Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողների միավորում» ՀԿ-ն դատապարտում է խմբագրի կողմից լրագրողին աշխատանքից հեռացնելը՝ իր քաղաքական հայացքների համար

Փետրվար 06,2016 21:22

Հայաստանում լրագրողները գործատուների և ոչ միայն գործատուների թիրախում են գտնվում, և քչերն են պայքարում սեփական իրավունքների պաշտպանության համար,որովհետև այդպիսով էլ վտանգվում է նրանց աշխատանքը: Նման դեպք գրանցվել է օրեր առաջ:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը  հայտնի է դարձել, որ ԱԺ-ի էթիկայի նորմերի պահպանման, ԱԺ կանոնակարգին հավատարիմ մնալու համար լրագրող Լիլիթ Լալայանը ոչ թե խրախուսվել, այլ հեռացվել է աշխատանքից խմբագրի որոշմամբ:

Henaran.am լրատվական գործակալությունը աշխատանքից հեռացրել է լրագրող Լիլիթ Լալայանին այն բանից հետո, երբ ԱԺ Էթիկայի հանձնաժողով վարույթ է ընդունել ԱԺ 7 պատգամավորների դեմ Լալայանի դիմումը:

Թեև Henaran.am-ի խմբագիր Լիլիթ Դավթյանը պաշտոնապես չի մեկնաբանում աշխատանքի հեռացման պատճառը, սակայն ակնհայտ է, որ հեռացման հիմքում ընկած է էթիկայի հանձնաժողով լրագրողի դիմումը, որովհետև խմբագիրը լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին որոշումը կայացրել է հունվարի 21-ին, երբ հունվարի 20-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովը գործը վարույթ է ընդունել՝ լրագրողի դիմումը համարելով հիմնավոր։

Խմբագիրը նման որոշում կայացրել է այն դեպքում, երբ լրագրողը նույնիսկ Henaran.am-ի անունից չի դիմել, այլ իր երկրորդ աշխատավայրի համար պատրաստված տեղեկատվական նյութերի հիման վրա:

Չնայած խմբագիրը պաշտոնապես չի նշում ազատման պատճառը, սակայն այդ ակնհայտ է, որովհետև էթիկայի նորմերը խախտող յոթ պատգամավորներից վեցը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներ են. ԱԺ Հանրապետական խմբակցությունից` Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը և Արշակ Մխիթարյանը, և «ԲՀ» խմբակցությունից` Բազմասեր Առաքելյանը: Նրանք խախտել են պատգամավորական էթիկայի նորմերը և նախորդ տարվա ավարտին արտահերթ նիստերի ժամանակ քվեարկել բացակա գործընկերների փոխարեն:

Հետևաբար, լրագրողը հեռացվել է աշխատանքից խմբագրի քաղաքական հայացքներին չենթարկվելու համար:

Լրագրողին աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ է պարունակում, ինչը խիստ դատապարտելի է: Խմբագրի կողմից լրագրողին աշխատանքից հեռացնելը կարող է նախադեպ դառնալ լռեցնելու այն լրագրողներին, ովքեր կբարձրաձայնեն ԱԺ-ում և քաղաքական դաշտում նմանատիպ խախտումների մասին, ինչ էլ իր հերթին կբերի խոսքի անազատության:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համար անընդունելի և խիստ դատապարտելի է նման վարվելակերպը, առավել ևս զարմանալի, երբ լրագրողի ազատ գործելու իրավունքը խախտվում է խմբագրի կողմից, ով իրականում պետք է պայքարի խոսքի անազատության ու լրագրողի գործունեության խոչընդոտումների դեմ, այլ ոչ թե լրագրողին  ծառայեցնի սեփական շահերի ու քաղաքական հայացքների համար:

«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի «Լրագրողների միավորում»,
    *նախ. ուզում եմ ճշտել. ՀՀ Աշխատանքային օրենսգրքում ՛՛աշխատանքից հեռացում՛՛ եզրույթ գոյություն չունի, դա ստալինյան ժամանակներից եկած ՛՛քաղցր՛՛ հիշողություն է, պետք է օգտագործել ՛՛աշխատանքից ազատում՛՛ կամ ՛՛պայմանագրի լուծում՛՛ եզրույթները:
    *երկրորդ. աշխատանքից ազատում են ոչ թե ՛՛որոշմամբ՛՛, այլ հրամանով՝ որով գործատուն իր նախաձեռնությամբ լուծում է աշխատողի հետ կնքած պայմանագիրը / հոդված 113 /
    *երրորդ. գործատուն պարտավոր է 115 հոդվածով նախատեսված ժամկետներում նախապես ծանուցում տալ /գրավոր/ պայմանագրի լուծման մասին՝ հղում կատարելով ՀՀ ԱՕ համապատասխան դրույթին, այնպես որ ՛՛Henaran.am-ի խմբագիր Լիլիթ Դավթյանը կարող է պաշտոնապես չմեկնաբանել աշխատանքի հեռացման պատճառը՛՛, սակայն պարտավոր է գրավոր ծանուցել այդ մասին:
    Խորհուրդս. անօրենին պետք է քարշ տալ իրավական դաշտ, այլ ոչ թե բարոյական խրատներ կարդալ, ասվում է. չէ՞.
    Սևին սապոնն ինչ անի՝
    Խևին՝ խրատը…

Պատասխանել Մարգար Մախսուդյան

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29