Ռուսաստանից հեռանալու գինը. գազ, անվտանգություն եւ հաշվարկներ
Հայ–ռուսական հարաբերությունների «տրանսֆորմացիայի» գինը
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դուրս են եկել այն քաղաքական եւ ռազմավարական տրամաբանությունից, որոնք ձեւավորվել էին անկախ Հայաստանի նախորդ տասնամյակներին։ Ժամանակ առ ժամանակ ՌԴ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները փաստում են, որ հարաբերությունների փոփոխությունն այլեւս միայն առանձին ոլորտներում արձանագրվող քաղաքական տարաձայնությունների ամբողջություն չէ։ Այն վերածվում է ավելի լայն վերադասավորման գործընթացի, որտեղ միաժամանակ փոխվում են Ռուսաստանի նկատմամբ տնտեսական եւ էներգետիկ կախվածության ընկալումը, անվտանգության ոլորտի ձեւաչափերը եւ երկու երկրների միջեւ քաղաքական խոսույթի բնույթը։
Քաղաքական առումով վերջին կարեւոր ձեւակերպումը տվեց Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ամբիոնից։ Նա Հայաստանի արտաքին քաղաքականությունը բնութագրեց որպես «հավասարակշռված եւ հավասարակշռման» քաղաքականություն, որը բխում է բազմաբեւեռության տրամաբանությունից, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների առնչությամբ հայտարարեց, որ դրանք «տրանսֆորմացիայի փուլում» են։ Միաժամանակ Փաշինյանը այդ փոփոխությունը ներկայացրեց ոչ թե որպես Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականություն, այլ որպես տարածաշրջանային իրադրության փոփոխության հետեւանք։ Նրա հիմնավորումն այն էր, որ նախկինում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, իսկ այժմ, երբ Երեւանի գնահատմամբ՝ «խաղաղություն է հաստատվել» Ադրբեջանի հետ, երկկողմ հարաբերությունները պետք է ստանան նոր բովանդակություն։
Կարդացեք նաև
Այս ձեւակերպման մեջ առանձնահատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ Երեւանը չի հայտարարում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման կամ նույնիսկ դրանց նվազեցման մասին։ Ընդհակառակը՝ Փաշինյանը շեշտում է, որ ցանկալի է հարաբերությունների զարգացումը «բարեկամության եւ փոխադարձ հարգանքի» հիման վրա։ Նույն տրամաբանությունը հնչել էր նաեւ սեպտեմբերի սկզբին՝ Բիշքեկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մեջ, սակայն միաժամանակ անհրաժեշտ է տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունների պայմաններում այդ հարաբերություններին «թարմ հայացքով» մոտենալ։
Այսպիսով, պաշտոնական Երեւանի ուղերձը կարելի է բնութագրել ոչ թե որպես «Ռուսաստանից հեռանալու» որոշում, այլ որպես հարաբերությունների տրամաբանությունը փոխելու փորձ։ Խնդիրը դրվում է հետեւյալ կերպ. եթե նախկինում Ռուսաստանի հետ ռազմավարական կապի կարեւորագույն հիմնավորումը Հայաստանի անվտանգության եւ չկարգավորված Ղարաբաղյան հակամարտության շուրջ ձեւավորված միջավայրն էր, ապա հակամարտությունից հետո Երեւանը փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի լայն՝ ինքնիշխանության, տնտեսական փոխշահավետության եւ բազմավեկտոր արտաքին քաղաքականության հիմքի վրա։
Սակայն պաշտոնական Երեւանի համար հարաբերությունների «տրանսֆորմացիան» ենթադրում է կախվածությունների նվազեցում եւ այլընտրանքների ընդլայնում, մինչդեռ Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր տնտեսական, էներգետիկ եւ ռազմաքաղաքական ազդեցությունը։
Ռուսական գազը՝ հարաբերությունների տնտեսական, բայց նաեւ քաղաքական նշանակալի գործոն
