Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդի կնոջ ձայնն աշխարհում

Հունիս 06,2016 14:00

2014 թվականի օգոստոս ամսին Իսլամական պետության կողմից սկսվեց եզդի ժողովրդի զանգվածային կոտորածը: Եզդիաբնակ Շանգալ մարզն ամբողջովին եզդիաթափվեց, 400000-ից ավելի եզդիներ դարձան փախստական, 5000-ից ավելի կանայք գերի ընկան ու դեռ մինչեւ այսօր նրանցից շատերը գտնվում են գերության մեջ:

«Մեզ պահում էին համակենտրոնացման ճամբարներում, որտեղ կային տարբեր տարիքի կանայք ու աղջիկներ ու անգամ 9 տարեկան երեխաներ, որոնք նույնպես ենթարկվում էին սեռական բռնությունների: Կանանցից շատերը վաճառվում էին տարբեր երկրներում կամ փոխանակվում: Ոմանց էլ հարազատները մեծ գումարների շնորհիվ կարողացան հետ գնել, շատ աղջիկների էլ հաջողվեց փախուստի դիմել: Իսլամիստների ձեռքից մազապուրծ եղած աղջիկներից շատերը ինքնասպան են եղել»,- պատմում էր ԻՊ-ի գերությունից ազատված եզդուհի Նադիա Մուրադը, որը գերությունից ազատվելուց հետո տեղափոխվել է Գերմանիա ու դարձել ամբողջ եզդի ազգի ձայնը` աշխարհով մեկ պատմելով այն ամենը, ինչի ականատեսն է եղել:

«Ես Քոչո գյուղից եմ, այն հիմնականում եզդիաբնակ էր, սակայն կային նաեւ քրիստոնյաներ: Իսլամիստները մտան մեր գյուղ ու զգուշացրեցին, որ բոլոր քրիստոնյաները հեռանան, իսկ եզդիներն այսպես, թե այնպես պետք է մեռնեին: Եկան ու իրենց հետ տարան բոլոր կանանց, աղջիկներին ու երեխաներին, մեր աչքի առաջ գնդակահարեցին մեր գյուղի 700 տղամարդկանց: Չամուսնացած աղջիկներին տարան Թելաֆար ճամբար, ըստ իրենց` իսլամիստների օրենքների՝ 40 օր հետո եզդիները մաքրվում են ու դառնում մուսուլման, որից հետո աղջիկներին բաժանեցին իրար մեջ: Իսկ ինձ ու էլի շատ աղջիկների տարան Մոսուլ»,- ասում է Նադիան:
«Ես բարձրաձայնում եմ ոչ միայն իմ ու իմ ընտանիքի պատմությունը, այլ ամբողջ եզդի ազգի»,- ասում է մեր զրուցակիցը, որը վերջերս Հայաստանում էր՝ «Յազդա» կազմակերպության նախագահ Մուրադ Իսմաիլի հետ միասին (կազմակերպությունը գործում է Գերմանիայում): Նրանք հանդիպումներ ունեցան ինչպես եզդիական համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ խորհրդարանի անդամների հետ:
«Մեր կազմակերպության առաջին խնդիրը եղել է հնարավորինս շատ տեղեկատվության հավաքումը գերիների մասին, որպեսզի կարողանանք միջոցներ ձեռք առնել նրանց ազատելու համար: Իսկ ներկայիս գերագույն խնդիրը եզդիական լոբբինգի իրականացումն է, որպեսզի աշխարհն ընդունի եզդի ժողովրդի ցեղասպանությունը»,- հույս ունի Մուրադ Իսմաիլը:

Յազդա կենտրոնը հիմնել է երկու կլինիկա, որոնք օգնում են ցեղասպանությունից տուժած եզդի կանանց ու աղջիկներին բուժվել եւ ֆիզիկապես, եւ հոգեպես ու վերադառնալ կյանք: «Բոլոր խնդիրների լուծումը Շանգալի` եզդիների պատմական հայրենիքի, ազատագրումն է, ինչպես նաեւ աշխարհում սփռված եզդիների միավորումն ու համագործակցությունը: Մինչեւ այսօր 37 եղբայրական գերեզման է հայտնաբերվել, որոնցում առկա ոսկորները ոչ մի միջազգային ուսումնասիրության չեն ենթարկվել: Եթե եզդիական լոբբինգ լինի, ես վստահ եմ, որ Իրաքում ու Քուրդիստանում առկա խնդիրները լուծում կստանան»,- այս համոզմունքին էր Մուրադ Իսմաիլը:
ԶՈՒԶԱՆ ՄԱՄՈՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

 

«Առավոտ»

04.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930