Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Շուշին ազատագրվեց առանց իշխանությունների թույլտվության». Հակոբ Վարդումյան

Մայիս 08,2015 15:47

Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը կարծում է, որ Շուշիի ազատագրումը մեր հետագա հաղթանակների վրա մեծ ազդեցություն է ունեցել՝ հայերիս մեջ արթնացնելով հաղթողի ոգին:

Բանաստեղծն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեց, որ երբ ազատագրումից առաջ «գարունականներով» այցելել են Շուշի, մի տեսակ ճնշվածություն են զգացել. «Կարծես դա Շուշին չէր, այլ մի բանտ էր, ու դու գնացել ես սիրեցյալիդ տեսակցության: Բայց երբ Շուշին դարձավ Շուշի, և եկեղեցին բացեց իր ճակատը, դա արդեն լրիվ ուրիշ զգացողություն էր՝ ուժի գիտակցություն, հպարտություն… Ես հասկացա, որ Արցախն ազատագրվել է ամբողջությամբ: Ճիշտ է՝ այժմ լիարժեք ու այն կյանքով չի ապրում Շուշին, որով պետք է ապրեր, բայց դա, կարծում եմ, ժամանակի հարց է»,- ասաց Ղ. Սիրունյանը:

Դառնալով Շուշիի ազատագրումից հետո որոշ մարդկանց կողմից հնչեցրած այն կարծիքներին, թե Շուշին թուրքերը պարզապես տվել են հայերին, բանաստեղծն ասաց. «Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավարի՝ Կոմանդոսի արածն այդ մարդիկ ուղղակի ուզում էին ստվերել: Ասում էին՝ ի՞նչ է արել որ: Դե եթե Շուշիի ազատագրումն այդ մարդկանց ոչինչ չի ասում, ի՞նչ կարող ենք ասել մենք: Փոքրիկ վայրահաչություններ էին, որ շուտով մարեցին-գնացին, որովհետև իրական ոչ մի հիմք չունեին»:

Hovik Vardumyan-Ghukas Sirunyan«Կոմանդոսն ասում էր՝ 2500 զինվորով հնարավոր է վերցնել Շուշին, իսկ Գուրգեն Դարիբալթյանը 10 հազար զինվորով էր պատկերացնում Շուշիի ազատագրումը: Սակայն ամբողջ Արցախում 7500 զինվոր կար: Չնայած նրան, որ Կոմանդոսի նախագծած պլանը շատերին հեքիաթ էր թվում, բայց այն անցավ: Ռազմական գործողությունը սկսելուց առաջ պետք է Հայաստանի ղեկավարությունը հաստատեր պլանը: Բայց ոչ ոք չհաստատեց, քանի որ գտնում էին՝ դեռ վաղ է նման լայնածավալ գործողություններ իրականացնելու համար, պետք է նախ համապատասխան քանակի զինուժ ունենալ: Սպայական կազմի որոշմամբ՝ Կոմանդոսի պլանն իրագործվեց. ինքնուրույն արեցին՝ առանց թույլտվության: Հաջողության չհասնելու դեպքում կախաղան կհանեին Կոմանդոսին: Բայց մարդը ռիսկի դիմեց և հաջողեց»,- հավելեց գրող, հրապարակախոս Հակոբ Վարդումյանը:

Նրա պատմելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը Շուշիի ազատագրման օրերին Պարսկաստանում է եղել. «Հանդիպում էր Ադրբեջանի ու Պարսկաստանի նախագահների հետ: Իբր թե Պարսկաստանը պիտի միջնորդ դառնար, որ երկու երկրների միջև խաղաղություն հաստատվեր: Հանդիպման ժամանակ մի պարսիկ մոտենում է իրենց նախագահին, ինչ-որ բան է ասում, որից հետո Պարսկաստանի նախագահը ոտքի է կանգնում ու ասում՝ շնորհավորում եմ, Շուշին ազատագրված է: Այդ լուրից հավասարապես սփրթնում են և´ Ադրբեջանի, և´ Հայաստանի նախագահները: Շուշիի ազատագրմանը Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չէր սպասում»,- ասաց Հ. Վարդումյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031