Հայաստանի համար ռուսական գազը շարունակում է մնալ կարեւոր ենթակառուցվածքային եւ տնտեսական գործոն։ Սեպտեմբերի 25-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեւցովը հայտարարել է, որ ՌԴ գազի հրաժարումը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների համար, քանի որ ռուսական գազը Հայաստանին մատակարարվում է արտոնյալ պայմաններով։
Ռուսական կողմի այս գնահատականը միաժամանակ երկու տարբեր ուղերձ է պարունակում։ Առաջինը տնտեսական է. Մոսկվան ընդգծում է, որ ռուսական գազից հրաժարվելու դեպքում Հայաստանի համար առաջանալու են ավելի բարձր ծախսեր։ Երկրորդը քաղաքական է. շեշտադրելով Հայաստանի կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ Մոսկվան ցույց է տալիս, որ Երեւանի արտաքին քաղաքական վերակողմնորոշումը չի կարող առանձնացվել արդեն գոյություն ունեցող տնտեսական փոխկապակցվածությունից։
Շեւցովի մեկ այլ հայտարարություն, սակայն, որոշակիորեն ավելի բարդ պատկեր է ուրվագծում։ Նա նշել է, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ համագործակցության վերսկսումը։ Միաժամանակ, ըստ նրա, Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի նոր գազատարի կառուցում, իսկ նման նախագիծը կարող է արդարացված լինել միայն երկարաժամկետ պայմանագրերի եւ կայուն պահանջարկի պայմաններում։
Այս ձեւակերպումն ուշագրավ է, քանի որ ռուսական կողմը չի ներկայացնում Ադրբեջանից գազի հնարավոր ներկրումը որպես անընդունելի զարգացում։ Ընդհակառակը՝ այն ընդունում է որպես տարածաշրջանում տնտեսական համագործակցության հնարավոր դրսեւորում։ Բայց միաժամանակ մատնանշում է դրա տեխնիկական, ֆինանսական եւ պայմանագրային սահմանափակումները։ Սա նշանակում է, որ գազի դիվերսիֆիկացման հարցը Հայաստանի համար քաղաքական հայտարարությունից գործնական քաղաքականության վերածելու դեպքում անհրաժեշտ է լուծել ոչ միայն գազի աղբյուրի, այլեւ ենթակառուցվածքների, գնային պայմանների, երկարաժամկետ պայմանագրերի եւ շուկայի կայունության խնդիրները։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւը հայկական կողմին ուղղված նամակում նախազգուշացրել էր 2013-ի համաձայնագրի հնարավոր կասեցման կամ չեղարկման մասին՝ այն կապելով Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման եւ ԵՄ-ին անդամակցության ձգտման հետ։ Ըստ նրա՝ դրա հետեւանքը կարող էր լինել նաեւ գազի եւ նավթամթերքի մատակարարումների արտոնյալ պայմանների վերանայումը։
Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ PISM-ի վերջին վերլուծությունն այս գործընթացը դիտարկում է նույն համատեքստում։ Ինստիտուտը նշում է, որ Հայաստանի 2026–2031թթ. արտաքին քաղաքական ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավիճակը նախկին «ռազմավարական դաշինքից» ներկայացվում է որպես «կերպափոխվող եւ խորացող գործընկերություն»։ PISM-ը նաեւ գնահատում է, որ Հայաստանի՝ Ռուսաստանից քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ ռազմական կախվածությունը նվազեցնելու քայլերին Մոսկվան կարող է արձագանքել տնտեսական միջոցներով, այդ թվում՝ գազի գների բարձրացման կամ մատակարարումների սահմանափակման հնարավորությամբ։
Ներկա պահին կարելի է փաստել, որ գազի գնի եւ մատակարարումների թեման դարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների քաղաքական զգայունության կարեւոր ցուցիչ։ Հայաստանի համար դիվերսիֆիկացումը նշանակում է բանակցային եւ տնտեսական այլընտրանքների ստեղծում, իսկ Ռուսաստանի համար՝ սեփական շուկայական եւ ենթակառուցվածքային առավելությունների պահպանման անհրաժեշտության ընդգծում, ասել է թե՝ ազդեցության գործոնի պահպանում։
