Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայությունում թերանալ չուներ

Նոյեմբեր 06,2026 23:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Զինվորն ավելին է, քան քաղաքացին, որը իր պարտականություններից ավելի իրավունք է փնտրում: Զինվորը՝ Հայրենիք մոր առաջին զավակը, իբրև մարդ և մարտիկ, ճանաչում է միայն մի հատիկ իրավունք՝ մարտնչել ու մեռնել Հայրենիքի համար: Գիտե՞ս, ով այդպիսին չէ, զինվոր չէ:

Գ․ Նժդեհ, «Բանտային Գրառումներ»

 

1987թ․ դեկտեմբերի 19-ին Ապարանում է ծնվել նորօրյա Անմահ Հերոսներից Ռուսլան Սերգեյի Իսրայելյանը։

Վերահայացող Քաշաթաղի շրջանի Գետափ գյուղում հաստատվելու եկավ նրանց ընտանիքը, երբ ինքը 12 տարեկան էր։ Ու իրենից ավագ 2 քույրերի հետ դարձավ բնակիչն ընդամենը 6 տարի առաջ ազատագրված ու վերահայացած Գետափի, որն ընկած է Հակարի գետի աջափնյա հարթության վրա։ Այստեղ էլ հասակ առավ Ռուսլանը։ Գետափ գյուղի դպրոցականները հիմնականում հաճախում էին հարևան Մարտունաշենի Մարտուն Պապիկյանի անվան կամ էլ Սարատակի միջնակարգ դպրոցներ։

Մարտունաշենում շարունակեց ուսումը Ռուսլանը և 2005 թվականին ավարտեց միջնակարգ կրթությամբ։ Նույն թվականին էլ զորակոչվեց Հայոց բանակ։ Բարեխիղճ ու կարգապահ զինվոր էր, և ծնողները հաճախ էին Պաշտպանության նախարարությունից շնորհակալագիր ստանում։ Արցախյան առաջին պատերազմում վիրավորված և հաշմանդամության կարգ ստացած հայրը, ով ՀՀ ԵԿՄ և Արցախի ազատամարտիկների միության անդամ էր, հպարտ էր բանակից ավագի կոչումով զորացրված որդով։ 2010-ին Ռուսլանն ամուսնացել է ծնունդով Գորիս քաղաքից բուժքույր Սեդայի հետ, ով հարևան Ձորափ գյուղում էր բնակվում։

Մեծ է եղել նրանց սերը, և ունեին ամուր ընտանիք, 2 դուստր՝ Էլենն ու Միլենան։ Շենացնում էին հայրենի Քաշաթաղի շրջանը, կառուցում էին իրենց տունը, այգի էին տնկել։ Հայրենասեր, ընտանիքին ու հարազատներին նվիրված անձնավորություն էր Ռուսլանը, ով աչքի էր ընկնում իր կենսախնդությամբ, լավատեսությամբ։ Աշխատանքում ու ծառայությունում թերանալ չուներ։ Մանկության ու մարտական, ծառայակից ընկերների կողմից շատ էր հարգված ու սիրված։

Զինվորական ծառայությունը Ռուսլանը շարունակեց նաև զորացրվելուց հետո։ 2010-2012 թթ․ պայմանագրով ծառայել է Քաշաթաղի շրջանում գործող սահմանապահ ջոկատում։ 2014-2015 թթ․ դարձյալ պայմանագրով ծառայել է Որոտան քաղաքում գործող զորամասում։ Չնայած կարճ ժամկետին՝ մի քանի անգամ արժանացել է զորամասի հրամանատարության պարգևների, գովասանագրի։

2016թ․ առաջիններից էր Ռուսլանը, որ Քաշաթաղի շրջանի կամավորականների հետ ապրիլի սկզբին մեկնեց առաջնագիծ։ Մինչև հունիսի կեսերը ծառայեց Ջաբրայիլում։ Այստեղ ևս աչքի ընկավ կարգապահությամբ ու արիությամբ և Արցախի Հանրապետության նախագահի կողմից արժանացավ «Արիություն» մեդալի, Արցախի վարչապետի կողմից էլ՝ թանկարժեք նվերի՝ ժամացույցի։

