Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր մանկաբույժը H1N1-ով հիվանդ երեխայի մահվան պատճառի մասին

Հունվար 18,2016 16:32

«Այսօր միտումը գնում է դեպի իջեցում, միտումը դեպի հոսպիտալացումների իջեցումը, միտումը դեպի նախկինում ծանր հիվանդների վիճակի բարելավումը։ Անցած օրերի ընթացքում մենք չենք ունեցել երեխայի հետ կապված որեւէ դեպք, որն առնչվում է այս գրիպի հետ (նկատի ունի H1N1-ը – Ա.Ի.) եւ չենք ունեցել երեխա, որին միացվել է արհեստական շնչառության սարք»,- այս մասին «Նոյան Տապան»-ի մամուլի սրահում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Առողջապահության նախարարությունն անընդհատ հաղորդում է, որ վիճակը բարելավվում է, սակայն խոզի գրիպով հիվանդների թվերն աճում են, եւ ինչով են պայմանավորված այն խոսակցությունները, որ վիճակը դեպի լավն է գնում, Սերգեյ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Այստեղ մի խնդիր կա, որ շատ թվեր են հնչեցվում։ Իհարկե, այդ ամեն ինչը հիմնվում է թվերի վրա։ Ասեմ, որ հիվանդանոցներից դուրս է գրվել շուրջ 600 երեխա, որոնցից մեկ քառորդը թոքաբորբ է եղել։ Բոլոր ծառայություններն աշխատում են, որպեսզի ավելի ծանր դեպքեր չլինեն երեխաների շրջանում եւ դրա շնորհիվ ուղղակի դեպք չունեցանք։ Վերջին 2 օրերի տվյալներով ունենք նվազման միտում»։

Անդրադառնալով օրերս մահացած երեխայի դեպքին, որը վարակված է եղել H1N1 վիրուսով եւ ունեցել է նաեւ քաղցկեղ, Գլխավոր մանկաբույժն ասաց, որ պետք է հասկանալ, թե ինչն է մահվան պատճառը։ Ըստ նրա՝ մարդը կարող է շատ վիճակներ ունենալ, բայց ո՞րն է հանդիսացել մահվան պատճառը. «Տվյալ պարագայում մահվան պատճառը հանդիսացել է ուռուցքը։ Եթե այդ խնդիրը չլիներ, ամենայն հավանականությամբ հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը»։

Խոսելով դասերը եւս մեկ անգամ հետաձգելու նպատակահարմարության մասին՝ Սերգեյ Սարգսյանն ասաց, թե ուսումնասիրել են մի շարք երկրների փորձը եւ եզրակացության են եկել, որ դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների աշխատանքի դադարեցումն անհրաժեշտ է, եթե խոսքը գնում է հիվանդացության բարձրացման ժամանակահատվածի մասին։ Նախորդ հետաձգումները տվել են իրենց արդյունքները եւ նպաստել հիվանդացության դեպքերի նվազմանը։ «Ինչ վերաբերվում է դասերի վերսկսմանը, դա ուսումնասիրվում է նախարարության կողմից։ Մոտակա օրերին վիճակը կվերագնահատվի եւ կընդունվի համապատասխան որոշում»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյան Տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031