Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոկատներից մեկում կռվում է մի աղջիկ, որի հորը գլխատել էին Մարաղայում

Ապրիլ 10,2016 17:50

Մեր հերոս տղաների հետ առաջնագծում էի: Տղաներ, ովքեր իրենց կյանքն ամբողջովին նվիրել են հայրենիքի փրկությանը, և դարձել վահան, դարձել պատ ու պատվար և պահապանը հայ ժողովրդի:

Արդեն խոսվում է խաղաղապահ զորքերի մասին: Միակ խաղաղապահները մեր հերոսներ ծնած մայրերի 18-ամյա որդիներն են, ովքեր չգիտեն՝ ինչ է վախը, չնայած ապրիլի սկզբից, դրանից առաջ մշտապես մարտի մեջ են մտել, կոտրել թշնամու դունչը: Իհարկե, նաև մարտական ընկերներ են կորցրել:

Այս տղաներին մենակ չթողնելու և Արցախ աշխարհին տեր մնալու համար հազարավոր կամավորներ են ցանկանում հասնել առաջնագիծ: Շատերն արդեն այնտեղ են՝ թևութիկունք են ժամկետային զինծառայողներին: Այստեղ են նաև Քաշաթաղի շրջանի կամավորականները՝ ազատամարտիկներ, վերջերս զորացրված տղաներ, նրանք, ովքեր նույնիսկ զինվորական ծառայություն չեն անցել:

Կամավորականների մի մասն էլ աշխատանքներ է տանում՝ վերացնելու զորամասին թշնամու հրետակոծությունից հետո հասցրած վնասները և կատարել տնտեսական այլ աշխատանքներ: Բոլորիս նպատակը մեկն է՝ տեր մնալ մեր երկրին, սատարել մեր բանակին, թշնամուն վերջնական հարված հասցնել:

zinvorՎերջապես մեր զինվորները պետք է դուրս գան խրամատից: Վերջապես մեր բնակիչները պետք է անահ դուս գան տնից, գիշերը քնեն հանգիստ, ոչ տագնապած սրտով՝ ականջը պայթյունի ու կրակոցի:

Մինչև առաջնագիծ հասնելը՝ զորամասում հանդիպեցի տանկիստների հետ: Վաշտի հրամանատար, ավագ-լեյտենանտ Հ. Հակոբյանը 2008 թվականից ծառայում է այս տարածքում, սակայն նման մասշտաբի մարտի դեռ չէր մասնակցել: Ասաց` մարտերի ընթացքում կորցրել է 3 զինվոր՝ Միշա Աղաջանյան՝ Ապարանից, Արտակ Պետրոսյան՝ Տաշիրից և Դավիթ Հայրապետյան՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից: Տարբեր անձնախմբերից են նահատակները:

Վաշտը թշնամուն հասցրել է մեծ կորուստներ՝ 4 զրահամեքենա, 3 տանկ, բազում ասկյարներ: Այն հարցին՝ ի՞նչ էին զգում մարտի ընթացքում, ասացին` կատարել խնդիրը, և կատարեցին, այդ պահին դարձյալ պատրաստ էին առաջ քշել իրենց երկաթե նժույգները:

DSCN0036Ավագ լեյտենանտ Արմեն Մելքումյանը Ճարտարից է, 13 տարի ծառայում է զինուժում: Ասաց՝ մեծ վտանգ են ներկայացնում անօդաչու սարքերը: Կրտսեր-սերժանտ Արամ Համբարձումյանը Երևանից է: Արդեն 15 ամիս է, ինչ իր տանկով պաշտպանում է հայրենի հողը: Ասկերանի շրջանի Աստղաշենից է սերժանտ Արտյոմ Մկրտչյանը, նշեց՝ մարտի ընթացքում միայն մի բան էր մտածում՝ թշնամու շատ զրահատեխնիկա խոցել, շատ ասկյար սատկացնել: Վայքեցի Տիգրան Խուդավերդյանը նույնպես ուժեղ հոգով է լցված և պատրաստ՝ նորից ոչնչացնել մեր անդորրը խախտող թուրքին:

