Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ թուրք վերլուծաբանի` Մոսկվային ձեռնտու չէ հայ-թուրքական հարաբերությունների  բարելավումը

Նոյեմբեր 02,2015 16:18

Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis group) Հարավային Կովկաս/Թուրքիա ծրագրի ավագ վերլուծաբան Նիգյար Գյոքսելը կարծում է, որ քիչ հավանական է դրական առաջընթաց կամ նոր տիպի հարաբերությունների նախաձեռնում հայ-թուրքական հարաբերություններում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոն հայաստանյան մեդիայի համար. Հայաստանյան մեդիայում միջազգային տեղեկատվության աղբյուրների բազմազանեցում» ծրագրի շրջանակներում անցկացվող առցանց ասուլիսի ընթացում Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր են հայ-թուրքական ներկայիս փակուղային հարաբերություններում դրական տեղաշարժեր` նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք միջազգային փորձագետներ պնդում են, որ փակուղային իրավիճակը հիմնականում Թուրքիայի մեղքով է ստեղծվել, քանի որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացրել հայ-թուրքական արձանագրությունները, Նիգյար Գյոքսելը պատասխանեց. «Պաշտոնական Անկարայի համար քաղաքական առումով ժամանակին նպատակահարմար էր, որպեսզի հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը գրանցվեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ զուգահեռ: Սակայն այն ժամանակ, երբ Հայաստանը պնդեց, որ այս երկու գործընթացները զարգանան առանձին, Թուրքիան ու Ադրբեջանը սկսեցին առաջ քաշել տարատեսակ նախապայմաններ: Ադրբեջանն, օրինակ` հայտարարեց, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խաթարում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները»:

Թուրք վերլուծաբանը նկատեց, որ Եվրաատլանտյան մայրաքաղաքները վստահեցնում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի կենսունակ է, և հետևաբար պետք է լինի առաջին քայլը տարածաշրջանում փակուղային իրավիճակի լուծման հարցում: Սակայն միևնույն ժամանակ նշեց. «Այդուհանդերձ, արձանագրությունների վավերացման ճնշումն այս ժամանակահատվածում նվազել է, ինչպես այլ, մասնավորապես Ուկրաինայի և Սիրիայի հակամարտություններն են ուշադրության կենտրոնում: Այնպես որ, այժմ արտաքին խաղացողների տրամադրվածությունը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում բավականին թույլ է»:

Այս համատեքստում Նիգյար Գյոքսելը հիշեցրեց, որ թեև հայ-թուրքական արձանագրությունները Սերժ Սարգսյանի հրամանով պաշտոնապես հետ կանչվեցին խորհրդարանից, Հայաստանի ստորագրությունը շարունակում է մնալ այդ արձանագրությունների տակ:

Վերլուծաբանը քիչ հավանական է համարում, որ Թուրքիան Հայաստանի հետ նոր տիպի հարաբերությունների հավակնելու նախաձեռնողականություն կցուցաբերի:

Հարցին` ի՞նչ զարգացումներ սպասել հայ-թուրքական հարաբերություններում և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների վերջին շրջանի բարելավման համատեքստում, վերլուծաբանը պատասխանեց. «Ընդհանրապես այս հարցում կան տարբեր մոտեցումներ, թե ինչու է պաշտոնական Մոսկվան հայտնվել հայ-թուրքական հարաբերություններում: Ավելի ցինիկ լինելու պարագայում կարելի է հայտարարել, որ Մոսկվան մուտք է գործել այդ գործընթաց` լավ գիտակցելով, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, դա բացասաբար կանդրադառնա Բաքու-Անկարա հարաբերությունների վրա, ինչը կարող է Մոսկվայի համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի վրա ազդեցության առումով:  Իսկ Անկարայում Մոսկվային դիտարկում են որպես որոշիչ դերակատար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Եվ Անկարան Մոսկվայի հետ սերտորեն հարաբերվում է Մոսկվայի հետ այն տարատեսակ սխեմաների շուրջ, որոնք Մոսկվան իր դիվանագիտական օղակներով քննարկում է Երևանի և Բաքվի հետ»:

Ըստ թուրք  վերլուծաբանի` կողմերին է թողնված ընդունելի տարբերակով հակամարտության կարգավորումը ու եթե այդ քայլերը չկիրառվեն, ապա արդեն ՀՀ-ն ու Ադրբեջանը պիտի որոշեն` արդյոք վերցնո՞ւմ են սեփական ճակատագրերն իրենց ձեռքը, թե` ոչ:

Դառնալով Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճռին` թուրք փորձագետն ասաց. «Քանի դեռ այդ  վճիռը չի ընկալվում որպես պատասխան այն հարցի` արդյոք 1915-ին ցեղասպանություն եղել է, թե ոչ, այն Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների պատմության վրա առանձնապես ազդեցություն ունենալ չի կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30