Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն իր էներգետիկ անկախությունը վաղուց կորցրել է եւ արդեն կորցնելու բան չունի»

Հունիս 20,2015 14:30

Էներգետիկ փորձագետները պատասխանում են
տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի մտահոգություններին

Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը կկորցնի իր էներգետիկ անկախությունը, քանի որ ԵՏՄ շրջանակներում էլեկտրաէներգիայի միասնական շուկա է ձեւավորվելու, ինչի պարագայում Հայաստանի էներգետիկան կհայտնվի վերջնական շրջափակման մեջ եւ չի կարող խուսափել աղետից:

Այսպիսի մտահոգություն է հայտնում տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը, որն օրերս ներկայացրեց «Ռուսաստանի նոր քաղաքականությունը եւ Հայաստանի էներգետիկ շրջափակումը» թեմայով հետազոտության արդյունքները: Ըստ տնտեսագետի՝ Ռուսաստանում եւ Ղազախստանում արտադրվող էլեկտրաէներգիան ավելցուկային է, հետեւաբար այդ ավելցուկը պետք է արտահանվի որեւէ երկիր:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի եւ Ղազախստանի էներգետիկ հզորություններն աշխատում են թերբեռնված, քանի որ այդ երկրներում արտադրության հիմնական շարժիչ ուժը գազն է, եւ որպեսզի այդ երկրների հզորությունների արդյունավետության գործակիցը բարձրանա, հենց այդ նպատակով էլ ստեղծվել է էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա. «Բնական է, որ այս դեպքում կշահի Ռուսաստանը, որի էլեկտրաէներգետիկան ԵՏՄ մյուս երկրների համեմատությամբ ավելի մրցունակ է, քանի որ ապահովված է ավելի էժան սեփական էներգառեսուրսներով»:

Պարոն Եղիազարյանը փաստում է, որ ներկայումս Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի արտադրող հզորությունների արդյունավետության գործակիցը կազմում է մոտ 60%:

Նրա համոզմամբ՝ Ռուսաստանը Հայաստանի էլեկտրաէներգետիկան փաստացի շրջափակել է. «Ի վերջո, եթե Հայաստան ներմուծվող թանկ գազը պետք է վերածվի էլեկտրաէներգիայի, իսկ մենք չունենանք ատոմակայան, էժան էներգիայի աղբյուրներ, արտադրված էլեկտրաէներգիան շատ թանկ կլինի, իսկ էլեկտրաէներգետիկա ունենալն ու պահելը կիմաստազրկվի: Հայաստանի սպառողները պարզապես այլ ելք չեն ունենա, քան էլեկտրաէներգիան գնել Ռուսաստանի մատակարարներից՝ դրա համար վճարելով ոչ միայն նրանց, այլեւ Վրաստանի կամ Ադրբեջանի փոխանցող ցանցերին՝ էլեկտրաէներգիայի տարանցման համար»:

Աշոտ Եղիազարյանի այս տեսակետը, սակայն, չի կիսում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի էներգետիկ ոլորտի ավագ տնտեսագետ Արթուր Կոչնակյանը: «Առավոտը», վկայակոչելով պարոն Եղիազարյանի մտահոգությունները, ՀԲ փորձագետից հետաքրքրվել էր, թե իրատեսակա՞ն է ԵՏՄ շրջանակներում պատրաստվող այդ սցենարը, ըստ որի՝ Հայաստանը զրկվելու է իր էներգետիկ անկախությունից եւ էլեկտրաէներգիա է ստանալու Ռուսաստանից ու Ղազախստանից:
Արթուր Կոչնակյանի խոսքերով՝ եթե Հայաստանը միանալու է ԵՏՄ միասնական էներգետիկ համակարգին եւ ժամանակ առ ժամանակ հնարավորություն է ունենալու կամ մատակարարելու, կամ ստանալու էժան էլեկտրաէներգիա, ապա դա միայն ի շահ սպառողի է. «Ես որոշ չափով տեղյակ լինելով Ղազախստանի էներգետիկ համակարգին՝ չէի ասի, որ Ղազախստանի էներգետիկ համակարգում կան այնքան հավելյալ պարապուրդի մատնված արտադրական հզորություններ, որ ԵՏՄ-ին միանալուց հետո դրանք բոլորը շահագործվելու են, եւ Ղազախստանը սկսելու է բավարարել բոլորի էներգետիկ պահանջարկը: Եթե դուք տեսնեք՝ ինչպիսի վիճակ է Ղազախստանի էներգետիկ համակարգում, ապա այնտեղ ամենեւին էլ այդքան ավելցուկային հզորություններ չկան, եւ նույնիսկ Ղազախստանին է պետք կառուցել նոր արտադրական հզորություններ՝ իրենց ներքին պահանջարկը բավարարելու համար»:

