Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանը՝ սոցփաթեթի մասին. «Չմատուցված ծառայությունների համար վճարել են» (Տեսանյութ)

Հուլիս 07,2016 15:40

Այսօր կառավարության նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նիստին որոշված քաղծառայողների համար սոցիալական փաթեթներով հանգստյան բաղադրիչի ժամանակավոր կասեցմանը:

Նախարարի խոսքերով՝ այդ փաթեթում ներառված հանգստյան բաղադրիչից օգտվելու դեպքերում չարաշահումներ են եղել՝ շատ դեպքերում չմատուցված ծառայությունների համար վճարումներ: Թե չարաշահումներն ինչ ծավալի են եղել, նախարարն ասաց, որ նման տվյալների չի տիրապետում:

Նախարարի ներկայացմամբ՝ ուսումնասիրությունները, որոնք սկսվել են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվեն, եւ 2017 թվականի բյուջետային հայտի քննարկման ժամանակ վերջնական որոշում կկայացվի այդ բաղադրիչի վերաբերյալ:

«Խոսքը գնում է այս պահին միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծում համապատասխան միջոցների չնախատեսելու մասին»,-ասաց Ասատրյանը:

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա  նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կասեցնելու մասին:

Աբրահամյանը հանձնարարել է նաեւ էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարություններին՝ սոցփաթեթների հանգստի բաղադրիչները վերամշակել այնպես, որ նվազագույնի հասցվի չարաշահումների հնարավորությունը:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ դեռ վաղ է եզրակացություն անել, թե ինչպիսին կլինեն լուծումները, եւ արդյոք այն անձինք, որոնք չարաշահումների հետ կապ չեն ունեցել, կզրկվե՞ն այդ ծառայությունից. «Ես կարծում եմ՝ լուծումները կլինեն շատ օբյեկտիվ, ճիշտ եւ ելնելով իրավիճակից, որ կան նաեւ պարտաճանաչ օգտվողներ, քաղծառայողներ, եւ բնականաբար, այդ ռեսուրսները, որ հատկացված են սոցիալական փաթեթին, իրենց նպատակին կծառայեն»:

Տարեկան սոցիալական փաթեթի համար պետական բյուջեից, ինչպես ասաց նախարարը, հատկացվում է 10 միլիարդ դրամ, որից օգտվում են շուրջ 100 հազար քաղաքացիներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031