ՌԴ–ն ՀՀ ռազմական քաղաքականության փոփոխությունը դիտարկում է ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության շրջանակում
Եթե էներգետիկ ոլորտում կախվածության փոփոխությունը կարող է աստիճանաբար իրականացվել, ապա ռազմական եւ անվտանգային ոլորտում վերադասավորումն ունի ավելի երկարաժամկետ բնույթ։ Այս համատեքստում ուշագրավ էին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովի մեկնաբանությունները։ Նա պնդել է, որ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու մասին հայտարարությունները ներկայում ավելի շուտ «հռչակագրային եւ քաղաքական» բնույթ են կրում։ Նրա գնահատմամբ՝ իրական անցումը երկարատեւ եւ բարդ գործընթաց կլինի եւ կպահանջի զգալի ֆինանսական ծախսեր։ Նա նաեւ ներկայացրել է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ կապված Հայաստանի ռազմական համակարգերի տարբերության մասին ռուսական կողմի հաշվարկները՝ նշելով, որ Հայաստանի զինված ուժերի մեծ մասը շարունակում է օգտագործել ռուսական կամ խորհրդային ծագման սպառազինություն եւ պահպանել համապատասխան ռազմական կրթության ժառանգությունը։
Այս հայտարարության առավել ուշագրավ մասը, սակայն, ոչ այնքան հաշվարկներն են, որքան դրա քաղաքական հասցեատերը։ Սալյուկովը փաստացի խոսում է այն մասին, որ Հայաստանի ռազմական համակարգի վերափոխումը չի կարող կատարվել արագ։ Ռուսական կողմի տրամաբանությամբ՝ նույնիսկ քաղաքական որոշման առկայության պայմաններում ռազմական տեխնիկայի, կառավարման համակարգերի, ուսուցման, սպայական կազմի, ենթակառուցվածքների եւ ֆինանսավորման փոփոխությունը տարիների գործընթաց է։
Սալյուկովի գնահատականը նաեւ փաստում է, որ Մոսկվան Հայաստանի ռազմական քաղաքականության փոփոխությունը դիտարկում է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության շրջանակում։ Նրա կողմից 2025-ի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիայի դրույթների հիշատակումը նպատակ ունի մատնանշել, որ Ռուսաստանի գնահատմամբ՝ Հայաստանի եւ արեւմտյան գործընկերների միջեւ անվտանգային համագործակցության խորացումը կարող է հանգեցնել ռազմական համակարգի ավելի լայն վերափոխման։
Միաժամանակ պետք է նկատել, որ ռուսական կողմի նշյալ գնահատականները չեն նշանակում, թե Հայաստանի ռազմական համակարգի փոփոխությունը անհնար է։ Դրանցից բխում է այդ գործընթացի գինը, ժամանակն ու անորոշությունը։
Մոսկվայի եւ Երեւանի խոսույթների տարբերությունը
Երեւանի եւ Մոսկվայի միջեւ հիմնական տարբերությունը ոչ միայն արտաքին քաղաքականության նպատակների, այլեւ այդ նպատակները նկարագրելու լեզվի մեջ է։ Երեւանը խոսում է «բազմաբեւեռության», «հավասարակշռման», «դիվերսիֆիկացման», հարեւանների հետ հարաբերությունների խորացման եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների «տրանսֆորմացիայի» մասին։ Մոսկվան, իր հերթին, շեշտադրում է Հայաստանի առկա տնտեսական, էներգետիկ եւ ռազմական կախվածությունները եւ դրանցից հրաժարվելու հնարավոր գինը։ Այսինքն, Հայաստանի իշխանությունը փորձում է ընդլայնել արտաքին քաղաքական ընտրության հնարավորությունը, մինչդեռ Ռուսաստանը շեշտադրում է այն սահմանները, որոնց շրջանակում այդ ընտրությունը կարող է իրականացվել առանց արդեն գոյություն ունեցող կապերի համար բարձր գնի։
