իրենց նախագահին, ինչ-որ բան է ասում, որից հետո Պարսկաստանի նախագահը ոտքի է կանգնում ու ասում՝ շնորհավորում եմ, Շուշին ազատագրված է: Այդ լուրից հավասարապես սփրթնում են և´ Ադրբեջանի, և´ Հայաստանի նախագահները: Շուշիի ազատագրմանը Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չէր սպասում»,- ասաց Հ. Վարդումյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


















































