Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյան. «Մեր երկրին անհրաժեշտ են նոր դեմքեր»

Փետրվար 02,2016 17:40

 Այսօրվա տագնապների և վաղվա հույսի շուրջ մեր զրույցը գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի հետ սկսվեց անհանգիստ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և այդ համատեքստում՝ մեր տեղի ու պահվածքի մասին հարցից:

-Մեր ժամանակներում, երբ հաղորդակցությունը այսքան հեշտացել է, չես կարող չինական պատ կառուցել և ետևում պատսպարված՝ մեկուսի ապրել: Հատկապես երբ աշխարհաքաղաքական քարտեզը մեր աչքի առաջ գլխապտույտ արագությամբ փոխվում է: Պիտի նայես, թե ինչ է կատարվում շուրջդ: Բազում օրինակներով մենք տեսանք, որ ազդեցության և հակազդեցության հավասարության մասին ֆիզիկայի օրենքը նույն կերպ գործում է նաև մարդկային հասարակության մեջ:

Այդ իմաստով բնութագրական է Ռուսաստանը, մասնավորապես ՌԴ նախագահ Վ. Պուտինի վարած քաղաքականությունը՝ նա փորձում է ազգային ինքնագիտակցության ջիղը գրգռել: Իհարկե, տեսանելի է, որ դրա հետևանքով նաև ծայրահեղությունների գիրկն են ընկնում՝ ուզում են «սրբագրել» պատմությունը, թե՝ մարդկային ցեղը առաջացել է ռուսական անծայրածիր տիրույթների սահմաններում, ինչ-որ տեղ՝ Սառուցյալ օվկիանոսի ափերին, «հիպերբորեաների» երկրում: Կատակով ասում եմ՝ մեզ համար միանգամայն մեկ է՝ մարդը ծագել է աֆրիկյան մայրցամաքում, թե՞ ծայր հյուսիսում. մենք դիմանում ենք թե ցրտին, թե շոգին: Մեր բնաշխարհը դրա ապացույցն է:

Ռուսաստանում հիմա պնդում են նաև, որ Սև ծովի հատակում /որը ժամանակին ցամաք է եղել/ է գտնվում «6-րդ Արարատ»-ը, որի գագաթին էլ, իբրև, կանգ է առել Նոյի տապանը: Այսինքն՝ մի ճանապարհ են բռնել, որը, եթե չափի մեջ չմնա, կարող է խիստ վտանգավոր լինել: Բոլոր դեպքերում, պիտի արձանագրենք, որ իրենք ազգային ինքնագիտակցության հզոր շրջան են ապրում. դրա հաշվին են դիմանում ներկայիս սոցիալ-տնտեսական-քաղաքական ճգնաժամին:

Նման վերելք մենք նույնպես ապրեցինք՝ Արցախյան հաղթանակից առաջ և նաև հետո:

– Ճիշտ է, բայց մենք այդ հաղթանակով այնքան արբեցինք, այնքան ինքնագոհ հանգստացանք ու, կարծես, կանգ առանք: Ճիշտ է, մենք ձեռք բերեցինք և ունենք հրաշալի բանակ, բանակաշինությունն այս տարիներին անդադար առաջ է գնացել, բայց հպարտանալու ուրիշ բաներ էլ են պետք:

Ի միջի դեպ, վերջերս մի հոգևորական արդարացի առարկեց՝ ես չեմ ուզում ունենալ «հաղթած» բանակ, ասաց, այլ՝ «հաղթող»: Ավելի վաղ, Արցախյան շարժումից առաջ, սիրում էինք պարծենալ, որ եվրոպացիներից դեռ շա՛տ առաջ էս ու էն ունեինք /Սևակը դեռ երբ էր զգուշացնում/, իսկ ազգային սնապարծությունն ու ազգային արժանապատվությունը թափանցիկ, աննկատ պատով են բաժանված: Քառորդ դարի ընթացքում /չնայած բոլորս էլ շատ պերճախոս ենք/ այս ընթացքը լավագույնս Վազգեն Սարգսյանն է ձևակերպել՝ «Ես այս պատերազմին տվեցի այն ամենը, ինչ կարող էի, փոխարենը ձեռք բերեցի հպարտություն»:

Այս սերունդը, սակայն, ոչ միայն մեր սահմանապահ, ամեն մեկը՝ մի տան ճրագ զինվորիկներն են/ փառք ու պատիվ իրենց/, այլև հասարակ աշխատավորները, մտավորականները: Այ, երկիր ու տուն կառուցելու ջիղն է կորել: Առաջ գյուղացին կարող էր նայել Արարատին ու Արագածին և հասկանալ, թե ինչ եղանակ կլինի: Նման գիտելիքներ ես մորիցս եմ ստացել: Բնության հետ ներդաշնակ լինելու վիճակն է կորել:

Հասկանում եմ, որ սոցիալական շատ խնդիրներ կան՝ կոռուպցիան, չինովնիկական ապարատի անհարկի ուռճացումը: Բայց սրան զուգահեռ պակասել է նաև սեփական տունը կառուցելու, կարգի բերելու մեր ջանքը: Ճառասացները շատ են: Հանճարեղ է, չէ՞, «Ճառ ասեմ, թե՞ զանգ կախեմ»:

Բացի դա՝ ահավոր անհանդուրժողականություն է տիրում: Ֆեյսբուքյան խոսքի ազատությունն է տիրում՝ կեղծ անունների և անպատժելիության տակ պատսպարված, ինչի միջոցով հնարավոր է ցանկացած հեղինակության ոտնատակ տալ, թույնի մեջ խեղդել: Ամենաթանկ գաղափարը ազատությունն է, բայց ամենաթողությունը, պատասխանատվություն չզգալը ուրիշ բան է:

Մթնոլորտում պակասում է մշակույթը, սարսափելի է պակասում: Հոգևոր արժեքները՝ գրականությունը, երաժշտությունը, կերպարվեստը, դուրս են մղվել կյանքից: Ես չեմ կարողանում իմ թոռանը պատասխանել, թե, օրինակ, ինչո՞ւ է Արմենչիկը վաստակավորի կոչում ստացել, իսկ «Անուշ» օպերան դատարկ դահլիճում էր նայել, հիացել էր ու նաև տխրել, որ ամֆիթատրոնում նստած երեխաները ուսուցչուհու հետ միասին օպերան նայելու ընթացքում ՙնախաճաշել՚ էին, ինչպես բուֆետում: Բայց ես չեմ հուսահատվում: Կարծեմ, 1963-ին էր, Ժակ Բրելը Երևան էր եկել, և ֆիլհարմոնիկում շատ քիչ հանդիսատես էր հավաքվել: Հաջորդ տարի Շառլ Ազնավուրը եկավ՝ շռնդալից համերգ էր, և … Բրելին նոր հասկացան:

Խրուշչովյան հալոցքն ավարտվում էր, և երկաթյա վարագույրն ամրանում էր: Մեր ականջները այդ ժամանակ սկսեցին մաքրվել «ՀայՌենիք» սիրողներից /այդպես էին երգում/: Իսկ հիմա մենք ազատ ենք, և մեզ ոչ ոք չի ստիպում նման վրիպումներ թույլ տալ: Մինչև նորից վերազարթոնք կլինի: Ցավալի է, որ այս ընթացքում կարևոր բաներ են ապականվում: Ռուսի ասած՝ ՙЗа державу обидно՚:

Ինչոր մեկը պետք է, որ մեղավոր լինի: Առնվազն՝ պատասխանատու:

–  Ամեն ինչի համար մեկ մարդու մեղադրելը ճիշտ չէ: Ուզում եմ Սերժ Սարգսյանի մասին խոսել, ոչ միայն նրա համար, որ քննադատությունները երբեմն պարզապես շատ են դատարկ, այլ որ՝ դրանք ճիշտ հասցեատերեր ունենան: Նախագահին և մնացած բոլորին էլ կարելի է և պետք է քննադատել, բայց՝ տեղին և ճիշտ: Օրինակ, Հայոց բանակի 24-ամյակը նշվեց, ես շատ ազդվեցի, որ ՀՀ նախագահը ողջույնի իր խոսքից բացի այլևս համեստաբար չերևաց: Այնինչ ես անհամեստաբար ուզում եմ ասել, որ 88 թ. Արցախից սկսած՝ ականատես եմ եղել նրա գործունեության, շեշտեմ՝ չերևացող դրսևորումերին՝ և Հենրիկ Պողոսյանի, և Վոլսկու հետ աշխատելու շրջանում: Ինքս ինձ կրկնելով ասեմ՝ նա խելացի է, բայց ցուցամոլ չէ, սնապարծության մանրէից զերծ է: Շախմատիստ է, և նաև այդ «շախմատով» Հայաստանը այսօր համաշխարհային խաղացողների շարքը մտավ:

Երբ ես ասում եմ՝ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը շատ կարևոր ձեռքբերումներ ունեցավ, հասկանում եմ, որ դրանք նաև դառն են՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթը նկատի ունեմ: Քանի դեռ Ցեղասպանության գնահատականը չի տրվել վերջնականապես /ոճրագործի կողմից/, և հատուցում չի եղել, ցեղասպանությունը դեռ ճանապարհ կանցնի՝ լինի Մերձավոր Արևելքում, Ռուանդայում, թե Եվրոպայում՝ Քյոլնի փողոցներում: Եվրոպայում էլ տեսան, չէ՞, թե ինչ է բռնաբարությունը. բռնարարն ինչ ազգության էլ լինի՝ թուրք է, որովհետև այդպես դրսևորել ազգային-ռասայական ատելությունը՝ թուրքի վարքաբանություն է:

Չենք կարողանում հարգել մեր պետության առաջին դեմքին: Ինձ կարող են հակադարձել, բայց փաստ է, որ մենք հնուց ի վեր չենք սիրել մեր թագավորին, նախարարին, իշխանին: Պետության կառավարիչների նկատմամբ տարօրինակ վերաբերմունք ունենք:

Նույնիսկ երբ արդեն նախկին են. ՀՀ Առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի հիվանդության և վիրահատության հետ կապված՝ վերջին օրերին շատ անմարդկային արձագանքներ եղան, անեծքից մինչև գլենդելյան կլինիկային ուղղված ՙմուննաթը՚, թեինչու եք վիրահատել:

-Լևոն Տեր-Պետրոսյանը իմ բարեկամը չէ, բայց թող Աստված առողջություն տա իրեն: Բաներ կան, որ անքննարկելի են: Եվ հետո, պետք չէ ամեն ասածի հավատալ, չեմ կարծում, թե այդքան տմարդի մեկը կգտնվի, գուցե ամերիկաներից հարմար առիթ են գտել՝ մարդուն անվանարկելու…Խոսքը Հարութ Սասունյանի մասին է, որ Սփյուռքի իմ ամենապարկեշտ բարեկամներից է՝ տաղանդավոր վերլուծաբան և հայրենապաշտ:

Անցած տարվանից այս տարի մուտք գործած աղմկահարույց պատմություններից մեկը այսպես կոչված «բանդայի» բացահայտումն ու դրան հետևած ձերբակալություններին էին: Քանի որ հասարակությունը քննարկում է, կուզեի Ձեր կարծիքն էլ իմանալ:

– Չեմ կարծում, թե դա թատրոն էր, ի վերջո, փաստ էր, որ ինչ-որ քանակով զենք հայտնաբերվեց, չէ՞: Բայց քանի որ ինքս ստալինյան ռեպրեսիաներ տեսած ընտանիքից եմ, կասկածանքով եմ նայում, առնվազն կարծիք հայտնելիս չշտապելու չափով: Այսպես ասեմ՝ ես վերապահումով սպասում եմ դեռ:

Իսկ այս պահին Հայրենիքի դավաճան անվերապահ համարում եմ կաշառակերներին, պետության, ուրեմն՝ ժողովրդի փողը գողացողներին: Ասում են, բիլդերբերգյան ակումբի 300-ի /ոմանք գերադասում են ասել՝ մասոնական օթյակի/ որոշմամբ՝ գործի է դրված «ոսկե միլիարդի» տեսությունը. այսինքն՝ մնացածը երկրագնդի վրա ավելորդ ձրիակեր են, նրանք կամ պետք է մեռնեն, կամ դառնան Գուլիվերյան յեհուներ՝ ձիերի ստրուկներ: Հայրենիքի դավաճանները նրանք են, ում պատճառով մարդիկ փախչում են Հայրենիքից:

Ես չգիտեմ՝ ձերբակալվածներն ում էին ուզում սպանել, հանցագործ էին, թե՝ ոչ, բայց արտաքին պարտքի տակ կքած մեր բյուջեից փող փախցնողները վստահաբար հանցագործներ են: Ոչ մի հակակոռուպցիոն հանձնաժողով և այլն, մեզ չեն փրկելու. Ժողովուրդը պիտի կարողանա քծնանքից ու ստրկամտության որոմից ազատվել: Դառը բառեր են ու հեշտ չասվեցին: Բայց կարծում եմ՝ մենք այնքան հզոր ժողովուրդ ենք, որ կարող ենք մեկմեկու նաև դառը բառեր ասել՝ կեղծ բաժակաճառերի փոխարեն: Վաղուց ժամանակն է, որ մեր ողնաշարի ծռված ողերը շտկենք: Հասկանանք, որ ազգերի մեծությունը թվաքանակով չի որոշվում: Մենք քաղաքակրթություն կերտող ազգերից ենք. որակն է վկայում մեծության մասին:

Երկրից փախչելիս էլ հիմա շատ պետք է մտածել, մանավանդ նոր իրավիճակում, երբ Եվրոպան խրվել է արևելյան մեծ գաղթի՚ թնջուկի մեջ:Ոչ մի երկրում մեզ չեն կարոտել: Հեռվից դրախտավայր թվացող Եվրոպան ինքն էլ գլուխ չի հանում, թե ուր է հասել և ուր է գլորվում:

– Ավելին՝ պարզվեց, որ Հայաստանից ապահով տեղ չկա էլ: Աստված մեզ մեր լեռներով է պահպանում ու պաշտպանում: Չգիտեմ՝ ռուսների փնտրած «6-րդ Արարատը» ո՞րն է, բայց եթե ջրհեղեղ պատահի, տապանն անկասկած նորից մեր Արարատին կանգ կառնի: Իսկ Եվրոպան վաղուց է ետ-ետ լողում իր ափերից: Եվ օրինաչափ է դարձել երկակի ստանդարտների գործելակերպը: Նույնիսկ երբեմն Ռուսիայի պես հսկային եմ խղճում, թեև իսկույն մտածում եմ՝ տեղն է, դուք էլ եք հաճախ նույն կերպ վարվում:

Իր ելույթներից մեկում լուսահոգի Սախարովը մի անգամ զզվանքով ասաց՝ չարի փոքրիկ կայսրությունները պետք է վերանան, նկատի ուներ Վրաստանը և Ադրբեջանը: Սա ասում եմ՝ հիշեցնելու համար, որ մեզ նման երկրները չպետք է տարտղնվեն Արևելքի և Արևմուտքի միջև: Մենք երկրագնդի կենտրոն-ժողովուրդ ենք մեր նշանակությամբ, և ինչքան որ մեր հարևաններն են մեզ հարկավոր, նույնքան էլ մենք՝ նրանց:

Հարևան ասացիք՝ նախ Իրանին հիշեցի: Մտածում եմ, որ Հասան Ռոհանին փրկում է Իրանը, նա Իրանն առաջնորդում է դեպի նոր դարափուլ: Մտածում եմ նաև, որ մենք, կարծես, պարսիկներից ավելի շատ ենք ուրախացել Իրանի նկատմամբ ԵՄի և ԱՄՆի պատժամիջոցները հանելու առիթով: Եվ երկրորդը՝ Վրաստանի պաշտպանության նախարարուհու այցի մասին մտածեցի:

– Այդ երկուսն իսկապես էլ արժեր միաժամանակ մտաբերել: Իրանի լավ հեռանկարի համար մեր ուրախանալը ավելի քան բնական է, ընդ որում՝ առանց նաև մեր օգուտն ու շահը հաշվարկելու. Իրանը անգնահատելի աջակից է եղել ծանր պահերին, և մենք դա չենք մոռանում: Վրաստանի մասով. մեր բանակի 24-ամյակի առթիվ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին նախ շնորհավորական ուղերձ հղեց /կարծեմ՝ աննախադեպ բան/, իսկ ապա պաշտոնական այցով ժամանեց Երևան՝ հանդիպումներ ՀՀ նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ: Մի բան կասեմ միայն՝ մեր հարևանները ճկուն են և սուր հոտառություն ունեն՝ հոտն առել են՝ նավթի, գազատարի, երկաթգծի… Պետք է հուսալ, որ նրանք կգիտակցեն հայ-վրացական բնական դաշինքի անհրաժեշտությունը:

 –Կուզեի նորից բանակի մասին զրուցենք, որովհետև ճիշտ է, հատկապես տոնական տրամադրությամբ, բոլորը, անգամ նրանք, ովքեր բացարձակապես կապ չունեն բանակի և ազատամարտի հետ /և ավելին՝ փառք Աստծո, որ իրենց նմանները չեն պատերազմ գնացել, այլապես հաղթանակի երես չէինք տեսնի/ նշում են, որ բանակը մեր լավագույն կամ միակ նվաճումն է: Սակայն դժվարանում եմ հավատալ, թե բոլորը խորապես գիտակցում են բանակի դերը կամ անկեղծ են: Դժվարանում եմ, եթե բանակի ակունքներում կանգնած շատերն այսօր հանիրավի մոռացված են, եթե բանակի պատասխանատուների սխալների և թողտվության հետևանքով մահեր են գրանցվում, եթե բարձրաստիճան պաշտոնյաների զավակները անհասկանալի ՙվիճակահանությամբ՚ միայն տաքուկ տեղերում են ՙծառայում՚, և թշնամու գնդակը միայն խեղճուկրակ ընտանիքների զավակներին է գտնում:

– Բանակը պաթոսով ճառ ասելու թեմա չէ, բայց ճառ ասողների հերթերը նման դեպքերում անխուսափելի են լինում, ցավոք: Բանակը հիմնել են իմ ընկերները, և առաջին զոհերի մեջ էլ շատ են իմ ընկերները: Իմ Նարեկ զավակը կամավորական էր Արցախյան ազատամարտում, հետո էլ երկու տարի ծառայեց նորակազմ կանոնավոր բանակում: Երկու տղա թոռ ունենք, որ արդեն հիմիկվանից, որպես իրենց հոր դաստիարակության արդյունք՝ վստահաբար գիտեմ, որ մեկնելու են բանակ: Տասնամյա Շանթս այս օրերին ասաց՝ «Երբ 18-ս լրանա, ու Աստված չանի՝ էս պատերազմը վերջացած չլինի, ես թուրքերի հետ հարցեր ունեմ…. »; Որևէ նոր երկրի մասին իմանալիս՝ Շանթս նախ հարցնում է՝ էդ երկիրը Ցեղասպանությունը ճանաչե՞լ է, թե ոչ: Ասեմ՝ ամենաշատը Ուրուգվայն է սիրում՝ որպես Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկիր: Իրենց հայկականությունը, արմատները գիտակցող թոռներիս հանդեպ նման պահերին աննկարագրելի խանդաղատանքով եմ լցվում:

Բանակն ինձ համար բնականաբա՜ր ամենաթանկ ձեռքբերումն է, և ես շատ ուշադիր և զգայուն եմ բանակին առնչվող ամենայնի հանդեպ: Եվ հիմա չեմ կարող անկեղծորեն չասել-չանել մի ցավագին դիտողություն.քանի որ պաշտպանության նախարարն էլ՝ պաշտպանվելով ասում է՝ թող ամեն մարդ զբաղվի իր գործով, ես էլ գրող եմ, հետևաբար՝ գրում և ասում եմ: Ահա. տարիներ առաջ, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժամանել էր Իրան, պատվո պահակախումբը կանգնած, ինքը Իրանի պաշտպանության նախարարի ուղեկցությամբ քայլում էր կարմիր գորգի վրայով, և հասկանալի է՝ դժվար էր քայլում… Նկատեցի, թե իրանցի զինվորները ինչ պատկառանքով են հետևում մեր նախարարի դժվար քայլքին. գիտեին, որ մինչ նախարար դառնալը գործող զորական է եղել:

Այնքան էի հուզվել՝ «Հայոց աշխարհ»-ում հոդված գրեցի, նկարագրելով այդ պատկառանքի ակնթարթը: Շատ հպարտ էի….

Եվ հանկարծ Հ1-ով մեր պաշտպանության նախարարին իրենց բակում տեղակայված լողավազանում լողալիս տեսա: Կներեք սենտիմենտի համար՝ սիրտս ծակեց ցավից: Չէի ուզենա պատկառազդու մեր նախարարին լողավարտիքով տեսնել: Ում ասեք, բայց ոչ իմ պաշտպանության նախարարին: Չէի ուզենա նրան տեսնել ամերիկյան երազանքի «մեջ լող տալիս« լողավազանով տունը միջին ամերիկացու երազանքն ու կյանքի նպատակն է, չէ՞:

Տարիներ առաջ Սերժ Սարգսյանը մի զրույցի ժամանակ ասաց՝ «Հայաստանի երիտասարդական ամենամեծ կազմակերպությունն եմ ղեկավարում, չես պատկերացնի՝ ինչ դժվար է /այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարն էր և նկատի ուներ բանակը/: Բոլորին կարող ես խաբել, բայց երիտասարդին չես կարող: Դա կնշանակի երկիրը դատապարտել կործանման»:

Ուզում եմ մի փաստ էլ հիշել. դատողը թող դատի: Ամենասոսկալի ռմբահարությունների օրերին թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի ընտանիքները Ստեփանակերտի մյուս բնակիչների նման նկուղներում էին պատսպարվում: «Եթե ես իմ ընտանիքը տեղափոխեմ Երևան, բա մյուսներն ինչո՞ւ չպետք է տեղափոխվեն» ասում էին:

Կներեք, բայց չեմ կարող չասել: Փաստ է, որ հետագայում նրանց Երևան գալուց ի վեր շատ ու շատ արցախցիներ թողեցին հարազատ եզերքները և ավելի բարեկեցիկ՝ հաստատվեցին Երևանում: Եվ, Աստված չանի, եթե հիմա լինի այդ վիճակը, ստեփանակերտցիների հետ այն կիսող բարձրաստիճան պաշտոնյաներ չեն լինի

–          Քննադատությունը պետք է արդար լինի: Հասկանում եմ քո մտահոգություններն ու դժգոհությունները, բայց նաև ուզում եմ վստահեցնել՝ եթե Արցախում կրկին պատերազմ բռնկվի, իմ սիրելի Ռիտա Սարգսյանը անհապաղ Ստեփանակերտ կգնա՝ նախ և առաջ նա մենակ չի թողնի սկեսրոջը՝ Նորա մայրիկին: Եվ չնայած քո հոռետեսությանը՝ լիքը ուրիշներ նույնպես: Արցախի կանչը բոլորին կտանի, ինչպես եղավ անցած պատերազմում:

Ես կռահում եմ հարցի ենթատեքստը և պատասխանեմ. իսկ ինչո՞ւ պետք է հատկապես նրանք մնային Արցախում: Աշխատանքի, պաշտոնի բերումով Երևանում են հայտնվում ինչպես Հայաստանի բոլոր մարզերից, այնպես էլ՝ Արցախից, և դա բնական է: Չնայած կոնկրետ Սերժ Սարգսյանի մի ոտքը Հայաստանում է, մյուսն՝ Արցախում: Իսկ Առաջին տիկինը բնական է, որ իր ամուսնու կողքին է: Մի անգամ միամիտ զարմացավ, չէ՞, երբ նրան հարցրել էին, թե ո՞վ է պատրաստում իրենց տան կերակուրները: »Ինչի ես կին չե՞մ: Մեր տան կերակուրը ես պետք է իմ ձեռքով պատրաստեմ»: Ժողովուրդը նրան այ, այսպիսի անմիջականության, չափի զգացման և սրտաբացության համար է սիրում: Արժանիորեն՝ ասեմ և ավելացնեմ, որ ցավոք հնարավոր չէ բոլորին պատմել նրա առաքինությունների մասին՝ չգովազդվող, չներկայացվող՝ որպես հայուհու համար ինքնին հասկանալի բան:

Չենք կարող շրջանցել ներքաղաքական կարևորագույն զարգացումների թեման: Նկատի ունեմ ՀՀԿՀՅԴ հնարավոր կոալիցիայի հեռանկարը: Կոնկրետ մարդկանց անուններ են տրվում:

– Ճիշտն ասած, ես նման տեղեկություններ չունեմ: Միայն կարող եմ անդրադառնալ որոշ շրջանառվող անունների, ում ի մոտո գիտեմ: Արծվիկ Մինասյանը հրաշալի կադր է, պրոֆեսիոնալ Է՝ իրավաբան և տնտեսագետ: Չնայած չեմ պատկերացնում ԱԺ ՀՅԴ խմբակցության աշխատանքն առանց նրա, բայց և գիտեմ, որ նրա էներգիան ավելի լիարժեք գործադիրում կարող է իրացվել: Նույնը Լևոն Մկրտչյանի մասին կարող եմ ասել՝ փայլուն մտավորական, որը ճանկռելով չի ուզում պորտֆել ստանալ:

Իսկ ընդհանրապես, երանի այն ժամանակները, երբ հնարավոր կլինի պաշտոն ստանալ ոչ թե ըստ կուսակցական պատկանելիության, այլ ըստ կարողությունների և պետական մտածողության գերագույն աստիճանի: Գուցե քաղաքականապես գրագետ չէ նման միտքը, բայց երազները կանոնակարգված չեն:

Եվ վերջում՝ մեր երկրին անհրաժեշտ են նոր դեմքեր, թեկուզ և փորձառու /և այլևս հոգնած/ մասնագետների հաշվին, որովհետև մթնոլորտում ճահճացում կա:

Ամեն անգամ, երբ փոփոխություններ են սպասվում, ասպարեզ է նետվում մշակույթի նախարարի փոփոխության հարցը: Այդ իսկապես չարչրկված հարցին էլ անդրադառնալով ուզում եմ նկատել, որ Հասմիկ Պողոսյանը հենց այն քչերից է, որ իր տեղում է: Նա այնքան դրական փորձ է կուտակել, որի պտուղները միշտ չէ, որ աչքի առաջ են, բայց կարևոր են: Գուցե ոմանց դուր չի գալիս, որ նա շնչահեղձ չի վազում ամեն ինքնուս պատվիրակության ետևից: Բայց իր գործն է անում՝ մեր երկրի հնարավորությունների սահմաններում:

Կառավարության կազմում ես իմ անթաքույց նախասիրություններն ունեմ և կուզեի, որ նրանք իրենց տեղում մնան: Կարող եմ անկեղծ թվարկել՝ Հասմիկ Պողոսյանի մասին արդեն ասացի, շարունակեմ՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյան, սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյան, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան: Եվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան: Ավելորդ չեմ համարում նշել, որ բնակարանի խնդիր չունեմ, և իմ միակ ակնկալիքը քաղաքապետարանից …լավ դիզայներ ունենալու հարցն է. չի կարելի Հայոց մայրաքաղաքը էժանագին տոնածառի խաղալիքների նման զարդարել: Ո՞ր դարն է: Մինչդեռ մենք տաղանդավոր դիզայներների պակաս չունենք:

Հզոր պետությունները հզոր են նաև իրենց չինովնիկական ապարատով: Ընտրովի իշխանությունները գալիս-գնում են, եթե կաշառակեր չէ և պրոֆեսիոնալ է՝ պետք է մնա: Պետությունը նրանցով է կայանում: Դրա ապացույցը եվրոպական պետական համակարգերն են, որոնց հիմքում հենց բյուրգերական անխափան գործող կառուցվածքն է ընկած:

Կուզեի անդրադառնայիք ստրասբուրգյան թեմային: Հունվարի 26-ին ԵԽԽՎն ընդունեց Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» վերնագրով հակահայկական զեկույցը, իսկ բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի ներկայացրած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը չընդունվեց: Մեզանում դեռ քննարկվում է՝ պարտվե՞լ ենք, թե, այնուամենայնիվ, պետք է հաղթանակ համարենք, որ գոնե հակահայկական ընդամենը մեկ բանաձևն ընդունվեց:

– Ես քաղաքական վերլուծաբան չեմ և բոլորի նման՝ ինքս էլ տեղյակ չեմ շատ նրբությունների:

Սակայն քաղաքական ցինիզմը նկատի ունենալով՝ իրականում այդ բանաձևերն այնքան էլ կարևոր չեն: Հաղթողին չեն դատում՝ սա հավերժական ճշմարտություն է: Մանավանդ՝ երբ նավթի գինն ընկած է, և մենք էլ, ուզեն՝ չուզեն, հաղթել ենք: Ինձ շատ դուր եկավ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև մեր երիտասարդների «խավիարային» ցույցը, Իռլանդիայի և Շոտլանդիայի մասին հիշեցնելը՝ թող դեռ իրենց խնդիրները լուծեն: Ոչ հաղթանակ է, ոչ՝ պարտություն. գործընթաց է, ընդ որում՝ ոչ ճակատագրական:

Արժե, սակայն, մեր քաղաքական գործիչներին, մասնավորապես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը ավելի զգոն և զգաստ լինելու կոչ հնչեցնել, նաև ևս մեկ անգամ հիշեցնել, որ ոչ մի երկրի բարեկամությանը պետք չէ ապավինել: Չեմ կարծում, թե կկարողանան պնդել, թե լիովին օգտագործում ու գնահատում ենք «հայկական աշխարհը» որպես լուրջ քաղաքական գործոն: Մինչդեռ շատ արդյունավետ հաղթաթուղթ է: «Հայկական աշխարհ» հասկացությունը մի առիթով վերջերս ՌԴ արտգործնախարար Կ. Լավրովն օգտագործեց: Մենք քաղաքական, ֆինանսական, հոգևոր վիթխարի ներուժ ունենք, որ դեռ չնչին չափով է իրացվում: Խոսքս, այո, նաև միջազգային այդ կարգի հարթակներում ամուր և ինքնավստահ լինելու նպատակին է վերաբերում:

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այդ ամենը կյանքի կոչելը: Մարդկային ի՞նչ ռեսուրսով: Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը հենց այն է, կարծում եմ, որ շատերն իրենց տեղում չեն: Ամեն մեկը պետք է զբաղված լինի այն գործով, որ կարող է բոլորից լավ անել: Գոնե ամենապատասխանատու պաշտոններն զբաղեցնողների դեպքում պետք է հասարակական վստահություն լինի, պետք է հասկանալի լինի, որ տվյալ պաշտոնյան այդ ոլորտում լավագույնն է, վարկաբեկված չէ, հանցագործ չէ, գաղափարներ և սկզբունքներ կրող է:

– Հնարավոր կոալիցիայի մասին խոսելիս՝ ես հենց դա նկատի ունեի: Առաջնահերթությունները պետք է փոխվեն՝ մարդկային և մասնագիտական որակները ամենապահանջվածը պետք է լինեն, և այդ դեպքում շատ բան ինքնիրեն ճիշտ հունի մեջ կընկնի: Այդ դեպքում մենք նաև աշխարհաքաղաքական ամեն մարտահրավերի արժանի հակահարված տալու կամք և ուժ կունենանք:

 

Հարցազրույցը՝ Կարինե ԱՇՈՒՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29