«Հայաստանն իր էներգետիկ անկախությունը վաղուց կորցրել է եւ արդեն կորցնելու բան չունի»,- մեր հարցին, թե ԵՏՄ մտնելով՝ վտանգվո՞ւմ է Հայաստանի էներգետիկ անկախությունը, այսպես պատասխանեց էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանը: Նրա կարծիքով. «Ոչ մի Ղազախստան, Ղրղըզստան որեւէ դեր չեն խաղում, եւ այս ամենը մտացածին բաներ են»:

Պարոն Սահակյանին ավելի շատ մտահոգում է այն, որ «մեր էներգետիկ անկախությունը մեր ձեռքում է», սակայն մեր երկիրն այդ ուղղությամբ որեւէ քայլ չի անում. «Ընկել ենք ատոմակայանի հետեւից եւ բոլորովին մոռացել ենք այլընտրանքային ու ավելի կայուն աղբյուրները: Ամենամեծ աղբյուրը մեզ մոտ ոչ ավանդականն է, որով որեւէ բան չի արվում, երկրորդը՝ եղած հիդրոռեսուրսներն են, որոնք բավականին չեն, բայց որոշակի լուրջ դեր կարող են խաղալ մեր էներգահամակարգում: Վերջիվերջո հարավային երկրները լցված են գազով ու նավթով, եւ ամբողջ աշխարհը դրանից է օգտվում, եւ այդ պատճառով էլ մեր էներգետիկ անկախությունն այստեղ կապ չունի»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից եւ Ղազախստանից էլեկտրաէներգիա ստանալուն, ապա Էմիլ Սահակյանը գտնում է, որ դա գրեթե անհնար է. «Եթե քարտեզին նայում ես, ապա էլեկտրաէներգիայի տեղափոխումը հազարավոր կիլոմետրերի, խելքին մոտիկ բան չէ, երեւակայության բան է, որովհետեւ ինչ ուզում է լինի, ինչ ավելցուկ էլ լինի՝ երկար տարածությունով էներգիա տեղափոխելը չափազանց կորստաբեր է, ճանապարհին անտանելի շատ կորուստներ են տեղի ունենում, եւ իրեն չի արդարացնում»:

Աշոտ Եղիազարյանն իր հետազոտությունում նաեւ մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանի էներգետիկ համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. «Առաջիկա տասնամյակում համակարգի հիմնական մարտահրավերներն են լինելու՝ բավարար էներգամատակարարման ապահովումը, Ռուսաստանից էներգետիկ կախվածության չեզոքացումը, համակարգի արդիականացման համար ներդրումների ներգրավումը, սպառողների համար՝ էներգամատակարարման մատչելիության ապահովումը»:

Պարոն Եղիազարյանի համոզմամբ՝ այդ մարտահրավերներին հնարավոր է պատասխանել միայն ինքնուրույն էներգետիկ քաղաքականության իրականացմամբ, ինչը, սակայն, ԵՏՄ շրջանակներում բացառվում է, քանի որ ԵՏՄ-ում լինելով՝ Հայաստանի այլընտրանքային հնարավորությունները էապես սահմանափակված են:

Տնտեսագետը գտնում է, որ էլեկտրաէներգիայի միասնական շուկա ունենալու դեպքում Հայաստանը կարող է ընդհանրապես էլեկտրաէներգետիկա չունենալ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930