Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՎԽ-ի կարծիքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճռի կապակցությամբ

Նոյեմբեր 11,2015 17:19

ԿԱՐԾԻՔ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի
Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով
վճռի կապակցությամբ

2015 թվականի հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը կայացրեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը, որում արտահայտեց կարևոր դիրքորոշումներ ազատ խոսքի մի շարք սկզբունքների մասին։ Հաշվի առնելով վճռի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև ազատ արտահայտվելու իրավունքի վերաբերյալ դատարանի արտահայտած դիրքորոշումների կարևորությունը, Խորհուրդը անhրաժեշտ համարեց արտահայտել դիրքորոշում վճռում բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ։

ՎՃՌԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի քաղաքական գործիչ և Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2005թ.-ի Շվեյցարիայի Լոզան քաղաքում կազմակերպված հանրահավաքում ելույթ ունենալիս 1915թ.-ի հայերի ցեղասպանությունն անվանել է «միջազգային սուտ», որը հորինել են Անգլիայի, Ֆրանսիայի և ցարական Ռուսաստանի իմպերիալիստներն առաջին համաշխարհային տարիների ընթացքում Օսմանյան Թուրքիան մասնատելու նպատակով։ Իրենց այդ նպատակին հասնելու համար, ըստ Դողու Փերինչեքի, իմպերիալիստները հորդորեցին հայերին դիմել բռնությունների և Թուրքիայի մուսուլմանները, թուրքերը և քրդերը, ստիպված եղան դիմել ինքնապաշտպանության, որի արդյունքում տեղի ունեցան ընդհարումեր և կոտորածներ։ Նա այս ամենը համեմատեց Գերմանիայում Հիտլերի կողմից տարվող քաղաքականության հետ և վերջում կոչ արեց չհավատալ «հիտլերյան ոճի այնպիսի ստի, ինչպիսին է հայերի ցեղասպանությունը»։

Այս հայտարարությունների համար Դ. Փերինչեքը ենթարկվեց քրեական պատասխանատվության Շվեյցարիայի դատարանի կողմից։ Նա ենթարկվեց տուգանքի, որը կարող էր փոխարինվել 30-օրյա կալանքի։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը գտավ, որ ցեղասպանությունը, որպես պատմական փաստ, հրապարակավ հերքելիս՝ Փերինչեքն իրականացնում էր ազատ արտահայտվելու իր իրավունքը, և քանի դեռ հրապարակային հայտարարությունը ռասիստական բնույթի ատելության խոսք չէր, պատմական փաստի հերքման համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելն ազատ արտահայտվելու իրավունքի խախտում է։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վճիռը վերաբերում է արդեն տևական ժամանակ միջազգային իրավունքում քննարկման առարկա հանդիսացող հարցին. արդյոք իրավաչա՞փ է ազատ խոսքի պաշտպանության տակ վերցնել նաև ցեղասպանության հերքումը (genocide deniers)։ Այդ առումով բախվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված արտահայտվելու ազատության իրավունքը և 17-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը։ Համաձայն վերջինի, կոնվենցիայով սահմանված որևէ դրույթ (օրինակ՝ ազատ արտահայտվելու իրավունքը) չի կարող մեկնաբանվել այն իմաստով, որ իրավունք վերապահի կատարել գործողություններ, որոնք ուղղված կլինին Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսվում է Կոնվենցիայով։

Միջազգային իրավունքն արտահայտվելու ազատության իրավունքը սահմանափակում է երկու եղանակով՝ որակապես և բացարձակապես։ Առաջինը թույլ է տալիս իրավունքը սահմանափակել մասնակիորեն՝ կախված միջամտության օրինականությունից, նպատակից և հասարակական անհրաժեշտությունից։ Երկրորդը թույլ է տալիս իրավունքը սահմանափակել բացարձակ կերպով, և միջազգային պայմանագրերը մատնանշում են նման սահմանափակման հետևյալ հիմքեր.
1) ատելության խոսք (ազգային, ռասայական, կրոնական պատկանելիության հատկանիշներով),
2) պատերազմի քարոզչություն,
3) աստվածանարգություն,
4) որոշակի պատմական փաստերի (օրինակ՝ մարդկության դեմ կատարված հանցագործության, օրինակ՝ ցեղասպանության) հերքում։

Տևական ժամանակ է, ինչ իրավաբան-գիտնականները պնդում են, որ վերջին հիմքը (ցեղասպանության հերքումը) անհրաժեշտ է դուրս բերել ազատ խոսքի բացարձակ արգելքի տակից, և արգելքը դարձնել որակական (արգելքի կիրառումը որոշակի հանգամանքների ներքո), քանզի անձը պետք է իրավունք ունենա կասկածի տակ առնելու ցանկացած պատմական փաստ։

2011թ. հուլիսի 11-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Ժնևում ընդունած իր թիվ 34 ընդհանուր մեկնաբանությունում, որը նվիրված էր Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի մեկնաբանությանը, սահմանեց հետևյալը.