DSCN0226 Զորամասում տարբեր կամավորական ջոկատներ էին սպասում, որ զենք ստանան ու բարձրանան դիրքերը: Այստեղ էր Քարինտակի խումբը՝ նախկին ազատամարտիկներ, նրանց զավակները, համայնքապետ Մխիթար Առուշանյանի գլխավորությամբ. 1992 թ. հունվարի 26-ին տեղի ունեցավ Քարինտակի հերոսամարտը, որի ընթացում մարտիրոսվեցին 20-ից ավելի քաջորդիներ, այդ թվում նաև հրամանատար Վաղարշակ Առուշանյանը: Այժմ Վաղարշակի որդին է նոր մարտական ջոկատի հրամանատարը:

Քարինտակցիները, որ Արցախյան գոյամարտի առաջին տարիներին հաստատեցին իրենց՝ հերոս ժողովուրդ լինելը, այս անգամ էլ հասել են հայրենիքի հյուսիսային սահման: Շուշիի ջոկատի կազմում եկել էին նաև Բերդաձորի ենթաշրջանի ազատամարտիկներ Անդրանիկ Մովսիսյանը, Դավիթ Ղևոնդյանը:

Ջոկատներից մեկում էր Լեյլա Եփրեմյանը, որը նաև ցանկանում է վրեժ լուծել թշնամուց 1990-ական թվականներին իր ընտանիքին պատուհասած չարագործության համար: «Ես ծնվել եմ պատերազմում»-ասաց Լեյլան՝ զրույցի ընթացքում: Ծնունդով Դաշտային Ղարաբախի Միրբաշիրի Բեգամսարում գյուղից է: 1988 թվականին ընտանիքով գաղթել են Մարաղա, որտեղ 1992թ. ապրիլի 10-ին տեղի ունեցած սպանդի ժամանակ թուրքերը գլխատել են հորը: Ընտանիքի 5 երեխաները, մայրը պատահականությամբ են փրկվել և բնակություն հաստատել նոր ազատագրված Շուշիում:

DSCN0077Զորամասում հանդիպեցի նաև գրող-հրապարակախոս Զորի Բալայանին, որն ուղեկցում էր արտասահմանցի լրագրողների: Այն հարցին՝ ինչպե՞ս է ընդունում կամավորների ներկայությունը այստեղ, Զ. Բալայանը պատասխանեց. «Սա միաբանության խորհուրդն է. իմանալով Արցախին հասած նոր պատուհասը, ազգը ոտքի է կանգնել: Մարտական մեծ փորձ ունեցող ազատամարտիկների՝ այստեղ լինելը մեծ բան է, և հավատում եմ՝ այս անգամ թշնամին կստանա արժանի հակահարված ու հետ կշպրտվի»:

Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Մարգարյանը արտասահմանցի լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս օրերի ընթացքում մեր բանակը տվել է զոհեր, բայց հերոսաբար դիմակայել է թշնամուն, հետ շպրտել Թալիշ գյուղից, որտեղ թուրքերը միայն ծերունիների են սպանել, բայց քիչ անց ասկյարները ոչնչացվել են մեր քաջերի կողմից: «Մենք ցավում ենք մեր զոհերի համար, ձգտում հնարավորինս քիչ զոհերի գնով հասնել հաղթանակի, իսկ թշնամին նպատակին հասնելու համար իր զինվորներին չի խնայում, նամանավանդ զինվորները հիմնականում վարձու մարդասպաններ են»:

Անդրադառնալով այդ օրերին տեղի ունեցած մարտերին՝ նշեց, որ թշնամին հանկարծակի սկսեց հարձակումը՝ հրետակոծելով նաև զորամասի տարածքը: Բազում արկեր են ընկել զորամասի ու գյուղի վրա: Սակայն 2 ժամվա ընթացքում մեր տղաները հասել են մարտադաշտ, Թալիշից դուրս քշել թշնամուն, դիմակայել սահմանի ողջ երկանքով:

Ա. Մարգարյանը նշեց նաև, որ դիվերսիոն խմբերը գործել են 30-ական ասկյարներով, սակայն շուտով նահանջել են, շատերը ոչնչացվել մեր քաջերի ձեռքով: Իսկ այդ ծավալի հարձակման նպատակը մեկն էր՝ միանգամից հարձակվել ու մտնել հայոց տարածք: Երկար ժամանակ հայոց դիրքերը տարբեր զինատեսակներից հրետակոծելուց, արկակոծելուց հետո, թշնամու հետևակն է անցել հարձակման, սակայն այսքանից հետո մեր 18-20-ամյա տղաները դիմակայել են հերոսաբար: Այնուամենայնիվ որոշ հատված մնացել է թշնամու հսկողության տակ:

Գերմանացի լրագրող Քիրստիան Էշին հարցրեցի՝ ծանոթ է Արցախի պատմությանը, գիտի որն է արցախցու նպատակը, պատասխանեց՝ գիտի և ցանկանում է իր գործընկերների հետ իրականությունը ներկայացնել եվրոպացիներին:

DSCN0248Վերջապես եկավ ժամանակը, և քաշաթաղցի կամավորականների մի մասը բարձրացավ առաջնագիծ: Եղբայրներ Սիմոն և Արսեն Ամիրշատյանները ցանկանում էին միասին լինել, միասին հաղթել թշնամուն. հիշեցի մեր երգը՝ «Կռիվ ենք գնում ախպերս ու ես»: Մեր առաջին խումբը տեղ հասավ գիշերը, և բաժանվեցինք տարբեր մարտական հենակետերում:

Մեր դիրքում ծանոթացա ազգի լավագույն զավակների հետ, ովքեր եկել են ՀՀ և ԼՂՀ մարզերից ու շրջաններից: Իրար հետ հսկում էինք ժամկետային զինծառայողները, Վաղուհաս գյուղի, Քաշաթաղի շրջանի և Սիսիանի տարածքի ներկայացուցիչները: Հենակետի պատասխանատու, վաշտի հրամանատար ավագ-լեյտենանտ Գեղամ Պողոսյանը Արցախի Սպիտակաշեն գյուղից է, ավարտել է Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը և 9 տարի է, ինչ մարտական հենակետերում է: Ապրիլի 1-ին իր վաշտով բարձրացել է առաջնագիծ՝ հերթափոխի: Եղել է 5 հենակետերի պատասխանատու հրամանատարը: Շուտով սկսվել է թշնամու հարձակումը:

Ավագ-լեյտենանտ Լևոն Սուղյանի հրամանատարությամբ 9 քաջեր այդ օրը հսկել են տարածքում միշտ վտանգավոր համարվող հենակետում, որտեղով հաճախ է թշնամին փորձում ներս սողոսկել: Ապրիլի 2-ի կեսօրին այս հենակետը նույնպես ենթարկվել է ականանետային արկակոծման: Դիրքերի վրա ընկել են մոտ 500 արկ ու ռումբ: Շնորհիվ հրամանատարի ճիշտ գործողությանը՝ զինվորները ողջ են մնացել: Այնուհետև թշնամու հետևակն է անցել գրոհի՝ մտածելով դիրքերում ողջ մնացածներ չեն լինի: Ապաստարանում պատսպարված մեր քաջերը դուրս են եկել ու դիմակայել իրենցից մի քանի անգամ ավելի ասկյարներին, ոչնչացրել մոտ 40-ին, և փառք Աստծո, ոչ ոք չի տուժել, թեթև վիրավորվել է մի զինվոր, թեկուզ թշնամին նռնակներ է նետել խրամատի մեջ: Ավագ-լեյտենանտը հրճվանքով էր պատմում, թե ինչպես են տղաները թշնամու նետած նռնակը հետ շպրտել ու սատկացրել թուրքին:

Գ. Պողոսյանը նշեց նաև, որ թշնամին օգտագործել է հատուկ նռնակներ, որոնց պայթյունից հետո խրամատներում անսովոր գազ էր լցվում: Այսքանից հետո մեր քաջերը հետ են շպրտել թշնամուն:

Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից հենց առաջին օրը 42 կամավոր են օգնության հասել զինվորներին՝ համայնքի ղեկավար Լորիկ Աբրահամյանի գլխավորությամբ: 4 երեխաների հայրը նախկին ազատամարտիկ է և իր համագյուղացիներով եկել է, որ թշնամին կրկին չմտնի Արցախի տարածք: Ասաց՝ իր տղաներն այժմ տարբեր հենակետերում են, և լավ ճանաչելով նրանց, հույս ունի՝ մեր դիրքերն անառիկ են մնալու: Վստահ է նաև զինվոր Հարութ որդու վրա, ով ծառայում է Հադրութում:

DSCN0265Վաղուհասցի Հովհաննես Պետրոսյանը 33 տարեկան է, ունի 2 երեխա: Այստեղ է, որ պաշտպանի մեր երեխաներին և լուծի ազատամարտիկ հոր՝ Սլավիկի վրեժը, ով մարտիրոսվել է 93-ին: 35-ամյա Նորիկ Միքայելյանը 4 երեխաների հայր է, Գոյամարտի տարիներին նահատակվել է հայրը՝ Սերժիկը: Սեյրան Աղաջանյանը (35 տարեկան) ասաց՝ մինչև թշնամուն հետ չշպրտենք, այստեղից տուն չի գնա:

DSCN0241Նույն մտքին են բոլոր տղաները՝ Զորիկ Հակոբյանը (33 տարեկան, ունի 2 երեխա), Արման Հարությունյանը (35 տարեկան, ունի 2 երեխա), Սիրական Գևորգյանը: Տարեց ընկերների հետ էին նաև 25-ամյա Ռոբերտ Խաչատրյանը և Տիգրան Սայանը:

Սիսիանից եկած կամավորական Գագիկ Ստեփանյանը տեսել էր մարտական ընկերների նահատակությունը, փորձել փրկել անօդաչու սարքից արձակած ռումբից վառվող ընկերոջ կյանքը, չէր հաջողվել: Մնացել է այստեղ, պետք է տեր մնալ հայոց հողին և լինել վրեժխնդիր:

Ժամկետային զինծառայող, կրտսեր-սերժանտ ազգությամբ ասորի Իվան Աբրամովը Դվինից է, 1 տարի 2 ամիս ծառայում է հայոց բանակում, գիտակցում է իր առաքելությունը և պատրաստ է պաշտպանել հայրենիքը:

Շարքային Աշոտ Գրիգորյանը Գյումրիից է, արդեն 9 ամիս է, ինչ դիրքերում է, մասնակցել է մարտերին, աչքի ընկել համարձակությամբ: Հակոբ Թադևոսյանը Հոկտեմբերյանի տարածքի Դալարիկ գյուղից է: Ամռանը զորացրվելու է, իսկ այժմ մի նպատակ ունի՝ տեր կանգնել հայոց հողին:

Առավոտյան այս հենակետում ծանոթացա վաշտի շտաբի պետ, կապիտան Ռուդիկ Հակոբյանի հետ: Արարատի մարզի Հովտաշեն գյուղից է քաջորդին: 11 տարի է, ինչ ծառայում է հայոց բանակում՝ ավարտելով Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտը: «Թուրքերը եկան հանկարծակի, տասնյակ անգամ ավելի թվով, մինչ այդ ռմբակոծելով մեր դիրքերը, բայց մի բան հաշվի չէին առել, չեն ճանաչում մեր զինվորին, չգիտեն, որ յուրաքանչյուր հայ դիրքապահ զինվոր մետաղյա վահան է իր հայրենիքի համար, իսկ վահանը խոցել թշնամին ի զորու չէ: Թշնամին մտածում է՝ իր վարձկան մարդասպանն ավելի ուժեղ է, բայց չի ցանկանում հասկանալ՝ մենք մեր տունն ենք պաշտպանում, մեր երեխաներին, մայրերին, իսկ իրենք եկել են փող վաստակեն, թալանեն ու սպանեն, -ասաց հայոց բանակի կապիտանը՝ շարունակելով,-այս պահին մեր բանակը շատ ուժեղ է, զինվորները կռվում են՝ մեկը մյուսին թիկունք»:

Այն հարցին՝ ինչպե՞ս են ընդունում կամավորականների ներկայությունը, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Հայը միակ ազգն է, որ խաղաղ ժամանակ արտագաղթում է, պատերազմի ժամանակ ներգաղթում: Կամավորականների ներկայությունը զինվորին ուժ ու հոգի է տալիս, հավատ, որ ինքը մենակ չէ այս արհավիրքի օրերին»:

Հաջորդ գիշերը քաշաթաղցիներով ու հենակետի պատասխանատու, ենթասպա Դավիթ Բաբայանի՝ Ստեփանակերտից, և սերժանտ Ալեքսանդր Օհանջանյանի՝ Երևանից, հրամանատարությամբ գործող ջոկի հետ հարևան հենակետերից մեկնում էինք: Այս հենակետի վրա նույնպես շատ արկ ու ռումբ է ընկել, և դարձյալ պատասխանատու հրամանատարի ճիշտ գործելու շնորհիվ ոչ մի զինվոր չի տուժել: Այստեղ տղաները փոքր մատուռ են կառուցել և առավոտյան ու երեկոյան մոմ են վառում, հավատով, որ Տերն ու Աստվածածինը զորավիգ են իրենց: Մատուռի մոտ էինք գիշերը հերթապահում, այստեղ թշնամու դիրքերը շատ մոտ են, ուստի միշտ պետք է աչալուրջ ու զգոն լինենք:

DSCN0267Դավիթը ցույց տվեց ապաստարանը, որտեղ առաջին օրերին պատսպարվել են զինվորները, երբ թշնամին ռումբեր էր նետում: Նկարագրեց՝ ինչպես է հասցրել զինվորներին համախմբել ու հասցնել ապաստարան: Մի քանի տասնյակ ռումբ է ընկել ապաստարանի վրա, բարեբախտաբար այն ամուր է, և ներսի տղաները չեն վնասվել: Պայթած արկերից մեկն ընկել էր խրամատի խաչմերուկում, որտեղ մատուռն է: Հարվածային ալիքը ջարդել է բետոնե հեծանները, հողը լցվել էր մատուռի մեջ, ընկել էին Նոր Կտակարանը, Տիրամոր նկարը, որը շրջանակի մեջ է, և ճաք է տվել ապակին: Տղաները մաքրել են իրենց սրբատեղին, դասավորել: Մնացել է, որ ուղղեն իրենց ձեռքով պատրաստած երկաթյա ձողերով խաչը, սակայն առայժմ վտանգավոր է բարձրանալ խրամատի թմբի վրա:

Երևանից է սերժանտ Ալեքսեյ Օհանջանյանը, որը հենակետի պատասխանատուներից է: Մասնագիտությամբ օպերատորը կարոտել է իր գործին և ձեռքիցս վերցնելով լուսանկարչական խցիկը, գեղարվեստական լուսանկարներ արեց. մայրամուտ՝ կարմիր արև, խրամատի թմբին կանգնած շուն: Հիացած է իր ջոկի տղաների մարտունակությամբ: Քիչ է մնացել, որ զորացրվի, իր մասնագիտությամբ աշխատի, իսկ այժմ հայրենիքի պաշտպան է Ալեքսեյը, ում մասին հրամանատարները խոսում են գովեստով:

