Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից հետո իր ծննդյան օրը նշում էր զավակների, զինակից ընկերների, հարազատների հետ

Մայիս 11,2015 15:10

Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը: Դժվարին մի հաղթանակ, որում լուրջ մասնաբաժին ունի նաև մեր փոքրիկ հանրապետությունը: Պատերազմը ոչ մեկի տան մոտով աննկատ չի անցել: Դրա հետևանքները մինչև օրս զգացնել են տալիս:

Խորհրդային Հայաստանի Հանրապետությունից և ԼՂՀ-ից մասնակցել է շուրջ 600 հազար հայ մարտիկ, նրանցից մոտ 300 հազարը չեն վերադարձել:

Միայն Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել է 100 հազար հայորդի, նրանցից 20 հազարն ընկել է մարտի դաշտում:

Սանկտ Պետերբուրգում 2014 թվականին Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ լույս է տեսել «Հայերը Լենինգրադի համար մղվող մարտում» («Армяне в битбе за Ленинград») կենսագրական գիրքը, ուր տեղ է գտել 3000 հայորդու կենսագրություն՝ լուսանկարներով: Նրանցից մեկն էլ Անդրանիկ Արմենակի Մնացականյանն է, ում դեռ 1946թ. մայիսի 9-ին՝ հաղթանակի առաջին տարելիցի առթիվ անձամբ շնորհավորել էր բանակի գեներալ, հետագայում մարշալ՝ Հովհաննես Բաղրամյանը: Այս ողջ տեղեկությունը պահպանված է Լենինգրադի շրջափակմանը վերաբերող պետական արխիվում:

Ստորև ներկայացված նամակն ու Անդրանիկ Մնացականյանի բոլոր պարգևները սրբորեն պահում-պահպանում են նրա զավակները: Ի դեպ, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի բնակիչ Հրաչյա Պողոսյանը Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին կառուցել է 9 հուշարձան, որոնցից 5-ը՝ Սանկտ Պետերբուրգում: Այսօր, որքան էլ իրարամերժ կարծիքներ հնչեն, միևնույն է, 1945թ. մայիսի 9-ը նաև մեր հաղթանակի օրն է, մեր մարտիրոսված հերոսների, զինվորների, հաղթանակով տուն վերադարձած մեր հայրերի ու պապերի լուսավոր հիշատակի օրն է: Փառք նրանց:

Անդրանիկ Մնացականյանը ծնվել է 1919թ. օգոստոսի 15-ին Թալինի շրջանի Վերին Թալին քաղաքում՝ Մշո Դութաղ գյուղից գաղթած Արմենակի ընտանիքում: 1939թ. ավարտել է հարազատ գյուղի միջնակարգ դպրոցը և նույն թվականի սեպտեմբերին զինվորագրվել Թալինի զինկոմիսարիատի կողմից: Ծառայել է Արևմտյան Բելոռուսիայի Մոլոդեչնո քաղաքում՝ 115-րդ հրաձգային գնդում: Եղել է Լենինգրադի ճակատում, որպես շարքային կարմիր բանակային, Լենինգրադի պաշտպանության և ազատագրման մասնակից է: 1941թ. օգոստոսի 16-ին մարտնչել է 533-րդ հրաձգային գնդի 128-րդ հրաձգային դիվիզիայում, որպես կապավոր՝ Պոդբերյոզե և Տրուբիչինո շրջաններում: 1941թ. օգոստոսի 25-ին ուղարկվել է Լենինգրադի պարետատուն: Իսկ մինչ այդ մարտնչում էին Նովգորոդի համար, որտեղ զորքերի հրամանատարն էր Վորոշիլովը:

«Նովգորոդի կռիվներում ես կապավոր էի: Ինձ ու 4 ընկերներիս հրաման տրվեց՝ անցնել թշնամու կողմը և այնտեղից դուրս բերել հեռախոսագծերը: Հրամանը կատարելիս իմ ընկերներից 2-ը զոհվեցին, մնացածս անթերի կատարեցինք առաջադրանքը»,- գրել է իր հուշերում երբեմնի մարտիկը:

Հետագայում Անդրանիկ Մնացականյանը մարտնչել է որպես կապավոր, իսկ բլոկադայի ճեղքման ժամանակ եղել է 248-րդ հրետանային գնդի 86-րդ հրաձգային դիվիզիայում: Այդ ժամանակ էր, որ իր հրամանատարի հետ թշնամու դիրքերը աշտարակից հետախուզելու առաջադրանք էր ստացել: Երկու անգամ նրանց հաջողվում է աննկատ մնալ, սակայն երրորդ անգամ բարձրանալիս նրանց նկատում է հակառակորդը և կրակ բացում: Անդրանիկը վիրավորվում է թևից, իսկ հրամանատարը՝ թևից ու ոտքից: Վիրավոր Անդրանիկին հաջողվում է ավելի ծանր վիրավոր հրամանատարին հասցնել դաշտային հիվանդանոց: Որպես գվարդիայի սերժանտ՝ կռվել է 21-րդ հրետանային բրիգադի 12-րդ մարտկոցում, եղել է հրանոթների հրամանատարի օգնականը մինչև 1943թ. մայիսը, այնուհետև մինչև 1943-ի վերջը՝ 1640-րդ հրետանային գնդի հրանոթների հրամանատարը:

«Լենինգրադում մեր կրած դժվարություններն աննկարագրելի էին, սակայն մենք այն տանում էինք առանց ընկճվելու և հպարտությամբ: Երբեմն հրանոթները շալակած էինք տանում: Չկար սննդամթերք, օրերով քաղցած էինք մնում անընդմեջ ռմբահարումների տակ, սակայն չէինք վհատվում, ձեռք ձեռքի տված կռվում էին հայն ու ռուսը, ուկրաինացին ու բելառուսը»,- գրել էր զինվորը: Անդրանիկ Մնացականյանը վիրավորվել էր 4 անգամ, չնայած դարձել էր 2-րդ խմբի հաշմանդամ, այդուհանդերձ, կրկին վերադարձել է ռազմի դաշտ: Ցուցաբերած քաջության համար նա երկու անգամ պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով՝ հակառակորդի 2 «Վագր» տանկ ոչնչացնելու համար և մի շարք այլ մեդալներով՝ «Լենինգրադի պաշտպանության համար», « Քյոնիզբերգի գրավման համար», «Ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար», ինչպես նաև 1985 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի 40-ամյակի առթիվ «Հայրենական պատերազմի առաջին աստիճանի» շքանշանով: Նրա համար առանձնակի թանկ էր մեր հայրենակցի, Մերձբալթյան զինկոմի, հետագայում մարշալ՝ Հովհաննես Բաղրամյանի շնորհակալական նամակը, ուր մասնավորապես ասվում էր՝ «Զինվորական խորհուրդը երախտապարտ է Ձեզ՝ հաղթանակած Կարմիր բանակի զինվորին՝ հայրենիքին անմնացորդ ծառայելու համար, որը Հայրենական մեծ պատերազմում անցել է փառահեղ մարտական ուղի» ( 9 մայիսի 1946 թ., Ռիգա):

Շուրջ 7 տարի ծառայելուց հետո Անդրանիկ Մնացականյանը 1946թ. մայիսի 28-ին զորացրվում է՝ որպես պահեստի լեյտենանտ և տուն վերադառնում: Աշխատում է շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ: Ամուսնացել է, ունեցել 6 զավակ՝ 2 որդի (Նազարեթ և Մնացական), 4 դուստր (Անահիտ, Հասմիկ, Լաուրա և Ալվարդ): Զավակները բոլորն էլ ստացել են բարձրագույն կրթություն և պատվով են շարունակում ծնողների հայրենանվեր գործերը: Եթե ողջ լիներ Անդրանիկ Մնացականյանը, ապա այսօր էլ կհպարտանար իր ժառանգներով՝ զավակներով, 29 թոռ ու ծոռով, հատկապես կրտսեր Անդրանիկ Մնացականյանով, ով ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, կարմիր դիպլոմով՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ու իրականացրել պապի վաղնջական երազանքը՝ դարձել դատավոր:

Անդրանիկ Մնացականյանին շնորհվել է Լենինգրադի պատվավոր քաղաքացու կոչում և բնակարան առաջարկվել Լենինգրադում, սակայն նա նախընտրել է հարազատ Թալինը: Ավելին՝ նա դատապարտում էր նրանց, ովքեր լքում էին հայրենի եզերքն ու հեռանում երկրից: Անդրանիկ Մնացականյանն այն եզակի մարդկանցից էր, ով պատերազմից հետո իր ծննդյան օրը նշում էր զավակների, զինակից ընկերների, հարազատների և բարեկամների հետ՝ մայիսի 9-ին: Դա բացատրում էր այն հանգամանքով, որ իր շատ ընկերներ չեն վերադարձել պատերազմից ու ինքն ապրելով պետք է ապրեցնի նաև նրանց հիշատակը, իսկ դրա համար ծննդյան ամենահարմար օրը մայիսի 9-ն էր: Այդ օրը հիշատակվում էր որպես զարթոնքի, վերածննդի, ձեռքբերումների օր, որում անմասն չէր մնացել Անդրանիկ Մնացականյանը:

 ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

09.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031