Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը Ռուսաստանին կապող այլընտրանքային ցամաքային ճանապարհ է պետք

Հուլիս 07,2016 18:00

Վրացագետ Ալիկ Էրոյանցը` «Լարսի խնդրի» մասին

– Պարոն Էրոյանց, Լարսի անցակետը կարծես սպառնում է հայ-վրացական հարաբերություններում հիմնական խնդիրներից մեկը դառնալ: Բեռնափոխադրումները դեպի Հայաստան այդ ճանապարհով են իրականացվում, ու ամեն անգամ, հատկապես Հայաստանից մրգի արտահանումների շրջանում, անցակետը տարբեր պատճառներով փակվում է: Չե՞ք կարծում, որ արդեն քաղաքական ենթատեքստ կարելի է տեսնել այս ամենում:

Alik 3-1-1

– Իսկապես «Լարսի խնդիրը» ներկայում հայ-վրացական երկխոսության շրջանակների թերեւս ամենաարդիական հարցերից է, սակայն չեմ կարծում, որ այն որեւէ բացասական երանգ հաղորդի երկկողմ ընդհանուր հարաբերությունների մակարդակին: Ստացվել է այնպես, որ այսօր հայ գործարարները կամ գյուղացիները, ովքեր ներմուծմամբ կամ արտահանմամբ են զբաղված, կամ նույն Դարիալի ճանապարհից օգտվող ճամփորդները, հաճախ լուրջ խնդիրների են բախվում հայ-վրացական սահմանը նշված տարածքով հատելիս: Հարցն անշուշտ նաեւ քաղաքական բնույթի է եւ պահանջում է քաղաքական լուծում նաեւ՝ այն տեսանկյունից, որ անհրաժեշտ է ստեղծել Վրաստանը Ռուսաստանին կապող այլընտրանքային ցամաքային ճանապարհ: Ինչպես տեսանք, Դարիալի ճանապարհին բնական աղետի հետեւանքով երթեւեկության դադարեցման եւ դրանից բխող խնդիրների հետ կապված ակտիվ բանակցություններ էին ծավալվել նաեւ վրացական եւ ռուսական կողմերի հետ՝ Հարավային Օսիայի տարածքը որպես տրանզիտային այլընտրանքային երթուղի գործարկելու նպատակով, իֆչը, սակայն, չէր հաջողվել ռուս-վրացական հարաբերություններում առկա Ցխինվալի կարգավիճակի հետ կապված քաղաքական խնդիրների պատճառով: Այդուհանդերձ, անհրաժեշտ է նշված խնդիրը մշտական ակտիվության դաշտում պահել, Երեւանը պետք է հետեւողական լինի բոլոր շահագրգիռ կողմերին մեկ կարծիքի բերելու հարցում, գուցե միջազգային որեւէ կազմակերպությանը որպես միջնորդ ներգրավելու շնորհիվ նաեւ, որպեսզի այլընտրանքային ցամաքային ճանապարհ գործի:

– Մեկ տարի առաջ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները պայմանավորվեցին դյուրացնել տեղափոխումները մշտական սողանքների հատվածներում «Բարեկամության» կամրջի շինարարությամբ: Առաջընթացներ կա՞ն, պայմանավորվածությունները ե՞րբ գործի կդրվեն, առավել եւս՝ արդյունքները ե՞րբ կլինեն` նկատի ունենալով գոնե Հայաստանի համար հարցի կարեւորությունը:

