Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Հովհաննիսյանի ընտանիքի անվտանգությունը դեռ վերահսկվում է ոստիկանության կողմից

Հունվար 07,2016 22:50

Հրապարակախոս, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը դիմում-բողոք էր ներկայացրել ոստիկանություն իր ընտանիքին օրերս ուղղված սպառնալիքների առթիվ, քանի որ ոմն ֆեյսբուքյան օգտատեր Անդրե Մակարով  սպառնացել էր Զարուհի Հովհաննիսյանի եւ իր ընտանիքի անվտանգությանը:

Մինչ ոստիկանությունը կբացահայտեր սպառնացողի ով լինելը, սպառնացողն՝ Անդրանիկ Ավետիսյանը, անձամբ էր ներկայացել ոստիկանություն՝ իր մոր հորդորով ու ուղեկցությամբ:

Aravot.am-ի լրագրողը տուժողից հետաքրքրվեց դեպքի մանրամասների մասին, որին ի պատասխան Զարուհի Հովհաննիսյանն ասաց. «Մայրն էր ստիպել, որ գա ոստիկանություն, քանի որ տղայի անվտանգության համար վախեցել էր՝ ի վերջո քրեական գործ կհարուցվեր: Այդ ներողությունն էլ մայրն էր դրդել, որ ասեր, նա շարունակում էր պնդել, որ իրեն դուր չի գալիս, որ ընդդիմադիր գործունեություն են ծավալում»:

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի, գործը դեռ ընթացքի մեջ է, քննչական մարմինը դեռ պետք է պարզի գործի բուն էությունը. «Ընդհանրապես շատ վատ տարա հայտարարությունը, որովհետեւ նախ ինքը ինձ գրելուց հետո արգելափակեց իր էջը եւ չթողեց, որ շարունակեմ խոսակցությունը: Լինում է, չէ՞, խոսակցության ժամանակ մի քիչ այս չեն ասում, այն չեն ասում, տաքանում են, հետո խոսում՝ անցնում է, իմաստ չի լինում ոստիկանություն դիմելու եւ համարում ես՝ լավ, պահի տակ ասաց՝ վերջացավ: Բայց, երբ որ արգելափակում են՝ թվում է, որ խոսակցությունը ավարտվել է, եւ սկսում ենք իրական սպառնալիքի  դաշտ անցնել, ու դրա համար ես համարեցի, որ պետք է անպայման դիմել ոստիկանություն եւ անձին հայտնաբերել՝ հասկանալ ո՞վ է՝ մե՞կ անձ է, թե՞ խումբ է գործում: Ի վերջո, կապված իմ գործունեության հետ՝ կանանց իրավունքների պաշտպանության հետ, կարող է՝ շատ տարբեր մարդիկ լինեին»:

Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ այդ տղան, պետության պաշտպանի դիրք շնորհած, սկսել էր խոսել, որ իրեն դուր չի գալիս, որ հայը հային խփում է, հեղափոխություն են անում, պետական մարմիններին քննադատում են՝ թուրքն էլ կուրախանա: «Այստեղ սիմպտոմատիկ երեւույթ է՝ ընդհանուր պետական քարոզչության եւ միեւնույն ժամանակ երիտասարդության շրջանում, պատկերացումների խեղաթյուրմամբ. պետությունը ի՞նչ է, քաղաքացիական հասարակությունը ի՞նչ է, այս հասկացությունները մարդիկ չեն հասկանում, եւ դրա հետեւանքով մարդկանց մոտ՝ գլխուղեղում չգիտես ի՞նչ է կատարվում, միեւնույն ժամանակ իրենք այդ հայրենասիրությունը պրիմիտիվ են ընկալում՝ թուրք-հայ պատմությունն է ու վերջ: Եթե դու կարող ես կոռումպացված պաշտոնյային բացահայտել, կամ իր դիրքը չարաշահողին բացահայտել չի ընկալվում որպես հայրենասիրություն»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Ըստ նրա, իրեն սպառնացող երիտասարդի տիպի մարդիկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ հեշտ կարողանում են միմյանց գտնել: «Եթե անգամ այս տղան ասում է, որ մենակ է գործել, դա այդպես չի, քանի որ համախոհներ կան, որոնք իրար գրառումներ հավանում էին, իրար հայհոյախառն գրառումների վրա ուրախանում էին, իր խեղաթյուրած նկարները տարածում էին: Միայն ասել՝ հա ես եմ գրել՝ ապացույց չի, կան նրան համախոհներ եւ հնարավոր է նաեւ՝ ոգեւորողներ»,-նշեց տուժողը՝ ավելացնելով, որ անգամ, երբ այդ տղան իր ֆեյսբուքյան պատի վրա ներողություն է գրել, ապա գրառման տակը գրում էին՝ այս ինչ եղավ քեզ, այս Զառան էլ Սեֆիլյանի ակտիվիստներից չի՞:

«Այսինքն՝ մարդիկ կան, խումբ կա, որոնք ֆեյսբուքյան համախոհ են եւ միմյանց սատարելով, ոգեւորելով եւ ինչո՞ւ չէ նաեւ՝ գրգռելով մղում են գործողությունների: Ես շատ հանգիստ չեմ, որ նա բացահայտվել է ու ինձ այլեւս չեն անհանգստացնի, որովհետեւ ինքը չի անհանգստացնի՝ մեկ այլ մարդ կանհանգստացնի, որովհետեւ ընդհանուր, պետականորեն՝ մարդկանց հետ աշխատանք տարված չէր: Կրթության վրա, գիտակցության վրա աշխատանքը տարված չի, եթե անգամ տարված է՝ լրիվ այլ ուղղությամբ՝ կեղծ հայրենասիրության եւ կեղծ արժեքների վրա դաստիարակված եւ սնուցված»:

Զարուհի Հովհաննիսյանի խոսքերով՝ այդ տղան համարում է, որ շատ ակտիվիստների գործ պետականաքանդ է. «Դիմացս նստած էր 22 տարեկան չձեւավորված անկիրթ, ինչ-որ տեղ նաեւ գիտակցության ձեւավորված պատկեր չունեցող մի երիտասարդ, որի գլխում ջուր է եւ լցոնած՝ տարբեր տիպի հայրենասիրության վերաբերյալ խեղված պատկերներով»:

Տուժողը մեր հետ զրույցում նշեց, այն որ տեսել է այդ անձին դեռեւս չի նշանակում, որ գործը ավարտված է՝ քննչական մարմինը դեռ կպարզի վերջնական, իսկ Զարուհի Հովհաննիսյանի եւ երեխաների անվտանգությունը, ըստ նրա, դեռ վերահսկվում է ոստիկանության կողմից:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարատ says:

    էդ Անդրե Մակարովն իր ֆեյսբուքյան գրառումներում արտակարգ լկտի էր ու ափեղ-ցփեղ դուրս էր տալիս, ստիպված՝ ռադ արեցի իմ էջից

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031