Կոշկակարները, կրկնուսույցները եւ գործարարության նման տեսակներով զբաղվող մարդիկ այլեւս հարկեր պետք է վճարեն տեղական բյուջեներում: Համենայնդեպս, այդ եզրակացության է եկել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը: Ավելին, օրենսդրական նախաձեռնությամբ էլ հանդես է եկել, որն էլ այսօր քննարկվում էր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:
Կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Արտոնագրային վճարների մասին» օրենքում առաջարկվող «պարզեցումները»: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ արտոնագրային հարկով կարող են հարկվել միայն ֆիզիկական անձինք, հանել շրջանառության 9 մլն դրամի շեմը, ինչի արդյունքում արտոնագրային հարկով հարկվող ֆիզիկական անձինք վերոնշյալ գործունեության մասով հաշվառում վարելու անհրաժեշտություն չեն ունենա արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնելու համար ձեռնարկատիրական արտոնագիրը ստանալ տեղական ինքնակառավարման մարմնից:

Դա, ըստ Արմեն Եղիազարյանի, հիմնականն էր: «Մնացածը`մանր-մունր բաներ են»,- ասաց նա: «Մանր-մունրը թվարկեք, թե չէ ասում եք մանր-մունրր, հետո պարզվում է հարկայինի հետ պրոբլեմ ունենք»,- վրա բերեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Կարդացեք նաև

Հարցի շուրջ բանավեճերում Արմեն Եղիազարյանն ու Վարդան Այվազյանն այնքան շեղվեցին թեմայից, որ հասան անգամ այն ժամանակները, երբ Արմեն Եղիազարյանն էր ղեկավարում ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովը եւ ի՞նչ նախագծեր «ընդունեց», որոնք հետո, պարզվեց, որ պատուհաս են:
Երկար տեւած վեճ-բանավեճի արդյունքում, Վարդան Այվազյանը խոստովանեց`«ուղղակի սիրտս լիքն էր, էս ամեն ինչով, էս բաներով, ասի թափեմ», բայց դա չնպաստեց, որ նախագիծն ընդգրկվի ութերորդ նստաշրջանի առաջին քառօրյայի օրակարգ: Այն ընդգրկվեց ԱԺ մեծ օրակարգ`առաջիկայում հստակեցումներ մտցնելու նպատակով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