«Օրենքները, որոնք քրեականացնում են պատմական փաստերի վերաբերյալ կարծիքների արտահայտումը, անհամատեղելի են այն պարտականությունների հետ, որոնք Դաշնագիրը սահմանում է Անդամ Պետությունների համար արտահայտվելու և կարծիքների ազատության վերաբերյալ։ Դաշնագիրը չի թույլատրում անցյալի դեպքերի սխալ մեկնաբանման կամ դրանց վերաբերյալ արտահայտած սխալ կարծիքի համընդհանուր արգելք։ Արտահայտվելու ազատության նկատմամբ սահմանափակումներ երբեք չպետք է կիրառվեն և նման սահմանափակումները երբեք չպետք է լինեն ավելին, քան թույլատրվում է [19-րդ հոդվածի] երրորդ պարբերությամբ կամ պահանջվում 20-րդ հոդվածի ներքո»։

Դաշնագրի 19-րդ հոդվածի երրորդ պարբերությունը, որը վկայակոչվում է վերևում, սահմանում է ազատ խոսքի սահմանափակումներ ա) այլ անձանց իրավունքները կամ հեղինակությունը հարգելու համար, բ) պետական անվտանգության կամ հասարակական կարգի, կամ բնակչության առողջության, կամ բարոյականության պաշտպանության համար։ Իսկ 20-րդ հոդվածն արգելում է խոսքի այնպիսի տեսակներ, ինչպիսին են պատերազմի քարոզչությունը և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության քարոզչությունը, որն ուղեկցվում է խտրականությամբ, թշնամանքի կամ բռնության հրահրմամբ։

Այսպիսով, Մարդու իրավունքների կոմիտեն առաջարկում է բացարձակ արգելքի հիմքերի շրջանակից դուրս հանել պատմական փաստի, այդ թվում նաև ցեղասպանության հերքման համար պատասխանատվությունը՝ բացառությամբ, եթե հերքումը կատարվում է ոչ թե ճշմարտության բացահայտման նպատակով, այլ պատերազմի քարոզչության, ազգային, ռասայական կրոնական ատելության շարժառիթով, ինչպես նաև եթե դրանք ուղեկցվում են խտրականությամբ, թշնամանքի կամ բռնության հրահրմամբ։

Խորհուրդը գտնում է, որ Փերինչեքի գործով վճռի մեկնաբանումը պետք է կատարվի այս լույսի ներքո։

Վերը նշվածից բխում է, որ էական հանգամանք է պատմական փաստը հերքելու անձի շարժառիթը։ Եթե արտահայտվելու ազատությունն իրականացվում է անձի կամ անձանց որոշակի խմբի նկատմամբ ատելության շարժառիթով, նման խոսքը չի կարող տեղավորվել արտահայտվելու ազատության, այդ թվում նաև լրագրողական ազատության շրջանակներում։ Խորհուրդը նախկինում անդրադարձել է ատելության խոսքի և լրագրողական ազատության հարաբերակցության հարցին իր թիվ 38 և 40 որոշումներում և այդ առումով վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ատելության խոսքը չի կարող անցնել ազատ խոսքի պաշտպանության տակ։

Վերը նշվածի լույսի ներքո, մեկնաբանելով Եվրոպական դատարանի վճիռը Փերինչեքի գործով, Տեղեկատվական վեճերի Խորհուրդը ցանկանում է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ դատական ակտում վիճահարույց հրապարակային հայտարարության շարժառիթը ոչ բավարար չափով է ուսումնասիրվել ու գնահատվել դատարանի կողմից։ Անկասկած է, որ Փերինչեքն իրականացնում էր ազատ արտահայտվելու իր իրավունքը 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն հրապարակավ հերքելիս։ Այդուհանդերձ, դատարանը բավարար ջանքեր չի գործադրել պարզելու համար այդ անձի իրական դրդապատճառները պատմական փաստը հերքելիս, մասնավորապես, թե արդյոք նրա նպատակն էր ճշմարտության բացահայտումը, թե ժխտողականությունը։ Նույնիսկ փաստերի մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանրահավաքում իր հրապարակային խոսքը բացառապես քաղաքական բանավեճի շրջանակներում ներկայացնելը զուտ ձևական բնույթ է կրել, քանզի նրա ողջ նախկին գործունեությունը որպես քաղաքական գործիչ ունեցել է հստակ ընդգծված ռասիստական բնույթ։

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30