Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբան. «ՌԴ-ն հավակնում է դառնալ ցեղասպանության ժխտումը քրեականացնող 5-րդ երկիրը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2015 17:00

 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում այսօր ընթերցողներին ներկայացվեց Արմեն Մարուքյանի «Հայոց ցեղասպանության հիմնահարցը համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարների` Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում» գիրքը, որում ցեղասպանության հարցը դիտարկվում է Թուրքիա-ԱՄՆ, Թուրքիա- Եվրամիություն եւ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների շրջանակում: Հեղինակը վեր է հանել այդ դերակատարների և Թուրքիայի միջև առկա հակասությունները: «Իրավական ճանապարհ հարթելը չի կարող հանգեցնել ցեղասպանության խնդրի վերջնական լուծմանը, քանի որ միջազգային իրավունքի վրա մեծապես ազդում է առկա քաղաքականությունը: Փերինչեքի գործով դատավարությունը ցույց տվեց, որ անգամ միջազգային դատական ատյանները ավելի շատ քաղաքական որոշումներ են կայացնում: Այսինքն, ազդեցիկ դերակատարները պետք է դրական դիրքորոշում ունենան ցեղասպանության հարցի շուրջ, որպեսզի չխոչընդոտեն իրավական գործընթացը»,-լրագրողների հետ զրույցում ասաց հեղինակը:

Գրքում Արմեն Մարուքյանը կարծիք է հայտնում, որ Հայաստանի դիվանագիտական կառույցները պետք է Թուրքիա-գերտերություններ հարաբերության հակասությունները ճիշտ օգտագործեն: «Կարծրատիպը, թե Թուրքիան փայլուն հարաբերություններ ունի կարեւոր դերակատարների հետ, չեզոքացվել է: Պետք է ապացուցել, թե գերտերություններն ինչ օգուտ ու շահ կարող են ունենալ ցեղասպանության հետեւանքները հաղթահարելու դեպքում»,-նշեց Արմեն Մարուքյանը:

cexaspanutyun-2

Հետաքրքրվեցինք, թե պատմաբանը ռուս-թուրքական հարաբերությունների ինչպիսի ընթացք է կանխատեսում: «Դինամիկ սրված իրավիճակ է: Ակնհայտ է, որ վերադարձ նախկին հարաբերություններին չի լինելու: Այս ամենը գլխավորապես կախված է սիրիական ճգնաժամի հետ: ՌԴ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումներն այդ հարցում 180 աստիճանով տարբեր են: Դա է պատճառը, որ տեղի ունեցավ օդանավի խոցման միջադեպը: Այժմ տեսնում ենք, որ ՌԴ-ն տարբեր պատժամիջոցներ է փորձում կիրառել»,-ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետական դումայի օրակարգում է 1912-1922թթ. Օսմանյան Թուրքիայում հայերի, հույների, ասորիների եւ եզդիների ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այն սահմանում է, որ ցեղասպանությունը ժխտողներին սպասվում է 3 տարվա ազատազրկում կամ 200.000 ռուբլի տուգանք: Արմեն Մարուքյանն անդրադարձավ նաեւ այս հարցին՝ կարեւորելով այդ օրինագծի ընդունումը. «Ռուսաստանը բազմամիլիոնանոց թուրքախոս եւ մահմեդական բնակչություն ունի: Եթե օրենքն ընդունվի, Ռուսաստանը Շվեյցարիայից, Սլովակիայից, Կիպրոսից եւ Հունաստանից հետո կլինի 5-րդ երկիրը, որը օրենքով կքրեականացնի ցեղասպանության ժխտումը եւ կհեշտացնի այդ երկրում ցեղասպանության հետեւանքների հաղթահարումը: Մեր նպատակը ցեղասպանությունը ժխտողներին պատժելը չէ, բայց դա կարեւոր քայլ է՝ վերջնարդյունքին հասնելու համար»:

Հավելենք, որ աշխատությունը հրատարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հ/կ-ներին հատկացվող դրամաշնորհների եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում: Գրքի էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայքում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031