Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղն ունի պատմական անցյալ և ժամանակին կոչվել է Եզնագոմեր։ Այն, որ այս գյուղը Հայոց պատմական ու հազարամյա բնակավայրերից է, վկայում են հնադարյան խաչքարերի ու տապանաքարերի բեկորները, որոնք շատ էին խորհրդային տարիներին այստեղ կառուցված տների և պետական շինությունների պատերի մեջ։ Գտնվում է շրջանի հյուսիսարևմտյան բարձրադիր դիրքում։ 1993 թ․ գարնան կեսերին ամբողջովին ազատագրվեց Քաշաթաղի շրջանի այս հատվածը։ Մոտ մեկ տարի անց տարածքը սկսեց վերաբնակեցվել։
Գեղամ Սահակյան և Աղուն Գրիգորյան ամուսիններն Արմավիրի մարզից եկան Քաշաթաղի շրջան։ Այդ մասին Աղունը գրում է․ «1998 թ․ դեկտեմբերի 15-ին ամուսնուս ու երկու երեխաներիս հետ Արմավիրի մարզից տեղափոխվեցինք Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղ։ Ունեցել ենք շատ դժվար օրեր, բայց երբեք հույսներս չենք կորցրել։ 2001 թ․ հոկտեմբերի 28-ին ծնվեց մեր երրորդ զավակը՝ Կարենս․․․»։
Սկզբնական շրջանում դժվար էր վերաբնակիչների համար, հատկապես լեռնային ու շրջկենտրոնից հեռու բնակավայրերում։ Որոշները, այդ թվում՝ Լեռնահովիտը, էլեկտրաֆիկացված չէին։ Բայց կար հավատ, նվիրում․ Արցախյան առաջին գոյամարտի տարիներին 300-ից ավելի անմահ հերոսների արյամբ ազատագրված ու սրբացած հայրենի եզերքը պետք է վերահայանար։ Այստեղ ծնվեցին նաև Կարենի կրտսեր քույրն ու երկու եղբայրները։ Վեց զավակով երջանիկ էին Գեղամ-Աղուն ամուսինները։ Իրենց աշխատանքով, ինչպես և շատերը, շենացնում էին հայրենի գյուղը։
Կարդացեք նաև
Լեռնահովիտ համայնքի մեջ էին մտնում նաև Սպիտակաջուր և Շրվական գյուղերը։ Համայնքի դպրոցի շենքն այդ ժամանակ գտնվում էր վթարային վիճակում, և երեք գյուղերի երեխաներն այստեղ էին կրթություն ստանում։ Կարենը 2007 թ․ ընդունվեց գյուղի դպրոցի առաջին դասարան։ 2014 թ․ «Հայրենասեր» ՀԿ-ի աջակցությամբ սկսվեց դպրոցի շենքի վերակառուցումը։
Այդ օրերին հաճախ էի այցելում Լեռնահովիտ, լուսանկարում դպրոցը, բոլոր աշակերտներին։ Եվ ճանաչում էի գրեթե բոլորին։ Մոտ 25 աշակերտ էր սովորում դպրոցում, և նրանց մի մասը, այդ թվում՝ Կարենն ու ավագ եղբայրը՝ Կարլենը, իրենց ուժերի չափով նույնպես մասնակցում էին հայրենի կրթօջախի շինարարական աշխատանքներին։ Մեծ խանդավառությամբ մասնակցեցին դպրոցի վերակառուցված շենքի բացմանը, որը կոչվեց Միսաք և Ազնիվ Տարտրեանների անունով։ Ներկա էին նաև ԱՀ վարչապետը, Կառավարության ու ԱԺ ներկայացուցիչներ։
Եկավ նաև տղերքի բանակ գնալու օրը։ 2019 թ․ հունվարի 21-ին Սահակյանների ավագ որդին՝ Կարլենը, զորակոչվեց Հայոց բանակ։ Ծառայում էր «Մարտունի-2»-ում։
2020 թ․ հունվարի 13-ին Բերձորում՝ Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատում, զորակոչ էր։ Զինվորացու տղաները ծնողների, բարեկամ-հարազատների ու ընկերների հետ եկել էին շրջանի տարբեր բնակավայրերից։ Լուսաբանում էի զորակոչը։ Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթում այդ ժամանակ գրել եմ․ «Լեռնահովիտի գյուղական համայնքի Լեռնահովիտ գյուղից է Կարեն Սահակյանը: 2 տարի առաջ է ավարտել դպրոցը, զբաղված էր տնային գործերով: Եկել է ժամը և արդեն զինվոր է: Եղբայրը՝ Կարլենը, 1 տարի է, ինչ ծառայում է Արցախի բանակում: Կարենը ցանկանում է միանալ եղբորը և ծառայել նույն զորամասում: Նույն համայնքի Սպիտակաջուր գյուղից Մայիս Խոջայանը երկրորդ որդուն է ճանապարհում: Բոլոր զինվորացու տղաներին մաղթում է անփորձանք ծառայություն և բարի վերադարձ»:
Կարենի ցանկությունն էլ իրականացավ․ նույն զորամասում էին ծառայում լեռնահովիտցի թիկնեղ եղբայրները։ Կարլենն արդեն ուներ կրտսեր սերժանտի կոչում, Կարենը գնդացրորդ էր։
Նույն 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Կռվում էին տղերքը, դիմակայում բազում անգամ ավելի մեծաքանակ թշնամուն, մեծ վնասներ հասցնում նրան։ Առաջին օրվանից սկսած՝ մարտադաշտում էին։ Հաճախ էին կապ հաստատում տնեցիների հետ ու միշտ լավատես էին։
Սակայն եղավ ցավալին․ տղերքի մայրը գրում է․ «Կարենս զոհվեց նոյեմբերի 8-ին, Կարլենս զորացրվեց 2021 թ․ հունվարի 21-ին»։
Քույրը պատմում է․ «Դպրոցն ավարտելուց հետո Կարենն ընդունվել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական ուսումնարանը, այնուհետև, ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է բանակ, ծառայության անցել Մարտունի-2-ում՝ եղբոր մոտ։ Չափից շատ ուրախ էր ծառայության ընթացքում, ստացել է պատվոգրեր։ Անհամբեր սպասում էր, թե երբ է վերջանալու անիծված պատերազմը, որ րոպե շուտ հասներ տուն։ Շատ էր կարոտել քույրերին, եղբայրներին ու քրոջ աղջկան՝ Մարիիս։ Զոհվելու օրը՝ երեկոյան ժամը չորսին, Կարլենը հացի բրդուճը ձեռքին ձայն է տալիս եղբորը, որ գա հաց ուտելու։ Հենց այդ պահին արկն ընկնում է Կարենի և իր վեց զինակից ընկերների մոտ։ Կարենն իր երկու ընկերների հետ անմահանում է։ Հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով, հուղարկավորված է ամենասրբավայր Եռաբլուրում։ Նույն պատերազմում Լեռնահովիտ համայնքից զոհվեցին նաև Սարո Թունյանը և Արամ Բաբայանը»։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
























































