Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանահայերն սպասում են հունիսի 2-ին

Ապրիլ 25,2016 21:01

Այս տարի Հայոց Ցեղասպանության տարելիցը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում սկսեցին ակտիվ հայ երիտասարդները: Բրանդենբուրգյան դարպասների դիմաց նրանք մեծ շրջան էին կազմել և լռել: Նրանց լուռ ու խաղաղ ցույցի մեկնարկը հոգևոր խոսքն էր. Տեր Գնել քահանա Գաբրիելյանը տերունական աղոթքն արեց, այնուհետև հնչում էր միայն երաժշտություն: Տպավորիչ և խոսուն էին երիտասարդների հագուստը և կարճ գրությունները: Նրանք, ովքեր գերմանական դրոշն էին պահում, իրենց բերանները փակել էին թուրքական դրոշներով, ցույց տալու համար, որ հենց Թուրքիան է Գերմանիայի բերանը փակում: Սրանով հայ երիտասարդները պահանջում էին խոսքի և իրավունքի ազատություն. «Մենք պետք է այստեղ շատ ակտիվ և ուժեղ լինենք, չթողնենք, որ մեր իրավունքները խախտվեն, տեր կանգնեք մեր պատմությանը և պատմական արդարությունը վերականգնենք»,- միաբերան նշում էին մասնակիցները: Անցորդներին երկու ժամ շարունակ նրանք նաև թռուցիկներ բաժանեցին գերմաներենով և անգլերենով շարադրված:

24-2

Ապրիլ 24-յան միջոցառումների հաջորդ կանգառն արդեն Բեռլինի Շարլոթենբուրգ թաղամասի պատմական պանթեոնն էր, որտեղ ցեղասպանութան զոհերի հիշատակին հուշակոթողի բացումը տեղի ունեցավ: Այստեղ նախ ավետարանական եկեղեցում ոգեկոչման և շնորհակալական ելույթներով հանդես եկան Սերովբե վարդապետ Իսախանյանը, դեսպան Աշոտ Սմբատյանը, Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, պատմագիտության դր., պրոֆ. տիկին Թեսսա Հոֆմանը և ուրիշներ:

Այնուհետև ներկաները ծաղկեպսակներով քայլեցին դեպի նորաստեղծ հուշապատ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Երեք ժողովուրդների հոգևոր այրերը միասին իրենց աղոթքն արեցին: Ներկաները միացան նրանց տերունական աղոթքի ժամանակ:

Այս հուշապատն ունենալու նախաձեռնությունը, ինչպես մեզ հայտնեց դր. Ժիրայր Քոչարյանը, «Մեկ ձայնով խոսենք» աշխատանքային խմբինն է, որի անդամ է նաև ինքը: Վերջինս ստեղծվել էր մոտ ութ տարի առաջ ցեղասպանված երեք ժողովուրդների Բեռլինում ապրող որոշ գործիչների կողմից, որը փորձում էր հայկական ցեղասպանությունը ներկայացնել, զուգահեռ ասելով, որ ցեղասպանություն են ունեցել նաև այլ ժողովուրդներ` ասորիները և պոնտոսի հույները: Աշխատանքային խումբը դիմելով Բեռլինի այս թաղամասի քաղաքապետարանին, ստացել է առաջարկություն այս վայրում ունենալու այդ հուշակոթողը: Երեք ազգերի, ավետարանական ու կաթոլիկ եկեղեցիների, քաղաքապետարանի և անհատների հովանավորությամբ բարեկարգվել է տարածքը և հուշապատը ի մի բերվել:

«Սա պատմական պանթեոն է և հայկական ցեղասպանության հետ որոշ կապ կա, այստեղ է թաղված Յոհաննես Լեփսիուսի որդին, սա մեզ համար խորհրդանշական է»,- մեզ հետ զրույցում նշեց Ժիրայր Քոչարյանը: Այստեղ հաճախ են տեղի ունենում խմբակային այցելություններ` բարձրաստիճան հյուրեր են գալիս, տուրիստներ, տեղացիներ:

Պանթեոնում հուշապատ ունենալը Գերմանահայոց թեմից Սերովբե վարդապետ Իսխանյանը դրական քայլ է համարում` հորդորելով ավելի լուրջ պայքար. «Եթե անգամ այս տարի ընդունվեց ցեղասպանությունը Գերմանիայի կողմից, դա չի նշանակում, որ մեր պայքարն այստեղ ավարտվեց կամ մեր աղոթքն ավարտվեց: Շատ բան է փոխվել, գերմանական մեղսակցության մասին ավելի բացահայտ մենք սկսեցինք խոսել վերջին քսան տարիների ընթացքում, բայց այստեղ մեր զրուցակիցը Գերմանիան է, մենք նրանցից պահանջում ենք, որ ոչ միայն ընդունեն իրենց մեղսակցությունը, անուղղակի խոսեն դրա մասին, այլ նաև խոսվի թուրքիայի հետ հարաբերությունների մեջ»,- իր խոսքը եզրափակեց Սերովբե վարդապետ Իսախանյանը:

