Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՎՈՐԸ

Հունվար 15,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ տասնհինգերորդ

ՔԱՎՈՐԸ

Շատերը չգիտեին էլ, որ «Շիրակի մեղեդիները» երաժշտական ֆիլմում քավորի դերակատարը Թաթուլ Ալթունյանի երգի ու պարի անսամբլի երգիչ Ալբերտ Սարգսյանն է, եւ եթե «Շիրակի մեղեդիների» Ալբերտ Սարգսյանին բոլորը դեմքով գիտեին, Ալթունյանի անսամբլի  մենակատար Ալբերտ Սարգսյանին հազարից մեկն էր դեմքով ճանաչում, որովհետեւ, էլի եմ ասում, Ալթունյանի անսամբլի համերգները եթե հեռուստացույցով ցուցադրում էլ էին, Լուսիկ Քոշյանին ու մանավանդ Ալբերտ Սարգսյանին խոշոր պլանով հազարից մեկ էին ցույց տալիս, եւ եթե նույնիսկ տոմս առնեիր ու գնայիր Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճ՝ Ալթունյանի անսամբլի համերգին, Լուսիկ Քոշյանի ու Ալբերտ Սարգսյանի դեմքերն էլի կարգին չէիր տեսնի, եթե, իհարկե, ամենաառաջին կարգերում նստած չէիր եղել, եւ եթե  նույնիսկ առաջին կարգում նստած լինեիր, էլի շատ հեռվանց էիր տեսնելու Լուսիկ Քոշյանին ու Ալբերտ Սարգսյանին, եւ եթե  առաջին կարգում նստած լինեիր ու անսամբլի մեներգիչ Ալբերտ Սարգսյանին տեսնեիր էլ, հաստատ իրեն չէիր ճանաչի, որովհետեւ իրական Ալբերտ Սարգսյանն իրականում «Շիրակի մեղեդիների» Ալբերտ Սարգսյանին հեչ նման չէր, եւ մանավանդ ցուրտ ու մութ տարիներին ինքը իրեն հեչ նման չէր, եւ ցուրտ ու մութ տարիներն եմ շեշտում, որովհետեւ իրեն մոտիկից տեսնելու  ու անձամբ ճանաչելու պատիվն էդ տարիներին եմ ունեցել, եւ եթե տղամարդիկ  տարիների ընթացքում  սովորաբար մազաթափվում ու ճաղատանում են, էս Ալբերտ Սարգսյանի պարագայում ճիշտ հակառակն էր տեղի ունեցել. ինքը «Շիրակի մեղեդիներում» համարյա ճաղատ էր, իսկ դրանից շուրջ երեսուն տարի անց ահագին մազ ուներ, եւ եթե գեղանկարիչ Վարդանյան Վարուժանն ինձ չասեր, մտքիս ծայրով անգամ չէր անցնի, որ բեղավոր ու բավական առատ մազերի տեր էդ անձնավորությունը «Շիրակի մեղեդիների» քավոր ու Ալթունյանի անսամբլի մենակատար Ալբերտ Սարգսյանն է, եւ, հիշում եմ, ցուրտ ու մութ տարիների էդ առավոտ Վարուժն իրենց  շենքի բակում   ինձ ծանոթացրեց էդ, ուրեմն, «Շիրակի մեղեդիների» քավորի հետ, եւ երբ  Վարուժի հետ ոտքով բարձրանում էինք տասնհինգերորդ հարկի իր արվեստանոց, Վարուժն ինձ երկարբարակ բացատրում էր, որ «Շիրակի մեղեդիների» էդ քավորը հիմի ավելի քաչալ է. պարզապես վզի ու ականջի մոտի մազերը երկարացնելով բերում՝ ամբողջ գլուխը ծածկում է, եւ, հիշում եմ, Վարուժն ինձ երկարբարակ էր էդ հանգամանքը բացատրում, որովհետեւ էդ պահին հոսանք չկար, եւ մենք ոտքով էինք իր արվեստանոց բարձրանում, եւ երբ արդեն Վարուժի արվեստանոցում էինք, արվեստանոցի լուսամուտից Ալբերտ Սարգսյանին ու ջրի հերթ կանգնած մյուսներին էի նայում, եւ երբ վերեւից՝ տասնհինգերորդ հարկի Վարուժի արվեստանոցի լուսամուտից նայում էի, հանկարծ քամին      Ալբերտ Սարգսյանի մազերին խփվելով՝ քաչալը լրիվ բացեց, եւ երգիչն անմիջապես  ձեռքի վարժ շարժումով մազերը նախկին տեսքին բերեց, եւ էդ պահին Վարուժն արվեստանոցի խոհանոցում սուրճ էր դնում, եւ ես Վարուժին ձայն տալով ասացի՝ «տեսա՜», եւ Վարուժը  խոհանոցից  գոռալով հարցրեց՝ «ի՞նչ տեսար», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «քաչալը» եւ ժպտալով ավելացրի՝ «քամին քավորի քաչալը բացեց», եւ Վարուժը սուրճերը բերելով ասաց՝ «ինքը շատ կարգին մարդ ա, բայց թե ինչի ա իրա քաչալից ամաչում՝ չեմ հասկանում», եւ ես ժպտալով Վարուժին ասացի՝ «մինչեւ չքաչալանանք, իրան չենք հասկանա», եւ ես էդպես ասացի, որովհետեւ դեռեւս անցյալ դարի իննսուներեք թվականն էր ու դեռեւս ահագին մազ ունեի, եւ հիմա, երբ Վարուժը վերջնականապես հրաժեշտ է տվել մեզ ու երկրային ամենին, էդ օրվա մեր խոսակցությունն ամենայն մանրամասնությամբ եմ հիշում», եւ երբ էդ ասացի, Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չնայած էդ ձեւով իրանց քաչալը ծածկողներից զզվում եմ, բայց էս Աբոն բացառություն ա», եւ ես Վարուժին հարցրի՝ «ի՞նչ իմաստով ա բացառություն», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «շատ համեստ ու շատ  մաքուր մարդ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հարուր  տարվա  հարեւան ենք, համարյա ամեն օր իրար տեսնում ու բարեւում ենք, բայց վերջերս եմ իմացել, որ ինքը երգի-պարի անսամբլի սոլիստն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ ««հարեւանության մեջ իրան շատ են հարգում ու սիրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ոչ թե որպես երգիչ, այլ իրա մարդկային արժանիքների համար» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատերը չեն էլ իմանում, որ Աբոն հայտնի երգիչ ա», եւ ես ասացի՝ «բայց «Շիրակի մեղեդիները» բոլորն են տեսել»,   եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «էդ «Շիրակի մեղեդիները» դու էլ ես տեսել, բայց իրան չճանաչեցիր», եւ ես մի քիչ մտածեցի ու արդարանալով ասացի՝ «ախր տնաշենը շատ ա փոխվել», եւ Վարուժը փռթկացնելով ասաց՝ «առաջ քաչալ էր, հիմի լիքը մազ ունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ուրիշներն էլ էդ նույն պատճառով իրան տեղը չեն բերում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել