Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետը առաջարկում է բանակի կարիքների համար կատարվող գնումները ազատել ԱԱՀ-ից «Հայկական ժամանակ»

Ապրիլ 28,2016 11:38

Ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո ավելի ցայտուն դարձավ մեր բանակի նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։

Հնչել, հնչում են եւ դեռ կհնչեն բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասը իրականացնելի է, մի մասը՝ անիրական։ Սակայն կան առաջարկներ, որոնց կյանքի կոչելու համար անհրաժեշտ է բառացիորեն մի քանի ժամ։ Այդպիսի մի առաջարկով հանդես է եկել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ Տնտեսագետը առաջարկում է բանակի կարիքների համար կատարվող գնումները ազատել ավելացված արժեքի հարկից։ Ո՞րն է խնդիրը։ Ներկայումս բանակի համար գնվող ապրանքները եւ ծառայությունները, ներառյալ զենքն ու զինամթերքը ազատված չեն ավելացված արժեքի հարկից։ Այսինքն, եթե բանակին անհրաժեշտ է «Կալաշնիկով» ավտոմատ, որի գինը 1000 դոլար է, ապա դրա ձեռքբերման համար պետք է հատկացվի 1200 դոլար, որից 200 դոլարը ԱԱՀ– ն է, որը վճարվում է ՀՀ պետական բյուջե։ Արտակ Մանուկյանը առաջարկում է հանել այդ ԱԱՀ-ն։ Տեխնիկապես այդ առաջարկը իրականացնելու համար պետք է ընդամենը մի քանի նախադասություն փոխել հարկերի ոլորտի մեր օրենսդրության մեջ եւ արդյունքում բանակին ուղղվող ծախսերը, պատկերավոր ասած, կնվազեն 20 տոկոս, կամ նույն ծախսերի դեպքում կկարողանանք 20 տոկոսով ավելի շատ ապրանք ու ծառայություն ձեռք բերել։ Կառավարության որեւէ ներկայացուցիչ որեւէ կերպ դեռ չի արձագանքել այս առաջարկին, ու նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի վերաբերմունք ունի կառավարությունը։

Առաջարկին, իհարկե, կարելի է ընդդիմախոսել։ Ամենածանր փաստարկը, որը կարեյի է բերել այս առաջարկի դեմ, կհնչի մոտավորապես այսպես. բանակի համար իրականացվող գնումները իրականացվում են բացառապես պետական բյուջեից, իսկ այդ ձեռքբերումներից ստացվող ԱԱՀ-ն կրկին ուղղվում է պետբյուջե, այսինքն, ուղղվում է նույն աղբյուրին, այնպես որ, բանակի վրա կատարվող ծախսերի հարկումը, այսպես ասենք, հարաբերական հասկացություն է։ Այդ պատճառով բանակի ձեռքբերումները հարկերից ազատելու իմաստ չկա։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930