Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կարող է կորցնել էներգակիրների իր երկրորդ խոշոր գնորդին՝ Թուրքիային. Eurasia.net

Փետրվար 02,2016 17:36

Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիայի կողմից Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի խոցումից հետո, ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին, Անկարան քայլեր է ձեռնարկում նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից: Բայց այն օգնությունը, որ նա ակնկալում է հետխորհրդային գազ արտադրող երկրներից, հնարավոր է, երկար սպասել տա, Eurasia.net պարբերականում գրում են վերլուծաբաններ Դորիան Ջոնսը և Դուրնա Սաֆարովան:

Նոյեմբերի 24-ին ռուսական օդանավի հետ կապված միջադեպից հետո առաջին բանը, որ արեց Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, Ադրբեջան այցելելն էր, որը նրա ամենամոտ դաշնակիցն է հետխորհրդային տարածությունում: Հետո նա հունվարի 20-ին Դավոսում հանդիպեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսը հաճախ են կրկնում Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնատար անձինք՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների նկարագրություն: Բայց էներգետիկ ոլորտում, այդ միասնությունը, կարծես թե, սահմաններ ունի, գրում են հոդվածի հեղինակները:

Առաջին հերթին, Ադրբեջանը այնքան էլ խոշոր գազ արտադրող չէ, որքան Ռուսաստանը: Ռուսական գազի մատակարարումները Թուրքիա 2015թ. կազմել են 27 մլրդ խորանարդ մետր: Այս թիվը կազմում է Թուրքիայի կարիքների 55 տոկոսը: Մյուս կողմից, ըստ Բաքվում տեղակայված Caspian Barrel Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանի, այդ թիվը 1.4 անգամ գերազանցում է Ադրբեջանում արտադրվող գազի ծավալները:

Շաբանը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանից ներմուծում է 6 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է Ադրբեջանի ընդհանուր գազի արտահանման 75 տոկոսը:
Որոշ թուրք հետազոտողներ հույս ունեն, որ գազի մատակարարումների դիվերսիֆիկացմանը կօգնի 1850 մետր ձգվածությամբ Տրանսանատոլիական գազատարը (TANAP), որը ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից դեպի Եվրոպա կանցնի Թուրքիայի տարածքով: Անցյալ ամիս Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվեցին ապահովել գազատարի գործարկումը մինչև 2018թ., այսինքն նախատեսված ժամկետից շուտ:

Շաբանի խոսքով՝ չնայած նախատեսվում է, որ առաջին գազը խողովակատարով կմղվի 2018թ. վերջին, մինչև 2021թ. խոշոր մատակարարումներ՝ 12 մլրդ խորանարդ մետր ծավալով, չեն սկսվի:

«Մենք, իհարկե, կարող ենք ավելացնել (մատակարարվող գազի ծավալները-խմբ.) Թուրքիայի ուղղությամբ,- ասել է նա,- բայց դա ռեալ չէ՝ անկախ իրավիճակից»:

Գազատարի շինարարության ավարտի և մատակարարումների մեկնարկի նոր ժամկետները պաշտոնապես դեռ չեն հայտարարվել:

Իզմիրի Յաշար համալսարանը տարածաշրջանային էներգետիկ քաղաքականության հարցերով փորձագետ Էմրե Իշերին կարծում է, որ Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցությունը խորացնելու, Ադրբեջանի եռանդի վրա կարող են ազդել նաև այլ գործոններ: «Գաղտնիք չէ, որ տարածաշրջանային քաղաքական դինամիկային զուգընթաց Բաքուն փորձում է հավասարակշռություն պահպանել Մոսկայի և Անկարայի հետ հարաբերություններում»,- ասել է նա:

Նման զգուշություն ցուցաբերելու համար Բաքուն իր պատճառներն ունի: «Բաքուն զգոնություն կցուցաբերի Ռուսաստանի հետ չափազանց սուր դիմակայությունից խուսափելու համար,- կարծում է Բրյուսելում տեղակայված Carnegie Europe վերլուծական կենտրոնի՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերով աշխատակից Սինան Ուլգենը:- Ռուսաստանը տարածաշրջանի խոշոր խաղացողներից մեկն է: Նա կարող է Ադրբեջանին կողմնակի վնաս հասցնել տարբեր միջոցներով, հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»:

Հաշվի առնելով, թե ինչպիսի վնաս կարող են հասցնել Ռուսաստանի տնտեսությանը էներգակիրների ցածր գները, ադրբեջանցի անկախ քաղաքական խորհրդատու Ռաշիդ Շիրինը կասկածում է, որ «Գազպրոմը» կարող է իրեն թույլ տալ դադարեցնել գազի մատակարարումները Թուրքիա, որն իր երկրորդ խոշոր շուկան է Գերմանիայից հետո:

Նրա կարծիքով՝ Բաքուն այդքան հեշտ չի զիջի Ռուսաստանի կողմից ճնշմանը և չի զոհի Թուրքիայի հետ իր հարաբերությունները: «Այս իրավիճակում Ադրբեջանն ամեն ինչ կանի ի շահ իրեն»,- ասել է նա:

Թուրքական և ուկրաինական բեռները, որոնց համար փակվել է դեպի Ռուսաստան ճանապարհը, այժմ Կենտրոնական Ասիա են տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, որը անցյալ տարվա դեկտեմբերին 40 տոկոսով նվազեցրեց Ղազախստան և Թուրքմենստան շարժվող ապրանքների փոխադրման սակագները՝ իր տարածքն ավելի գրավիչ դարձնելու համար:

Կենտրոնական Ասիան, որը մեծ մասամբ թուրքական տարածաշրջան է, և որի հետ Թուրքիան վերջին տարիներին ակտիվորեն համագործակցում է, նույնպես ցանկություն չունի միջամտել Անկարայի և Մոսկվայի միջև հակամարտությանը, կարծում են հոդվածագիրները:

Այսպես, գազով հարուստ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բռնել է Ռուսաստանի կողմը: Մինչդեռ Թուրքմենստանը, որը նույնպես էներգակիրների խոշոր արտահանող է, նախընտրում է այդ հարցում որևէ պաշտոնական հայտարարություն չանել:

Անկարան և Բաքուն վաղուց են առաջ քաշում Թուրքմենստանից Ադրբեջան գազատար կառուցելու գաղափարը, սակայն փորձագետ Էմրե Իշերին զգուշացնում է, որ էներգակիրների ցածր գների և Կասպից ծովի կարգավիճակի շուրջ չլուծված հարցերի պատճառով «ներդրողները կրկնակի կմտածեն, նախքան նման քաղաքական առումով ռիսկային նախագծերին ձեռք մեկնելը»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29