Հատկանշական է նաեւ, որ սեպտեմբերի սկզբին Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման ժամանակ կողմերը միաժամանակ հաստատեցին հարաբերությունների պահպանման կարեւորությունը, սակայն տարբեր կերպ մեկնաբանեցին դրանց ապագա տրամաբանությունը։ Պուտինը խոսում էր ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների մասին, իսկ Փաշինյանը՝ բազմաբեւեռության եւ այլընտրանքների անհրաժեշտության։ Պուտինը նաեւ հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ընթացակարգի մեկնարկը կարող է ընկալվել որպես այդ կառույցից հեռանալու գործընթացի փաստացի սկիզբ, մինչդեռ Փաշինյանը շեշտում էր, որ բազմաբեւեռության քաղաքականությունը ուղղված չէ ՌԴ-ի կամ ԵԱՏՄ-ի դեմ։
Այս հակադրությունն առանցքային է։ Երեւանի համար հնարավոր է միաժամանակ պահպանել Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները եւ խորացնել կապերը ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի եւ հարեւան պետությունների հետ։ Մոսկվայի տեսանկյունից, սակայն, որոշ ոլորտներում այդ գործընթացները կարող են հասնել այնպիսի մակարդակի, երբ դրանք սկսեն հակասել Ռուսաստանի հետ նախկինում ձեւավորված ինտեգրացիոն եւ անվտանգային համակարգերին։
Այդ պատճառով էլ հարաբերությունների առաջիկա փուլը, ամենայն հավանականությամբ, որոշվելու է կոնկրետ ոլորտներում ընդունվող գործնական որոշումներով։ Դրանց թվում են գազի գինը եւ մատակարարման պայմանները, ռուսական տնտեսական ներկայության կարգավիճակը, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ապագան, Հայաստանի ռազմական գնումները, ինչպես նաեւ նոր էներգետիկ եւ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ հարցերը։
Ոչ թե խզում, այլ կախվածությունների վերաձեւակերպում, կամ՝ «տրանսֆորմացիան» ինչ բովանդակություն է ստանալու
Վերջին օրերի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատկերը դժվար է նկարագրել միայն «մերձեցում» կամ «սառեցում» բառերով։ Ավելի ճշգրիտ բնորոշումը հարաբերությունների կառուցվածքային վերափոխումն է, որի ընթացքում կողմերը փորձում են վերաիմաստավորել նախկինում ձեւավորված կապերի նշանակությունը։
Հայաստանի իշխանության քաղաքական ուղերձը բավական հստակ է. Ռուսաստանը շարունակում է մնալ կարեւոր գործընկեր, սակայն այլեւս չի դիտարկվում որպես արտաքին քաղաքականության այն կենտրոնը, որի շուրջ պետք է կառուցվի ամբողջ համակարգը։ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած «տրանսֆորմացիայի փուլ» ձեւակերպումը հենց այդ փոփոխության քաղաքական ամփոփումն է։ Երեւանը ցանկանում է պահպանել հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց միաժամանակ ընդլայնել իր տնտեսական, էներգետիկ եւ անվտանգային ընտրության շրջանակը։
Մոսկվայի արձագանքներն էլ իրենց հերթին ցույց են տալիս, որ Ռուսաստանը չի պատրաստվում անտեսել այդ փոփոխությունները։ Սակայն վերջին հայտարարությունների մեջ առանձնանում է ոչ միայն կոշտ քաղաքական գնահատականը, այլեւ տնտեսական եւ գործնական հաշվարկի շեշտադրումը։ Գազի թեմայում խոսվում է այլընտրանքների ավելի բարձր արժեքի մասին, Ադրբեջանից հնարավոր մատակարարումների դեպքում՝ ենթակառուցվածքների եւ երկարաժամկետ պայմանագրերի անհրաժեշտության մասին, իսկ ռազմական ոլորտում՝ նոր համակարգի անցման երկարատեւության եւ ֆինանսական ծախսերի մասին։
Այս ամենը վկայում են այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունների առաջիկա փուլում հիմնական պայքարը կարող է ընթանալ ոչ այնքան դիվանագիտական հայտարարությունների, որքան կախվածությունների շուրջ։ Եթե Հայաստանը կարողանա աստիճանաբար ստեղծել էներգետիկ, տնտեսական եւ անվտանգային իրական այլընտրանքներ, ապա «բազմաբեւեռության» քաղաքականությունը կարող է վերածվել գործնական համակարգի։ Եթե այլընտրանքները մնան հիմնականում քաղաքական հայտարարությունների մակարդակում, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունների փոփոխությունը կարող է ավելի մեծ տնտեսական եւ անվտանգային ռիսկեր պարունակել։