Ապրիլ 24-յան օրը Բեռլինում շարունակվեց Գերմանական պատմական թանգարանի դահլիճում, ուր ներկա էին մոտ 600 հրավիրյալներ, այդ թվում մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ, հոգևորականներ, Գերմանիայի բազմաթիվ քաղաքներից հայկական համայնքների ներկայացուցիչներ և այլոք:

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ԳԿԽ), Գերմանահայոց թեմը, Գերմանիայում հայկական դեսպանատունը և Բեռլինի երկու հայկական համայնքները ապրիլ 24-յան ոգեկոչման արարողությունն առաջին անգամ միասնաբար անցկացրեցին:

«Ամեն տարի ԳԿԽ-ն Ֆրանկֆուրտի Պաուս եկեղեցում էր անում, բայց այս տարի առաջին անգամ Բեռլինում կազմակերպվեց, որ ավելի մեծ ազդեցություն ունենանք, մեր լծակներն օգտագործենք, որ տեղաշարժ լինի»,- պարզաբանեց ԳԿԽ անդամ Սամվել Լուլուկյանը:

ԳԿԽ նախագահ տիկին Ժակլին Խաչատրյանը ողջունելով ներկաներին, հիշեցրեց օրվա խորհուրդը, մեր պահանջը և խոսքը փոխանցեց Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, որը նույնպես իր խոսքում հստակ ներկայացրեց հայկական պահանջատիրության հարցը:

Գերմանիայի Բունդեսթագի կողմից հրավիրյալների շարքում էին Կանաչների միության ղեկավար Ջեմ Օզդեմիրը և Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հանձնաժողովի նախագահ Միխաել Բրանդը: Վերջիններս տպավորիչ և խոստումնալից ելույթներ ունեցան:

«Թուրքական կառավարությունը պետք է իրականության աչքերին նայի, ինչպես Գերմանիան իր պատմական իրականության աչքերին նայեց: Դա ոչ միայն մեզ վնասեց, այլ հակառակը` ուժեղացրեց: Իրականությունը ժխտելը հանցանք է: Սարսափելին այն է, որ հարյուր տարի անց այսօր Սիրիայում և Իրաքում քրիստոնյա փոքրամասնությունների ոչնչացում է տեղի ունենում և դրանից ելնելով  ավելի շատ պարտավորվում ենք մենք իրերն իրնեց անուններով կոչել` ցեղասպանությունը ցեղասպանություն կոչել, որպեսզի դա այլևս ոչ մի տեղ չկրկնվի: Ես խոնարհվում եմ բռնության զոհերի առջև»,- իր ելույթում շեշտեց Միխաել Բրանդը:

Ջեմ Օզդեմիրը հիշեցրեց, որ անցած տարի ապրիլի 24-ին Բունդեսթագի բոլոր պետական այրերն առաջին անգամ ցեղասպանությունից խոսեցին: «Շատ բարդ է նկարագրել այն տառապանքները, դա կարողացավ գենոցիդ բառի ստեղծող Ռաֆայել Լեմկինը` զգալով և հասկանալով հայերի տանջանքները: Այո, դա ցեղասպանություն էր: Պետք է խոսենք նաև կայսերական Գերմանիայի պատասխանատվության մասին կատարվածի նկատմամբ: Գերմաներենում կա մեկ համապատասխան բառ` ցեղասպանություն, և մենք ասում ենք` ցեղասպանություն: Ես կուզեմ նաև մի անձի մասին նշել, առանց որի մենք այսքան առաջ չէինք գնա` նա Հրանդ Դինքն է»:

Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Լիլիթ Գրիգորյանը (դաշնամուր), Նարինե Եղիյանը (սոփրանո) և Հայրապետ Առաքելյանը (սաքսոֆոն): Նրանք երեքն էլ Գերմանիա են տեղափոխվել Երևանից: Ոգեկոչման արարողությունն իր աղոթքով ի մի բերեց Գերմանահայոց թեմի առաջնորդ արք. Գարեգին Բեկչյանը:

Այժմ գերմանահայ համայնքը անհամբեր սպասում է հունիսի 2-ին: Այդ օրը Բունդեսթագում քննարկվելու է Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը, որին նախապես դեմ է քննարկել միայն արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը:

Գայանե Առաքելյան, արվեստագիտության թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930