-Այս մատուռում ընկերոջս՝ Արմեն Խանամիրյանի հետ միշտ մոմ ենք վառում, և թեկուզ կոտրվել է Տիրամոր նկարի շրջանակի ապակին, նա զորավիգ է մեզ,-ասաց Ալեքսեյը: -Ես քրիստոնյա եմ և գիտեմ մարդու մահը նույնպես Աստծո ձեռքում է, և Նա է որոշում բոլորիս ճակատագիրը, այնպես որ մահից չպետք է վախենանք, այլ պաշտպանենք մեր տունը: Իսկ հայ ազգն ամենաուժեղն է աշխարհում:

DSCN0207Քաշաթաղցի կամավորական Անդրանիկ Չավուշյանը, որը ծնունդով սիրիահայ է, ասաց.

–Ոչ ոք չի կարող հայի կամքին դեմ կանգնել: Կարևորը միասնությունն է, որն այսօր մենք լավ ենք զգում: Զինվոր էս, թե կամավոր, պետք է կռվես, պաշտպանես հայրենիքդ և քո կամքը թելադրես թշնամուն:

Գիշերը դիտարկման կետի մոտ էինք հսկում: Զինվորներից Հայկազ Գևորգյանը Գյումրիից է, 9 ամիս է, ինչ ծառայում է հայրենիքին, արդեն սովորել է դիրքերի կյանքին: Ասաց՝ մարտերի օրերին նույնպես այս հենակետում էր: Կարեն Եղիազարյանը Հացավանից է, հունվարին զորացրվելու է, իսկ այժմ անելիք ունի և զորացրման մասին չի էլ մտածում. Հայրենիքը վտանգի մեջ է:

Գիշերը հսկում էինք նաև կացարանի մոտ. թշնամին բացահայտ չի կարող գործել: Աբովյան քաղաքից է Ռուբեն Անտոնյանը, որը նույնպես դեռ 10 ամիս պետք է հսկի այս հատվածում: Ունի 4 տարեկան եղբայր, ու շատ է կարոտում, հեռախոսով խոսում հետը: Փոքրիկը՝ Ռաֆայելը, եղբորը հրամայել է, որ սատկացնի թուրքերին: Շուշի էին կոչում զինվոր Արմեն Սարգսյանին, որը Շուշի քաղաքի բնակիչ է, բարի ու քաջ տղա է: 3 ամիս անց զորացրվելու է, բայց այժմ իր ընկերների հետ է, կռվում է, որ հարազատ Շուշին նորից թուրքին չանցնի:

Հենակետում մեր այդ օրվա խոհարարն երևանցի Արման Մարկոսյանն էր՝ մասնագիտությամբ ծրագրավորող: 2 ամիս է մնացել Արմանին, որ ավարտի ծառայությունը բանակում և աշխատի իր սիրած մասնագիտությամբ, իսկ այժմ զենքն է իր ընկերը:

Այս օրերին հարաբերական անդորր է, իսկ գիշերային անսովոր լռությունն ավելի է լարում դիրքապահներին. հազար ու մի միտք է անցնում զինվորի գլխով: Տեսնես թշնամին այս անգամ ինչ է ձեռնարկել, որ հենակետի վրա է հարձակվելու, արդյոք դիվերսիա չի՞ նախատեսել և նման հարցեր:

