Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտահրավեր եւ քարոզչություն

Մարտ 28,2024 12:00

Ռուսաստան-Արեւմուտք կոշտ առճակատման պայմաններում արեւմտյան երկրների կողմից Մոսկվային արված նախազգուշացումներից հետո ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ՌԴ-ի ներսում, որպեսզի կանխվեն ահաբեկչական հնարավոր գործողությունները

Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հարյուրից անցել է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով, մարտի 24-ը համազգային սգո օր հայտարարեց, իսկ ահաբեկչության գիծը տարավ դեպի Ուկրաինա։ Նա նշեց, որ ահաբեկչական գործողությունն անմիջականորեն իրականացրած բոլոր չորս անձինք ձերբակալվել են։ «Նրանք փորձում էին թաքնվել եւ շարժվում էին դեպի Ուկրաինա, որտեղ, ըստ նախնական տվյալների, ուկրաինական կողմից նրանց համար պետական սահմանն անցնելու պատուհան էր պատրաստվել»,- ասաց Պուտինը։

Նա հավաստիացրեց, որ հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները կհայտնաբերեն ահաբեկիչների բոլոր հանցակիցներին, որոնք նրանց ապահովել են տրանսպորտով, հանցագործության վայրից փախուստի ուղիներ են նախատեսել, զենք-զինամթերքի թաքստոցներ են պատրաստել։ ՌԴ նախագահն ասաց, որ ծանր փորձությունների ժամին Ռուսաստանն ավելի ուժեղ է դառնում, եւ այդպես կլինի նաեւ հիմա։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից ավելի վաղ հերքել էին Կիեւի որեւէ առնչություն ահաբեկչությանը:

Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանի որոշմամբ, մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում զինված հարձակման մեջ անմիջականորեն կասկածվող չորս անձինք կալանավորվել են։ 32-ամյա Դալերժոն Միրզոեւին, 30-ամյա Մուրոդալի Ռաչաբալիզոդեին, 19-ամյա Մուհամմադսոբիր Ֆայզովին եւ 25-ամյա Շամսիդին Ֆարիդունին ահաբեկչության մեղադրանքով ցմահ ազատազրկում է սպառնում։ Նշվեց, որ Միրզոեւն ու Ռաչաբալիզոդեն ընդունել են մեղքը։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել էր, որ ահաբեկչության կապակցությամբ 11 մարդու են ձերբակալել: Բացի հանցագործության «4 անմիջական կատարողներից», մնացած ձերբակալվածների մասին մի քանի օր է՝ ոչինչ հայտնի չէ։ Հանցագործության ենթադրյալ շարժառիթների մասին չի հաղորդվում։

Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում էր, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։

Ահասարսուռ ահաբեկչությունից մեկ օր անց ՌԴ նախագահը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով՝ ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա:

Հատկանշական է, որ Վաշինգտոնը Մոսկվային նախազգուշացրել էր նախապատրաստվող ահաբեկչության մասին: «ԱՄՆ-ի կառավարությունն այդ տեղեկատվությունը կիսել էր Ռուսաստանի իշխանությունների հետ՝ «նախազգուշացման պարտավորության» իր քաղաքականությանը համապատասխան»,- ահաբեկչությունից անմիջապես հետո հայտարարեց Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը։

The Wall Street Journal-ը, մեջբերելով նրա խոսքերը, պարզաբանում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հավաքելով հարձակումների կամ առեւանգումների մասին հավաստի տեղեկություններ՝ դրանց մասին նախազգուշացնում են այդ երկրներին, որոշ դեպքերում՝ նույնիսկ հակառակորդներին։ Ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին հետախուզական տվյալներ էր փոխանցել նախապատրաստվող հարձակման մասին այս ամսվա սկզբին։ Մոտավորապես այդ շրջանում Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունն Ամերիկայի քաղաքացիներին զգուշացրել էր՝ խուսափել մեծ հավաքներին, այդ թվում՝ համերգներին մասնակցելուց։ «Նոյեմբերից սկսած մենք հետախուզական տվյալների մշտական հոսք ունեինք, որ «Իսլամական պետություն»-ը ցանկանում է հարվածել Ռուսաստանին», – The Wall Street Journal-ին ասել էր անանուն պաշտոնյան։

Հիշեցնենք, մարտի սկզբին ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան նախազգուշացրել էին Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին: Մարտի 7-ի երեկոյան Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել էր «առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքների մասին»: «Դեսպանատունը հետեւում է Մոսկվայում ծայրահեղականների կողմից մեծ հավաքները՝ ներառյալ համերգները, թիրախավորելու մոտալուտ ծրագրերի մասին հաղորդումներին։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մարդաշատ վայրերից», – ասվում էր հայտարարությունում, որը տեղադրված է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության կայքում: ԱՄՆ նախազգուշացումը իր կայքում տեղադրել էր նաեւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը։

Ռուսաստանի իշխանությունները չեն մեկնաբանում այդ տեղեկությունը, ավելին` հավաքական Արեւմուտքի հասցեին քննադատությունները շարունակվում էին:

Մարտի 22-ի սարսափելի ահաբեկչությունից հետո հայտնի դարձավ, որ Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով Մերձմոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը Փարիզի արձագանքը, նշել է. «Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է ամրապնդել փոխգործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Մենք շփումների մեջ ենք մտել բոլոր մակարդակներում՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ նախարարական, որպեսզի կարողանանք առաջարկել մեր համագործակցությունն այն տեղեկատվության հիման վրա, որը մենք ունենք, եւ որը կարող է օգտակար լինել ռուսական կողմի համար»:

Իսկ ի՞նչ են հայտարարում Կրեմլից: «Ռուսաստանի հատուկ ծառայություններն ինքնուրույն են հետաքննում Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը», – օրերս հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ «այս պահին Արեւմուտքի ներկայացուցիչների հետ որեւէ շփում չկա»։ «Որեւէ օգնության մասին եւս խոսք չկա», – հավելել է Պեսկովը՝ պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցին՝ թե արդյո՞ք Արեւմուտքը օգնություն է առաջարկել ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակման հետաքննության գործում։

Ռուսաստանի նախագահի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել հարձակումներին «Իսլամական պետության» առնչության թեման։ «Այս հարցը վերաբերում է նախաքննության ընթացքին։ Դա մեկնաբանել մենք չենք կարող, իրավունք չունենք։ Նախաքննությունը շարունակվում է, հարձակման ամբողջական վարկած դեռ գոյություն չունի, բոլոր տեղեկություններն առայժմ նախնական բնույթ են կրում», – ասել է Պեսկովը։

Մակրոնը նաեւ այլ ուշագրավ տեղեկություն հայտնեց այն մասին, որ վերջին շրջանում Ֆրանսիայում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող մի շարք հարձակումներ են կանխվել։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ինքը վստահ է, որ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած հարձակման հետեւում «Իսլամական պետությունն» է։ «Մոսկվայի կողմից Ուկրաինային այս հարձակումների համար մեղադրելը ցինիկ եւ ոչ արդյունավետ պահվածք է»,- շեշտեց Մակրոնը։ Նրա խոսքով՝ Crocus-ում տեղի ունեցած հարձակումից հետո Փարիզը ահաբեկչության դեմ պայքարի հարցում Մոսկվային «ծավալուն օգնություն է» առաջարկել։

Բայց ինչպես ահաբեկչության առաջին իսկ ժամերից էր նկատելի, Մոսկվան ողջ ուժով կենտրոնացած է կատարված ահաբեկչության հիմքում դեպի Ուկրաինա ու Արեւմուտք «թելեր» գտնել:

Դեռեւս տեղին չէ քննարկել Մոսկվայի արձագանքը, եթե հաստատվի Կիեւի մասնակցությունը Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությանը, հիմա հետաքննություն է ընթանում, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին՝ եթե հաստատվի Կիեւի ներգրավվածության փաստը, այն կազդի՞ խաղաղ բանակցություններին՝ Մոսկվայի պատրաստակամության վրա, Պեսկովը պատասխանել է. «Հետաքննություն է ընթանում, «եթե»-ներով խոսելն այժմ տեղին չէ»։

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Մենք գիտենք, որ հանցագործությունը կատարել են ծայրահեղական իսլամիստները, որոնց գաղափարախոսության դեմ դարեր շարունակ պայքարում է հենց իսլամական աշխարհը, սակայն մեզ հետաքրքիր է, թե ովքեր են պատվիրատուները»։ Ինչպես նշել է ՌԴ ղեկավարը, այս ոճրագործությունը «կարող է պարզապես մեկ ազդանշանը լինել նրանց մի շարք փորձերի, ովքեր 2014-ից ի վեր Կիեւի նեոնացիստական ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ»։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները տեսնում են, որ ԱՄՆ-ը, հղում անելով իր հետախուզական տվյալներին, փորձում է համոզել աշխարհին, որ Մոսկվայի ահաբեկչության մեջ Կիեւի հետք չկա: Սակայն, ըստ Ռուսաստանի նախագահի, հետախուզական ծառայությունները պետք է պատասխանեն նաեւ հետեւյալ հարցերին՝ «արդյո՞ք ծայրահեղական իսլամիստները հետաքրքրված են Ռուսաստանին հարվածելով, ինչպե՞ս են նրանք գնացել ահաբեկչության մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում»։

Ինչ է ստացվում… Փաստորեն, անծայրածիր Ռուսաստանում, գերտերությունում որեւէ փորձագետ, քաղաքական գործիչ, մեկնաբան չի կարող հարց բարձրացնել Կրեմլին` Ռուսաստան-Արեւմուտք լարված հարաբերությունների պայմաններում, հրապարակային կոշտ առճակատման ֆոնին արեւմտյան երկրների կողմից Ռուսաստանին արված նախազգուշացումներից հետո պատկան մարմինները ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Ռուսաստանի ներսում, որպեսզի կանխվեն ահաբեկչական հնարավոր գործողությունները: Մոսկվան շփումներ փորձե՞լ է հաստատել նախազգուշացնող երկրների հետ` որպեսզի փորձեն իմանալ ավելին:

Արդյո՞ք արեւմտյան նախազգուշացումները ի սկզբանե համարվել են կեղծ ու անտեսվել են, թե՞ այդ նախազգուշացումների հիմքում եւս «Կիեւի հետքն» է դիտարկվել, եւ ըստ այդմ բացառվել են գոյության իրավունք ունենալու հնարավոր այլ վարկածները` ահաբեկչության կազմակերպիչների, շահագրգիռ կողմերի առումով: Թե՞ այդ նախազգուշացումները ՌԴ-ում դիտարկվել են բացառապես այս ոճի շրջանակներում` «դուք ո՞վ եք, որ մեզ ինչ-որ բան հուշեք կամ նախազգուշացնեք…»:

Իսկ հնարավոր այլ վարկածների տեսանկյունից այս օրերին ուշագրավ տեղեկություններ, մեկնաբանություններ հրապարակվում են հենց ռուսաստանյան տարբեր աղբյուրներում: Սակայն Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների բարձր ու ջերմ մակարդակը հաշվի առնելով` պաշտոնական Մոսկվան գերադասում է այդ թեմաներին առհասարակ չանդրադառնալ:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031