Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նախորդ տարվա համեմատությամբ, ինքնասպանությունների թիվն ավելացել է 23 %-ով (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2015 15:20

Եթե մարդը սկսում է մեկուսանալ շրջապատից, իր սիրելի իրերը տալ, նվիրել, տխուր ֆիլմեր, երաժշտություն լսել ու դիտել, սկսում է հրաժարվել իր սիրելի մարդկանցից ու սիրած զբաղմունքներից, ապա սա կարող է նշանակել, որ մարդը գտնվում է նախաինքնասպանության հոգեվիճակում: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը:

Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առիթով, որն աշխարհը նշում է սեպտեմբերի 10-ին, պարոն Վարդանյանը կոչ արեց հոգ տանել միմյանց նկատմամբ, լինել ուշադիր եւ կարեկից:

Մասնագետի խոսքերով, դիմացինի նկատմամբ ուշադիր լինելով, մարդը կարող է նկատել ինքնասպանության պատրաստվող մարդու վարքի փոփոխությունը: Պարոն Վարդանյանն ասաց, որ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս ինքնասպանությունների թիվն աճում է` պայմանավորված մի շարք գործոններով: 2015 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով, մեր երկրում ինքնասպանության 397 դեպք է գրանցվել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 23 տոկոսով ավելին է:

Aravot.am-ի հարցին, թե մեր երկրում, մասնավորապես ինչ պատճառով են դիմում ինքնասպանության, Կամո Վարդանյանն ասաց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, որ «սուիցիդիստն ունի էթնիկ առանձնահատկություններ»: Ըստ նրա ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ինքնասպանության պատճառները նույնն են. «Երբեմն, սուիցիդը պրոբլեմային իրադրությունից դուրս գալու ելք է, երբեմն` դիմացինին պատժելու միջոց է, երբեմն օգնության ճիչ, ուշադրություն գրավելու միջոց է»:

Պարոն Վարդանյանի խոսքերով, ինքնասպանության երեւույթը չի կարող աշխարհի երեսից վերանալ, սակայն կանխարգելմամբ կարելի է նվազեցնել ինքնասպանությունների թիվը: Մասնագետը նաեւ ասաց, որ մոտ 800 պատճառ կա, որոնք մարդուն կարող են մղել սուիցիդի:
100 հազար բնակչի հաշվով մինչեւ 10 ինքնասպանությունը, համարվում է, որ հասարակությունը բարենպաստ վիճակում է, մինչեւ 20 դեպքն, ըստ մասնագետի, համարվում է, որ կա խնդիր, բայց այն «ճչացող չէ», 100 հազար բնակչի հաշվով 20-ից ավելի ինքնասպանությունը դիտվում է որպես ճգնաժամային: Ըստ պարոն Վարդանյանի եվրոպական երկրներում 100 հազար բնակչին 30-40 դեպք է բաժին ընկնում, ինչը բարձր ցուցանիշ է. «Հայաստանն այդ տեսակետից բավականին ցածր ցուցանիշներ ունի»:
Սուիցիդոլոգը համոզված է, որ «հոգեբանական կոմֆորտը» ինքնասպանությունների թիվը կնվազեցնի:

Ասուլիսի մյուս բանախոսը` հոգեբան Խաչիկ Գասպարյանը, կարծիք հայտնեց, որ ինքնասպանությունների թեմայի ոչ պրոֆեսիոնալ լուսաբանումը կարող է ավելացնել սուիցիդի թիվը: Ըստ նրա, լրատվամիջոցներն այդ լուրերը տեղադրում են ամենաառաջին հորիզոնականներում եւ ամենայն մանրամասնությամբ ներկայացնում դեպքը. «Նախագահը գնաց այսինչ տեղը, հաջորդ լուրն այն մասին է, որ մեկն իրեն կամրջից ցած է նետել: Որքանո՞վ է հանրապետական նշանակության լուր այն: Այդպիսի տեղեկությունները խոչընդոտում են կանխարգելման աշխատանքներին»:

Պարոն Գասպարյանը նաեւ ասաց, որ չի կարելի ինքնասպան եղողին «ֆետիշացնել կամ հերոսացնել», դա եւս բացասական ազդեցություն  է թողնում հասարակության վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930