Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյան. Իրանի գազատարի թողունակությունը թույլ չի տալիս, որ Հայաստանի համար ռուսական գազը փոխարինվի իրանականով (Տեսանյութ)

Հունվար 21,2016 16:27

Aravot.am-ի հարցին, եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանն ընդառաջ չգնա Հայաստանի կառավարության խնդրանքին եւ Հայաստանի համար չիջեցնի գազի գինը, մեր երկիրը կօգտվի՞ իրանական գազից, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն,այսօր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում կազմակերպված ամփոփիչ ասուլիսում ասաց, որ Իրանից Հայաստան եկող գազատարի թողունակությունը թույլ չի տալիս, որպեսզի ռուսական գազը Հայաստանը փոխարինի իրանականով:

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի առաջնորդվում սպառողների շահերով, պարոն Զախարյանը կրկին գազատարի թողունակության վերաբերյալ պատճառաբանությունը բերեց:

Ռուսական գազի գինը Ռուսաստանը կիջեցնի թե չի իջեցնի, Երվանդ Զախարյանն ասաց, որ բանակցությունն են տարվում եւ որ գործընթացի հետ կապված չի կարող մանրամասներ ներկայացնել:

Լրագրողները պարոն Զախարյանից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է Եվրոպայի համար գազի գինը զգալի նվազել, իսկ տնտեսական գործընկեր Հայաստանի համար ոչ միայն նույնն է մնացել, այլեւ մի բան էլ մեր կառավարությունը խնդրում է, որ իջեցնի:
«Ասում եք՝ խնդրում ենք, գիտեք ինչ, դիմելն էլ է խնդրել: Նորից եմ ասում, հարցի կարեւորությունը մենք գիտակցում ենք, հասկանում ենք, եւ այդ կարեւորությունից ելնելով է կառավարությունը դիմել վերանայման համար»,-ասաց Երվանդ Զախարյանը:

Ինչ վերաբերում է Եվրոպային գազն էժան գներով մատակարարելուն, ապա Երվանդ Զախարյանն ասաց. «Մենք այդ բոլորը գիտենք եւ այդ բոլորը հաշվի առնելով է, որ մենք դիմել ենք եւ բանակցում ենք: Թող ձեզ չթվա, որ մենք դա չենք իմանում»:

Երվանդ Զախարյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից նաեւ հետաքրքրվեցին, թե Իրանից գազ ստանալու վերաբերյալ որեւէ բանակցություն տարվել է` հաշվի առնելով Հայաստանում Իրանի դեսպանի այն հայտարարությունը, որ իրենք կարող են Հայաստանին ավելի էժան գազ տրամադրել, քան ռուսական կողմը: Պարոն Զախարյանն ասաց, որ նման բանակցություններ չեն եղել եւ Իրանի դեսպանի կողմից ավելի էժան գազ տալու վերաբերյալ հայտարարություն չի հնչել.

«Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել 100 դոլարով գազ: Իրանն այսօր էլ չի առաջարկում ավելի էժան գազ, քան Ռուսաստանից ստացվողն է»:
Այն դիտարկմանը, եթե չեք բանակցել որտեղի՞ց գիտեք Իրանն առաջարկո՞ւմ է, թե՞ ոչ, Երվանդ Զախարյանն ասաց. «Մենք գիտենք, թե Իրանն ում, ինչ գնով է գազ առաջարկում: Եվ տիրապետում ենք բոլոր տեղեկատվությանն ընդհանրապես, թե որ երկիրն ում ինչքանով է գազ մատակարարում: Թող ձեզ չթվա, որ մենք այստեղ նստած, չգիտեմ ինչով ենք զբաղվում: Իրանը ոչ մի երկրին 165 դոլարով գազ չի առաջարկում»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vincomed says:

    Այս չինովնիկր չի հիշում, ոնց մեկ մ.տրամագիծ ունեցող գազի խողովակը ըստ նախաքգծի, փոխարինվեծ կես մետրի վրա մեր մեծ ախպոր «խորհուրթով».Հիմա հեքյաթներ է պափմում.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031