Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Իշխանությունը պետք է մտածի իր ճաշակի մասին՝ ում է բերում օմբուդսմեն»

Փետրվար 02,2016 12:19

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, իշխանությունը պետք է վերանայի իր ճաշակը օմբուդսմենի հարցում:

Ըստ նրա, ՀՀ երեք օմբուդսմեններն էլ իշխանության առաջարկով են ստանձնել իրենց պարտականությունները ու զարմանալի է՝ ինչու երեքն էլ իշխանության համար դարձան անհաջող:

«Պետք է բերեն մի անձի, որը իշխանության տեսանկյունից կլինի աննկատելի հասարակության համար եւ հաճելի իշխանության համար: Իշխանությունը պետք է մտածի իր ճաշակի մասին՝ ում է բերում օմբուդսմեն: Հնարավոր չէ, որ երեք օմբուդսմեններն էլ տհաճ երևային իշխանության աչքին, այդքան տհաճ լինեին: Այս հարցում իշխանությունը խնդիր ունի, ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության համակարգը»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով ՄԻԵԴ-ում գտնվող՝ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության գործին՝ տիկին Ալավերդյանն ասաց, որ որպես պատասխանող կողմ ճանաչված Ադրբեջանի և Հունգարիայի կառավարություններից բացի՝ հնարավոր է որպես երրորդ կող ընդգրկվի հայկական կողմը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը ադրբեջանական և հունգարական կողմերից պահանջել է պատասխանել սպանված հայ սպայի հարազատների հայցին:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, 2014ին ԵԽԽՎ-ն ուշացումով արձագանքել է սպանությանը եւ այս գործը լուրջ նրբություններ ունի, որովհետեւ Ալիևը ոչ միայն հերոսի կոչում է տվել Սաֆարովին, այլեւ վարձատրել է նրան՝ սկսած սպանություն կատարելու օրվանից. «Հետագայում Ալիեւի արտահայտություններն ու գործողությունները խոսում են այն մասին, որ սա ոչ միայն Սաֆարովի կողմից է եղել, այլեւ պետության կողմից է խրախուսվել: Սա կոշտ մեղադրանք է, այստեղ կա Ադրբեջանի քաղաքականությունը, եւ այդ սպանությունը կատարվել է ոչ միայն ատելության հողի վրա: Այս գործով ՄԻԵԴ-ը չի ասելու՝ տարեք Սաֆարովին ու դատեք, այլ հնարավոր է տուժած կողմին հատուցում կամ կոշտ հայտարարություն կամ նախազգուշացում, մինչեւ անգամ կոնկրետ հայտարարություն, որը հետագայում հնարավոր է փոխի Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը: Այսինքն` կլինի ավելի շատ բարոյական հաղթանակ, իսկ բարոյական հաղթանակը մեծ նշանակություն ունի, տուժած կողմը տարիներ շարունակ հոգեբանական քայքայման վիճակում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29