Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական օպերացիա Տավուշի բնակչության դեմ

Մայիս 03,2024 10:00

Կրկին անդրադառնամ իշխանական քարոզչության սիրած բառակապակցությանը՝ «5-րդ շարասյուն»: Այդ արտահայտությունը կիրառվում է այն մարդկանց հանդեպ, որոնք երկրի (քաղաքի) ներսում նպաստում են օտարների կողմից սեփական տարածքի զավթմանը: Հենց այդ ձեւով էր 1936 թվականին գեներալ Էմիլիո Մոլան անվանում իր, այսինքն՝ ֆրանկիստների համակիրներին պաշարված Մադրիդում: Բացի սեփական 4 շարասյուններից, գեներալը նկատի ուներ այդ մեկը՝ 5-րդը:

Այլ կերպ ասած, ենթադրվում է, որ նրանք, ովքեր հանուն թշնամու ականազերծում են տարածքը, ոստիկանական գործողություններ են կիրառում տեղի բնակչության եւ բողոքող քաղաքացիների դեմ, մոտեցնում են թշնամու կրակակետերը իրենց երկրի բնակավայրներին, հենց նրանց էլ պետք է կոչել «5-րդ շարասյուն»: Բայց արի ու տես՝ Փաշինյանի «պրոպագանդիստները» շարունակում են այդպես կոչել իրենց շեֆի բոլոր ընդդիմախոսներին:

Պարադոքսը նրանում է, որ այդ ընդդիմախոսները կասկածվում են «Ռուսաստանի ագենտ» լինելու մեջ: Մինչդեռ Տավուշում հայ-ադրբեջանական օպերացիայի հետեւում հստակորեն երեւում են հենց Ռուսաստանի «ականջները»: Կարծում եմ, դա բոլորի համար պետք է, որ պարզ լինի:

…Ուղիղ 33 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսին նույն տարածաշրջանում հայ ոստիկանները հերոսաբար կռվում էին Ադրբեջանում տեղակայված ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի գերակայող ուժերի դեմ: Տասնյակից ավելի ոստիկան զոհվեց:

2024 թվականի մայիսին «հայ» ոստիկանները կռվում են իրենց քաղաքացիների դեմ, եւ, հակառակը՝ ճանապարհ են բացում ադրբեջանական զինված ուժերի համար, որպեսզի դրանց զինծառայողները նշանառության տակ առնեն նույն գյուղերը: Այդ համեմատությունը ցույց է տալիս ոչ միայն ոստիկանության, այլեւ հայ ժողովրդի «էվոլյուցիան»: 1991 թվականի ոստիկանները կամաչեին երեւալ իրենց հարազատների աչքին, եթե այլ կերպ վարվեին: Այսօրվա ոստիկանները կարծում են, որ ամաչելու բան չունեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031