– Այն, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջկառավարական մակարդակում ակտիվ համագործակցություն է ընթանում, ակնհայտ է. հատկապես ողջունելի է երկու երկրների վարչապետների միջեւ անմիջական շփումների առկայությունը: Ինչպես Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, այնպես էլ գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ունեցած հանդիպումները կամ հեռախոսազրույցներն իրենց դրական արդյունքն ունեցել են. հիշո՞ւմ եք, նախորդ երկու տարիներին նույն Լարս տանող ճանապարհի անցանելիության հետ կապված մի քանի անգամ խնդրին լուծում էր տրվել հենց երկու երկրների կառավարությունների ղեկավարների երկխոսության շնորհիվ: Վերջին դեպքերի հետ կապված ստեղծված իրավիճակում փորձ արվեց գործարկել Սեւ ծովով բեռնափոխադրումներ իրականացնելու տարբերակը, եւ գուցե այսօր Փոթիի նավահանգստով բեռների տեղափոխումը որոշակիորեն թեթեւացնում է արտահանողների հոգսը, սակայն հեռանկարային առումով անհրաժեշտ է այլընտրանքային ցամաքային երթուղի փնտրել:

Իսկ «Բարեկամության կամրջի» շինարարությունը՝ Բագրատաշենի սահմանային տարածքում, որքան տեղյակ եմ՝ ընթացքի մեջ է, եւ այն կառուցվելուց հետո անկասկած զգալիորեն կբարելավվի անցանելիությունը հայ-վրացական սահմանին:

– Արդեն երկու օր է՝ հայտարարվում է, որ Լարսի անցակետը մարդատար մեքենաների համար բացվելու է, բայց հորդառատ անձրեւների պատճառով բացումը կրկին հետաձգվում է: Տարբեր տարբերակներ գործի դրվեցին՝ ե՛ւ մարդկանց, ե՛ւ բեռների փոխադրումը կազմակերպելու համար, բայց 50-ից ավելի ՀՀ քաղաքացիներ, որոնք մեքենաները չեն կարողացել ապահով վայրում կայանել կամ պարզապես հերթ չի հասել, ԱԻՆ-ի ինքնաթիռներով չեն կարողացել գալ Հայաստան: Այս ընթացքում մարդիկ կառավարությունից օբյեկտիվորեն դժգոհում էին: Ինչո՞ւ մեր կառավարությանը չի հաջողվում նման իրավիճակներում «տեր կանգնել» սեփական քաղաքացիներին` բացառելով կամ նվազագույնի հասցնելով դժգոհությունները: Ի դեպ, մամուլում գրվեց, որ որոշ անձինք նույնիսկ «փողով գործ» են հաջողել անել` իրականում տուժած քաղաքացիներին զրկելով իրենց հասանելիք օգնություններից:

– Ստույգ տեղեկությունների չեմ տիրապետում, թե արդյոք քանի հոգի են նշված վայրում մնացել, եւ ով ինչ «գումար է աշխատել», սակայն Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի կառավարությունների համապատասխան գերատեսչությունների կատարած աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ իրականացնել հարյուրավոր մեր հայրենակիցների անվտանգ տեղափոխությունը, նույնիսկ տեսանյութեր հրապարակվեցին լրատվամիջոցներում:
Ճանապարհի վերականգնման մասին տեղեկատվությունը տարածեց վրացական կողմը, ապա եւ ժամկետների հետաձգման մասին կրկին Վրաստանից հաղորդեցին, իսկ պատճառն այն է, որ տվյալ հատվածում վերականգնողական աշխատանքներին խոչընդոտում են անբարենպաստ եղանակային պայմանները, հատկապես հաճախակի հորդառատ անձրեւները եւ հեղեղումները:

Ի դեպ, հավելեմ, որ Դարիալիում ճանապարհի երթեւեկության վերականգնումը կարեւոր է նաեւ Վրաստանի եւ մասնավորապես արտահանմամբ կամ ներմուծմամբ զբաղվող վրացիների համար, ովքեր եւս լուրջ ֆինանսական եւ ժամանակային կորուստներ են կրում Լարսի ճանապարհի փակ լինելու պատճառով: Ուստի չեմ կարծում, որ վրացական կողմն արհեստականորեն ձգձգի ճանապարհի վերաբացումը՝ հատկապես, որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են, եւ Վրաստանի գործող իշխանությունները եւ մասնավորապես կառավարությունը, ըստ տրամաբանության, պետք է ամեն ինչ անեն ընտրողների լրացուցիչ քննադատության թիրախ չդառնալու համար:

 
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

06.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031