Ռուսական գազն առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետեւ այն միաժամանակ տնտեսական եւ քաղաքական հարց է։ Հայաստանի համար մատակարարումների աղբյուրների բազմազանեցումը կարող է մեծացնել ընտրության հնարավորությունը, սակայն դրա համար անհրաժեշտ են նոր ենթակառուցվածքներ, երկարաժամկետ պայմանագրեր եւ մրցունակ գին։ Մոսկվայի համար ռուսական գազը շարունակում է մնալ ոչ միայն առեւտրային ապրանք, այլեւ այն գործիքներից մեկը, որով Կրեմլը պահպանում է իր տնտեսական ներկայությունը Հայաստանում։ Հետեւաբար, գազի գնի, մատակարարումների եւ նոր աղբյուրների շուրջ առաջիկա որոշումները կարող են դառնալ երկկողմ հարաբերությունների իրական վիճակի կարեւորագույն ցուցիչներից մեկը։
Նույնը վերաբերում է անվտանգությանը։ Հայաստանի կողմից Արեւմուտքի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը դեռեւս ինքնին չի նշանակում ռուսական համակարգից արագ եւ ամբողջական անցում մեկ այլ համակարգի։ Սալյուկովի հայտարարությունը, անկախ դրա քաղաքական գնահատականից, մատնանշում է մի գործնական հանգամանք՝ ռազմական համակարգերի փոփոխությունը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, տեխնիկական վերազինում եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ։
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանումն այլեւս չի նշանակում նախկին կառուցվածքի անփոփոխ պահպանում։ Երեւանը փորձում է հարաբերությունները տեղափոխել նոր հիմքի տրամաբանության մեջ։ Մոսկվան, իր հերթին, փորձում է պահպանել այն տնտեսական եւ ռազմաքաղաքական դիրքերը, որոնք ձեւավորվել են տասնամյակների ընթացքում։
Այսպիսով, ներկայում տեղի ունեցող գործընթացը կարելի է դիտարկել որպես ոչ թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների անմիջական խզում, այլ փոխադարձ կախվածությունների վերաձեւակերպման փուլ։ Հայաստանի հիմնական խնդիրը այլընտրանքների ստեղծումն է՝ առանց այնպիսի արագության, որը կարող է առաջացնել կտրուկ տնտեսական կամ անվտանգային ցնցումներ։ Ռուսաստանի հիմնական խնդիրը՝ իր ազդեցության եւ նախկին գործընկերային համակարգի պահպանումն է այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է ընդլայնել իր արտաքին քաղաքական մանեւրի տարածքը։
Հետեւաբար, առաջիկա տարիներին հարաբերությունների իրական բովանդակությունը որոշվելու է ոչ այնքան հրապարակային հայտարարությունների կոշտությամբ, որքան գործնական քայլերով։ Գազի գինը, մատակարարման պայմանները, ԵԱՏՄ-ում հարաբերությունները, ռուսական տնտեսական ակտիվների կարգավիճակը, ռազմական գնումների աշխարհագրությունը եւ նոր էներգետիկ նախագծերի ընտրությունը լինելու են այն հիմնական ուղղությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի տեսնել, թե «տրանսֆորմացիան» իրականում ինչ բովանդակություն է ստանալու։
Հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը, հետեւաբար, դեռեւս վերջնական ձեւավորված համակարգ չէ։ Սա անցումային գործընթաց է, որտեղ Երեւանը փորձում է մեծացնել իր ընտրության հնարավորությունները, իսկ Մոսկվան՝ պահպանել իր նախկին ազդեցության հիմնական հենակետերը։ Այդ գործընթացի արդյունքը կախված կլինի նրանից, թե որքան արագ եւ ինչ գնով Հայաստանը կկարողանա ստեղծել իրական այլընտրանքներ։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10.2026



















































