Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն Հայաստանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին և մյուս 12 քաղբանտարկյալներին

Փետրվար 02,2016 18:00

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման առթիվ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն մտահոգված է Հայաստանում իշխանությունների կողմից քաղաքացիական և քաղաքական ակտիվիստների իրավունքների խախտումների դեպքերի հաճախակիացմամբ: 2016թ. սկզբից Հայաստանի իշխանությունները զգալի չափով խստացրել են բռնությունները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, իսկ ևս մեկ ակտիվիստի կալանքի ենթարկելուց հետո քաղաքական շարժառիթներով ձերբակալվածների և կալանավորվածների քանակը հասավ 13-ի:

Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը «Նոր Հայաստան» քաղաքական միավորման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը կալանավորվեց մեկ այլ քաղաքացու պաշտպանելու համար, որը ոստիկանության զոհ էր դարձել ընդամենը Ամանորի տոնածառի զգեստ հագած լինելու համար (միջադեպի հետ կարելի է ծանոթանալ Ազատություն ռադիոկայանի այս հաղորդումը դիտելով :

Վիճակն էլ ավելի է ծանրացնում բանտում իշխանությունների կողմից քաղբանտարկյալների նկատմամբ ճնշման աղաղակող գործիքի կիրառումը: Այսպես՝ քաղաքական շարժառիթներով կալանավորված Գևորգ Սաֆարյանի և քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի կյանքին և առողջությանը բանտում սպառնում են քրեական տարրերը, ինչը նրանց, ինչպես նաև ի պաշտպանություն նրանց հանդես եկած քաղբանտարկյալներին, հարկադրել է դիմել ծայրահեղ միջոցի՝ հացադուլի:

Նաև հաճախակիացել են հարձակումներն ու սպառնալիքները երիտասարդ ընդդիմադիրների, քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների նկատմամբ: Ծեծի են ենթարկվել «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչներ Սյուզի Գևորգյանը և Հովհաննես Հարությունյանը, ինչպես նաև բլոգեր Կարեն Հարությունյանը. Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը դարձել է անհայտ անձի կողմից Ֆեյսբուքի միջոցով կատարվող սպառնալիքների թիրախ: Ինչպես հարձակվողների, այնպես էլ սպառնացողների անձերը մինչ օր իրավապահ մարնիններ չեն պարզել:
Հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը ոստիկանությունը բռնության գործադրմամբ ապամոնտաժել է Ազատության հրապարակում տեղակայված հովանոցը, որտեղ շուրջօրյա հերթապահություն են կատարում սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ բողոքող «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները:

Այս ամենը տեղի ունենում 2015 թ. դեկտեմբերի 7-ին ԵՄ և Հայաստանի միջև համագործակցության նոր պայմանագրի բանակցությունների ֆոնին և, մյուս կողմից՝ ուղեկցվում է իշխող Հանրապետական կուսակցության բարձրաստիճան գործիչների կողմից քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կատարված՝ «գլուխ կտրելու», «բռնաբարելու», «աչքեր հանելու» սպառնալիքներով, որոնց համար այդ անձինք անգամ վարչական պատասխանատվության չեն ենթարկվել:
Տարակուսելի է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հունվարի 12-ի հրաժարականը: Հրաժարականից ընդամենը մի քանի ժամ առաջ Կարեն Անդրեասյանը դիմել է պաշտոնական հարցմամբ Հայաստանի ոստիկանության պետին՝ խնդրելով բացատրել Ազատության հրապարակում Ամանորի գիշերը քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառման իրավաչափությունը: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ անմիջական կապ կա Պաշտպանի հրաժարականի և նրա իրավապաշտպան գործունեության միջև:

Գևորգ Սաֆարյանի կալանքի առթիվ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին: Իր նամակում Human Rights Watch-ը կոչ է անում վերացնել Գևորգ Սաֆարյանի երկամսյա նախնական կալանքի որոշումը, ինչպես նաև հորդորում է հատուկ հետաքննություն կատարել Ամանորի գիշերը փոքրիկ տոնածառ տեղադրելու փորձ կատարած և/կամ տոնածառ հիշեցնող զգեստ հագած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով:

Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն Հայաստանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին և մյուս 12 քաղբանտարկյալներին, դադարեցնել ընդդիմության հետապնդումները, ինչպես նաև քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական տարրական իրավունքների ու ազատությունների խախտումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29