DSCN0349Առավոտյան հրաժեշտ տվեցի դիրքապահներին, որոնց շարքում են նաև քաշաթաղցի կամավորականներ: Աղանուս գյուղի բնակիչներ մորեղբոր որդիներ Մանվել Դալլաքյանը և Վոլոդյա Ծատուրյանը եկել են, որ միանան ժամկետային զինծառայող իրենց եղբորը՝ Նարեկ Ծատուրյանին, ով մոտակա հենակետերից մեկում է: Նարեկին չհանդիպեցի, սակայն հրամանատարը, մարտական ընկերները սիրով ու գովեստով խոսեցին նրա մասին, որպես քաջարի զինվոր և լավ մարդ: Քարեգահից են 58-ամյա Յուրան ու 23-ամյա Ռոբերտ Բաբայանը, ովքեր մշտապես պահպանության տեղամասում էին: Բերձորցիներ Արմեն Պետրոսյանը, Անդրանիկ Չավուշյանը, Մուրադ Փալանջյանը միասին էին զինվորների հետ հսկում, իսկ Արամնն ու Գևորգը՝ այլ խմբի հետ:

Հենակետի պատասխանատու ենթասպա Դավիթ Բաբայանի հետ որոշ ճանապարհ անցանք ոտքով՝ զորամաս իջնելու համար: Տարածքը լավ ճանաչող զինվորը ցույց տվեց այն հատվածը, որն առայժմ թշնամու ձեռքում է: Շուտով կազատագրենք՝ վստահ է Դավիթը: Կարոտում է որդուն, ում երկար ժամանակ չի տեսել. Ստեփանակերտում է:

-Այժմ իմ և մեր բոլորի խնդիրն է թույլ չտալ թշնամուն ներս մտնի մեր սահմանից,-ասաց հայրենիքի զինվորը՝ հավելելով՝ մենք խաղաղություն կպարտադրենք միայն հզոր կամքի գնով:

Քայլում ենք գարնանային ծաղիկներով պատված դաշտամիջյան ճանապարհով: Կարմիր կակաչները նորից են հուշում՝ այս հողը արդեն որերորդ անգամ է սրբանում մեր հերոսների արյամբ, և այսօր ազգովի պետք է պաշտպան կանգնենք ու տեր մնանք:

Վերջապես եկավ զինվորների համար սնունդ բերող բեռնատարը, որի վարորդը՝ Գոռը, պարզապես մոռացել է իր կյանքի մասին: Այս համարձակ տղայի մասին դարձյալ սիրով է խոսում հրամանատարը՝ Դավիթը: Ճանապարհի մի հատվածը գտնվում է թշնամու տեսակետում. Այս մասերում Գոռն արագ է քշում մեքենան, գիշերները՝ լույսերը հանգցրած:

Մեզ հետ զորամաս է իջնում նաև երևանցի կամավորական Գարեգին Զոհրաբյանը, ով 2 օր է, ինչ որդու՝ ժամկետային զինծառայող Հակոբ Զոհրաբյանի հետ էր հսկում հայրենի սահմանը: Զրուցում եմ Գարեգինի հետ: 70 օր է մնացել, որ որդին զորացրվի, իսկ այժմ իր՝ հայրենիքի պաշտպանության գործին է: Հայրը եկել է երկրապահ կամավորականների ջոկատի հետ, ովքեր այլ դիրքերում են, և կամավորականը գնում է հասնի իր մարտական ընկերներին՝ հավատով՝ որդին ամուր է կանգնելու իր հենակետում:

DSCN0285Ճանապարհի եզրին ընկած են ապրիլի 2-ին թշնամու կողմից ռմբակոծված մեր 2 մեքենաները; Դավիթը ցավով է նշում, որ վառված մեքենաներից մեկի վարորդը նույնպես եղել է Գոռ անունով և շուտով պետք է զորացրվեր, սակայն տուն գնաց վահանի վրա:

Զորամասում հրաժեշտ տվեցի Դավիթին, ով շտապում էր ավարտել գործերը և հասնել իր զինվորներին: Հավատացրեց՝ մեր տունն անառիկ է մնալու: Հանդիպեցի քաշաթաղցիների նոր ջոկատին: Տղաները զենք էին ստանում, որ բարձրանան դիրքեր:

Նույն օրը զորամաս այցելեց նաև Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, ծանոթացավ իրավիճակին և որոշվում է նոր օժանդակություն բնակչության կողմից մեր պահապաններին:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930