Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Տուսկի երեւանյան մեսիջը` Հայաստանը կարող է հույս դնել ԵՄ-ի վրա

Հուլիս 23,2015 15:30

ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, բայց ԵՄ-ում դեռ քննարկում են ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատի հարցը:

Հուլիսի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններ վարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում որոշակի աշխուժացման եւ, մասնավորապես, Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ճշգրտման ֆոնին Տուսկի այցը բավական ուշագրավ փուլում կայացավ:

Սերժ Սարգսյանը Տուսկի հետ բանակցություններում արձանագրեց, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, եւ վստահեցրեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացումը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների եւ բարեփոխումների հետագա խորացումը կրելու են շարունակական բնույթ: «Լիահույս եմ, որ առաջիկայում կմեկնարկեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Ուշագրավ էր Դոնալդ Տուսկի մեկնաբանությունը Երեւանում: Նա հիշեցրեց, որ Հայաստանը որոշեց չօգտագործել ԵՄ-ի Ասոցացման համաձայնագիրը եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը. «Դա ընտրություն է, որը ԵՄ-ն լիովին հարգում է: Մենք նախկինի պես պատրաստակամ ենք խորացնել մեր հարաբերությունները՝ աշխատելով միասին շուկաները բացելու ուղղությամբ, առաջ ընթանալու ժողովրդավարական բարեփոխումների օրակարգով, տնտեսական աճով, տարածաշրջանային ինտեգրման ճանապարհով, գործարար միջավայրի բարելավման ներդրումների ուղղությամբ, կայուն զարգացման ճանապարհով, մեկ խոսքով՝ բարեփոխումների ընդգրկուն օրակարգով: Մենք բարեհաջող ավարտել ենք երկկողմ հարաբերությունների նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը եւ այս համաձայնագրով նախանշել ենք ապագա համագործակցության ոլորտները: ԵՄ անդամ պետություններն արդեն իսկ քննարկում են այս բանակցությունների մանդատի տրամադրման հարցը: Մեր համագործակցության կարեւոր ոլորտներից մեկն այն է, որ ավելի հեշտացնենք ճանապարհորդելը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ»: Տուսկը հավելեց, որ Հայաստանը կարող է հույս դնել ԵՄ-ի շարունակական օժանդակության վրա, որպեսզի առաջ ընթանա սոցիալական եւ քաղաքական բարեփոխումների ուղղությամբ եւ բարելավի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունն ու խթանումը:

Անդրադառնալով մայիսի 21-22-ը Ռիգայի գագաթնաժողովից առաջ եւ հետո մեկնաբանություններին` Հայաստան-ԵՄ իրավական նոր փաստաթղթի կնքման հնարավորությունների մասով, Դոնալդ Տուսկը Երեւանում պարզաբանեց. «Իմ մտադրությունն է այսօր ընդգծել, որ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի հետ ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Ես կարող եմ կրկնել, որովհետեւ կարծում եմ, որ սա կարեւոր է ձեզ համար. մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ, եւ մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը՝ լինելու Եվրասիական տնտեսական միության անդամ: Իհարկե, դա որոշ հետեւանքներ է առաջացնում, օրինակ` մեր ապագայի հնարավոր համաձայնագիրը մի փոքր այլ կլինի, քան մեր նախկին առաջարկն էր՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին (ԽՀԱԱԳ), բայց ես կարծում եմ, որ ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ Հայաստանը լիովին գոհ եւ բավարարված կլինեն, երբ մենք ավարտենք մեր աշխատանքը այս նոր համաձայնագրի շուրջ, եւ համոզված եմ, որ մեզ անհրաժեշտ են Արեւելյան գործընկերության մեջ որոշ փոփոխություններ, որովհետեւ Արեւելյան գործընկերությունը եղել է եւ ապագայում պարտավոր է լինել հարմարավետ ձեւաչափ ոչ միայն նախաձեռնողների համար, օրինակ՝ ինձ, այլեւ առաջին հերթին դրանում ընդգրկված պետությունների, օրինակ՝ Հայաստանի համար: Ես համոզված եմ, որ մենք լավագույն մոտեցումը կգտնենք, որպեսզի ուժեղացնենք մեր համագործակցությունը նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում»:

Վերջին ամիսներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ճշգրտման տեսանկյունից բավական ակտիվ շփումների շրջան էր: Մայիսին Երեւանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգը կարծիք հայտնեց, թե ԵՄ-ն ու Հայաստանը նպատակ ունեն երկկողմ հարաբերությունների առաջիկա համաձայնագրում, քաղաքական մասից բացի, ներառել նաեւ տնտեսական հատված: Լեհաստանի եւ Շվեդիայի արտգործնախարարությունների քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկեւիչին եւ Թորբյորն Սոհլստրյոմին, ովքեր Հայաստան էին ժամանել Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով, ընդունել էին ՀՀ իշխանությունները: Էնբերգը, որը մասնակցել էր նշյալ քննարկումներին, հայտարարել էր, որ դեռ դժվար է մանրամասներ հաղորդել սպասվող համաձայնագրից, քանի որ Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատ դեռ չի ստացել. «Մտքերի փոխանակման փուլում կողմերի նպատակն էր ուշադրություն դարձնել համաձայնագրի երկու մասերին էլ՝ քաղաքական ու տնտեսական: Ուստի կարող եմ ենթադրել, որ տնտեսական մասը նույնպես իր արտացոլումը կգտնի Հայաստանի հետ բանակցությունների մանդատում»:

Ռիգայում մայիսի 21-22-ը կայացած Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովից հետո արդեն հայտնի էր, որ Եվրահանձնաժողովը դրական զեկույց է ներկայացրել Խորհրդին, որը պետք է հաստատի Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատը: Արդեն տեւական ժամանակ նշվում է, որ շուտով այդ մանդատը կհաստատվի, եւ ԵՄ-ն ու Հայաստանը կսկսեն բանակցությունները:

Հունիսի 18-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում Ռոզ-Ռոթ սեմինարում նշելով, որ Հայաստանը ցանկանում է Եվրամիության հետ հնարավորինս սերտ, խորը քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ ունենալ, խորը, համապարփակ եւ շատ ակտիվ հարաբերություններ ունենալ նաեւ այլ ուղղություններով, հավելեց. «Վիլնյուսի գագաթնաժողովին մենք համատեղ հայտարարություն ընդունեցինք Եվրամիության հետ, որտեղ Հայաստանը եւ Եվրամիությունը պատրաստակամություն էին հայտնում շարունակել բազմաբովանդակ համագործակցությունը բոլոր հնարավոր ձեւաչափերով, ուղղություններով` նկատի ունենալով Հայաստանի պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում: Նաեւ Վիլնյուսում ԵՄ բարձր ներկայացուցիչ Էշթոնի հետ համաձայնության եկանք ապագային միտված` Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության օրակարգի, այսպես կոչված՝ road map-ի շուրջ, այսինքն՝ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, եւ համապատասխան նամակներ փոխանակեցինք: Եվ այդ աշխատանքը շարունակվեց: Անցյալ աշնանից մենք ԵՄ հետ բանակցություններ էինք վարում, որոնք, սակայն, կոչվում էին խորհրդատվություններ, քանի որ Եվրամիությունը իր բանակցային թիմին դեռ մանդատ չէր տվել։ Ռիգայի գագաթնաժողովից առաջ Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվեց տալ այդ մանդատը: Հուսով եմ, որ մոտ ապագայում Եվրամիության խորհուրդը կհաստատի այդ մանդատը, եւ մենք բանակցություններ կսկսենք՝ մշակելու համար մեր հարաբերությունների իրավական հենքը»։

Հունիսի 30-ին Մինսկում Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ իր ելույթում Նալբանդյանը փաստեց, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը: Հայտնի է, որ Հայաստանը Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատում է մի շարք բնագավառներում արդյունավետ ոլորտային համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ՝ կրթություն, գիտություն, հետազոտություն եւ նորարարություն, ինչպես նաեւ՝ մարդկային շփումների խթանում եւ առեւտրի դյուրացման համար բարենպաստ պայմանների ստեղծում: «Մենք ակնկալում ենք համաձայնագրեր ստորագրել ԵՄ այնպիսի նախաձեռնություններին մասնակցելու համար, ինչպիսիք են՝ «Հորիզոն 2020»-ը, ինչպես նաեւ՝ «Ձեռնարկությունների եւ Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության» ծրագիրը (COSME)»,- ասել էր Նալբանդյանն ու հավելել. «Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը: Մեր ապագա պայմանագրային հարաբերությունները սահմանելու նպատակով ԵՄ մեր գործընկերների հետ մենք աշխատել ենք նախկին բանակցությունների բովանդակությունը արտացոլող նոր իրավական հիմքի շրջանակը ձեւավորելու ուղղությամբ՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձեւաչափերում»:

Մարտի կեսերին Հայաստանի եւ Եվրամիության բանակցային թիմերն ավարտել են ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները: Պաշտոնական Երեւանը շարունակաբար հայտարարում է՝ Հայաստանն ակնկալում է, որ Եվրամիության անդամ պետությունները շուտով կհաստատեն մանդատը, որպեսզի Հայաստանը կարողանա սահուն կերպով սկսել բանակցությունները:
Փաստացի Տուսկը այս առումով Երեւանում նորություն չուներ հայտնելու, նա եւս նշեց, որ ԵՄ անդամ երկրները դեռ քննարկում են Հայաստանի հետ բանակցություններ սկսելու ԵՄ մանդատի տրամադրման հարցը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031