Առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 3-ի համատեղ նիստում ներկայացվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ֆինանսական հատկացումները։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ գալիք տարվա ֆինանսական փաստաթղթով Առողջապահության նախարարությանը նախատեսվում է տրամադրել 136 մլրդ դրամով ավելի գումար։ 2026 թվականի հաստատված բյուջեի համեմատ 65 տոկոսով ավելացումը պայմանավորված է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնմամբ՝ նոր շահառուների ավելացմամբ։
Ըստ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ 2027 թվականին ոլորտին կհատկացվի 348,1 մլրդ դրամ։ Խոսելով Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին՝ զեկուցողը փաստել է, որ 2027 թվականին համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար քաղաքացիները։ Նախարարի խոսքով առաջիկայում խորհրդարան ներկայացվելիք նախաձեռնությամբ կսահմանվեն նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող վարորդներին ապահովագրական համակարգում ընդգրկելու կարգավորումները։
Կարդացեք նաև
Նախատեսվում է, որ կամավորության սկզբունքով ապահովագրական համակարգում կկարողանան ներառվել նաև վարձու աշխատողի հետ փոխկապակցված անձինք։ Այսինքն՝ 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան իրենց ընտանիքից մեկ անդամի ևս ներառել համակարգում՝ իրենք վճարելով նրա համար, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ 2 անդամի։
Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է նաև ոլորտում իրականացվելիք համակարգային փոփոխություններն ու աշխատանքները։ Նա նշել է, որ ավելացել են դեղորայքային ապահովման ծրագրերը։
Զեկուցողը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։
ՀՀ ազգային ժողով



















