2016-ի ապրիլ-հունիս ամիսներին հարյուրավոր քաշաթաղցիներ ժամկետային զինծառայողների հետ պաշտպանեցին հայրենի հողը և տուն վերադարձան։ Ինչպես շատերին, Ռուսլանին նույնպես լավ էի ճանաչում, տարբեր առիթներով հանդիպել ենք։ Ու միշտ էր աչքի ընկնում իր համեստությամբ, հայրենիքին նվիրվածությամբ։ 2018 թ․ սեպտեմբերի 12-ին հանդիպեցինք Իշխանաձորում, որտեղ գործում էր Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատի արտագնա ուսումնավարժական զորահավաքը։ Շրջանի հարավային թևից շատերն էին ստացել ծանուցագիր։ Նաև Ռուսլանն էր եկել, որ գնար։

Բերքահավաքի ժամանակ էր․ Ռուսլանը համեստորեն ասաց՝ առավել կարևոր է սահմանը և առաջիններից էր, որ նստեց Ջրականի զորամաս գնացող ավտոբուսը։ Լուսանկարեցի տղերքին։ Ու այսօր մեծ ցավով եմ նայում նույն լուսանկարները․ 2020 թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Անմահության ճամփան բռնեցին նույն լուսանկարներում ժպտուն ու բարի դեմքերով Ռուսլանը, Վրեժ Սեյրանի Պողոսյանը, Վիգեն Վարդանի Խաչատրյանը։ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, ով մասնակցեց պատերազմին, տուն եկավ, սակայն վախճանվեց ծանր հիվանդության պատճառով։

Արցախյան վերջին պատերազմը նորից առաջնագիծ տարավ հազարավոր հայորդիների, նաև քաշաթաղցիներին։ Ընդամենը 1 տարի առաջ Ռուսլանը ծառայության էր անցել առաջին բանակային միավորման նորաբաց զորամասերից մեկում, որը նոր էր կազմավորվել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում։ Այս զորամասն ամբողջությամբ ընդգրկվեց Արցախի հարավային սահմանի պաշտպանների շարքերում։ Նույն զորամասում ծառայող տասնյակ քաշաթաղցիներ նահատակվեցին 2020-ին։

Ռազմադաշտ մեկնեց նաև Ռուսլանը՝ հավատով, որ հաղթանակած տուն է գալու։ Ռազմաճակատից շատ հեռու չէր Իշխանաձորը, որտեղ իր ընտանիքն էր։ Մոտ 1 ամիս մարտնչեց Ջաբրայիլի տարածքում, մի քանի անգամ ընկել էին շրջափակման մեջ, ենթարկվել ռմբակոծման։

-Հրաշքով փրկվել էր, -պատմում է կինը՝ Սեդան, ով այդ օրերին իր պարտականությունն էր կատարում որպես բուժքույր, իսկ մինչ այդ հերթապահում էր Արցախ-ՀՀ Խնձորեսկի անցակետում գործող հակակորոնային հենակետում։

Այդ ժամանակ էլ շատ դժվար էր բուժքույրերի համար, հաճախ էի այցելում հենակետեր, լուսաբանում նրանց աշխատանքը, բայց այլ էր պատերազմը։

-Տուն եկավ մի քանի օրով, որ նորից առաջնագիծ մեկնի, սակայն, քանի որ շտապօգնության մեքենաների վարորդի կարիք կար, սկսեց վիրավորներ տեղափոխել, -շարունակում է Սեդան։

Նոյեմբերի 7-ին վերջին ուղերթը կատարեց քաջորդին ու անմահացավ՝ իր մեքենայով Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի մոտ ընկնելով ծուղակ։ Մինչ այդ հարյուրավոր վիրավորներ էր ռազմադաշտից տեղափոխել Գորիս ու Կապան՝ բազում անգամ ընկնելով ռմբակոծության ու կրակոցների տակ։

-Նրա հետ աշխատող բժիշկը՝ Արթուրը, ասում էր՝ Ռուսլանն իմ փրկիչն է․ քանի անգամ է մահից փրկել իր համարձակության ու արհեստավարժության շնորհիվ։ Այս անգամ չի հասել ռազմադաշտ, և մեքենայում վիրավորներ չեն եղել։ 72 օր հետո հաջողվել է գտնել հերոսի դին և 2021 թ․ փետրվարի 10-ին հանձնեցին մայր հողին՝ հայրենի Ապարան քաղաքի գերեզմանատանը՝ իր պես տասնյակ Հերոսների շարքում։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Մեծ ցավ է նաև այն, որ թշնամուն թողեցինք Քաշաթաղի շրջանը, որ շենացրել էինք 25-26 տարիների ընթացքում նաև Արցախյան այս պատերազմում նահատակված 8 տասնյակ քաշաթաղցիների շնորհիվ։

 

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30